Ô³Õ«Õ¶Õ¥Õ¾Õ¡Õ³Õ¡Õ¼Õ¶ Õ«Õ¶Õ¹Ö„Õ¡Õ¶ Õ·Õ¡Õ¿ Õ§ Õ¥Ö€Õ¤Õ¾Õ¸Ö‚Õ´, Õ¡ÕµÕ¶Ö„Õ¡Õ¶ Õ£Õ«Õ¶Õ¸Ö‚Õ¶ Õ·Õ¡Õ¿ Õ»Õ¸Ö‚Ö€ Õ§ Õ­Õ¡Õ¼Õ¶Õ¡Õ®

Յուրաքանչյուր երկիր ձգտում է ժողովրդավարության ընդունված չափանիշների, որոնք ապահովում են արժանի տեղ համաշխարհային հանրության մեջ։ Ընդ որում, բոլորն էլ այդ չափանիշներին հասնում են աստիճանաբար, որոշակի քայլեր, բարեփոխումներ անելով։ Որովհետեւ ժողովրդավարությունը պահեստում մնացած ապրանք չէ, որ որեւէ մեկը ապակե երկնաքերում կամ խորանարդիկի մեջ նստած որոշի այն «սաղացնել» ինչ–որ երկրի վրա եւ հայտարարի, թե՝ շնորհակալ եղեք, օգնում ենք ձեզ… ժողովրդավարությունը ապրանք չէ, որ հեռուներից ինքնաթիռի մեջ բեռնած, արկղերով կամ նավթամաններով բերեն դատարկեն մի երկրում ու… «բարի քեռի օծվեն… Ժողովրդավարությունն արժեք է, որ ամեն մի պետություն ու ժողովուրդ աստիճանաբար, կամաց–կամաց է դարձնում իր կերպարի ու կենցաղի անբաժանելի մասը, որովհետեւ հատկապես գիտակից ու պատմության հարուստ էջեր ունեցող ժողովուրդները հասկանում են, որ ժողովրդավարությունը ուտելիք չէ, որ չտեսի նման վրա հասնեն, ըմբոշխնեն ու միանգամից լիարժեք ժողովրդավար դառնան։ Ժողովրդավարությունը ենթակա չէ զենքի ուժով կամ ապազգային հոգեբանությամբ արտերկրյա եւ տեղական առաքյալների միջոցով ներդրվելու, որովհետեւ այդ դեպքում վերածվում է երկիրը քայքայելու, այլ ոչ թե զարգացնելու տեխնոլոգիայի, ինչին մենք ականատես ենք որոշ՝ արհեստականորեն իբր թե ժողովրդավարացվող երկրներում։
Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն… Սրանք ամենաշատ հոլովվող արտահայտություններն են, որ սովորաբար օգտագործվում են նոր կայացող, հատկապես նախկին խորհրդային ու սոցիալիստական ճամբարի կամ արեւելաեվրոպական երկրների նկատմամբ իրականացվող դաստիարակչական գործընթացներում։ Այո, հենց դաստիարակչական բնույթն է գերիշխում տարաբնույթ առաքելությունների ու բանագնացների բանավոր ու գրավոր գործողություններում՝ բացահայտ ու թաքնված։ Բնականաբար, սովորաբար դրանք նախ առաջարկություններ են, ցանկություններ, հետո հորդորներ, այնուհետեւ պահանջներ եւ այլն։ Եվ այս ամենի մշտական ուղեկիցը մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն արտահայտություններն են, որոնք ընդամենը հիմնական նպատակների քողարկման համար են։
Հետխորհրդային ու արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում իրականացված վերջին իշխանափոխությունները, որոնք, ավելի զրնգուն երեւալու համար, դրանց արտերկրյա սցենարիստների կողմից անվանակոչվել են որպես հեղափոխություններ, իրենց խորքում բնավ էլ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների խնդիր չեն ունեցել, այլ ընդամենը երկրի ղեկավարությունում որոշ քաղաքական գործիչների տեղավորելու նպատակ։ Սա իր հերթին նշանակում է ունենալ իշխանություն, որ ավելի ձեռնտու է այդ իշխանափոխությունների ակունքում ոչ թե կանգնած, այլ նստած սցենարիստներին, ծրագրողներին եւ այս բոլորին ֆինանսապես ապահովողներին։ Ինչ վերաբերում է այդ, այսպես կոչված, հեղափոխության արդյունքում իշխանության եկողներին, ապա, ինչպես մեր գործընկերներից մեկը ասաց, նրանց կյանքի որակի մեջ առանձնապես շատ բան չի փոխվում, քանզի մինչեւ այդ էլ վատ չէին ապրում։ Պարզապես այդ պարագայում պատվիրատուներին ավելի լավ ու արդեն պաշտոնապես ծառայելու հնարավորություն են ստանում, դժբախտաբար, փորձելով ծառա դարձնել նաեւ սեփական երկիրը։
Արդեն այդ արհեստական իշխանափոխությունից հետո է հասարակությունը գլխի ընկնում, որ ժողովրդավարություն ու մարդու իրավունք ասվածը իր համար այդպես էլ մնում են զարգացած երկրներին բնորոշ երեւույթներ, իսկ իրեն ընդամենը օգտագործել են որոշակի աշխարհաքաղաքական խաղերի մեջ խճճված, սեփական արտադրության քաղաքական գործիչները, հասարակական, քաղաքական կազմակերպությունները։ Ի դեպ, նրանք սեփական արտադրության են այնքանով, որ տեղաբնակ են, մինչդեռ մեծ իմաստով նրանք արտերկրյա արտադրանք են, որովհետեւ միջոցներ հատկացնողն ինքն էլ որոշում է իր տրամադրության տակ անցնողի գործելակերպն ու քայլերը։ Եվ այդպես սեփական երկրում քաղաքական գործիչներն ու հասարակական կազմակերպությունները վերածվում են օտարի ձեռքում գործիքների, որոնցով այդ օտարը փորձում է լուծել տվյալ երկրի հարցը, կրկին իբր թե հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընդդեմ կոռուպցիայի եւ այլն։ Այդ սցենարը գործեց Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղըրղզստանում՝ ժողովրդավարության գաղափարի տարածման նպատակով։ Բնական է, որ հեռանկարում նաեւ այլ, հատկապես հետխորհրդային երկրներ են, որոնցում առկա սոցիալ–տնտեսական վիճակը դեռեւս պարարտ հող է ցանկացած որակի սերմեր ցանելու համար։ Խնդիրն այն է, թե այդ երկրներում իշխանություններն ինչպես են պայքարում արատավոր մոլախոտերի դեմ, որոնք իբր թե ժողովրդավարություն են ծլելու, բայց իրականում ոչ մի կապ չունեն դրա դեմ։ Ընդամենը փորձ է արվում մարդկանց ուղեղների մեջ ներարկել, թե ժողովրդավարություն ասվածը միայն մի տեսակ սերմ ունի, եւ ժողովրդավարական հասարակություն կարելի է կառուցել միայն մի օրինակով։ Այս գաղափարները մարդկանց ներարկելու փորձերն արվում են առավելապես հասարակական կազմակերպությունների (տեղական, կամ միջազգային մասնաճյուղեր), հիմնադրամների միջոցով։ Ժողովրդավարություն տարածելու, մարդու իրավունքներ պաշտպանելու, կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ նրանց տրամադրվում են տարաբնույթ դրամաշնորհներ, որոնք իրականում այդ կազմակերպություններին ֆինանսական պարտադրանքներ են՝ գործելու սեփական երկրի դեմ։ Պատահական չէ, որ մի անգամ դրամաշնորհ ստացած կազմակերպությունը առաջադրանքը կատարելու համար կրկին արժանանում է «քեռուց» ֆինանսներ ստանալու բախտին, այսինքն, սովորաբար, դրամաշնորհ նույն աղբյուրից ստանում է նույն հ/կ–ն եւ շարունակում աշխատել իր երկրի դեմ։ Խնդիրն այստեղ չի վերաբերում կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելուն, այլ՝ երկրի դեմ «գործ տալուն», կամ որ նույնն է՝ օտարի ցանկությունը վճարվի կատարելուն, ցանկություն, որ պատվիրատուն ձգտում է իրականություն դարձնել ուրիշին օգտագործելով։
Տարբեր երկրներում այդ նպատակով օգտագործվում է հասարակության որոշակի խավ, որոշակի հատված, առավելապես երիտասարդություն, որը ենթարկվում է անուղղակի մշակման։ Ժողովրդավարության արժեքների ու գաղափարների տարածման, մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ կազմակերպվում են տարբեր սեմինարներ, քննարկումներ, հավաքներ, այսինքն՝ դրամաշնորհով աշխատող տարբեր հ/կներ, հիմնադրամներ, համաձայն ստացած հրահանգների, փորձում են իրականացնել ուղեղների լվացում։ Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ այն աղբյուրները, որտեղից ստացվում են դրամաշնորհները, հնարավոր չէ, որ քաղաքական նպատակների հետ միասին նաեւ փողերի լվացում կատարեն։ Ի վերջո, այսպես կոչված, հեղափոխությունների դրական արդյունքների դեպքում հնարավոր կլինի ֆինանսական միջոցների ավելի ազատ «լվացք անել» տվյալ երկրում, որովհետեւ իշխանությունն արդեն իրենցը կլինի։ Բայց սա՝ ի միջի այլոց։
Վերադառնալով, այսպես կոչված, թրեյնինգներին՝ նշենք, որ դրանք, ըստ էության, փորձեր են՝ պատրաստել կադրեր սեփական նպատակների իրականացման համար։ Որոշակի հ/կ–ներում կամ երիտասարդական կառույցներում ընդգրկվածների համար ֆինանսականից բացի, նաեւ տեսագործնական հրահանգավորումներ են իրականացվում, իսկ հանրահավաքային մյուս զանգվածների համար հիմնական խթանը ֆինանսականն է, որի օժանդակությամբ էլ մարդիկ ստանում են որոշակի դերեր։ Վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրված մի հաղորդման ժամանակ տեսախցիկը բացահայտում էր, թե ինչպես է կատարվում դերաբաշխումն, օրինակ, հանրահավաքների ժամանակ։ Հովանավոր պատրոնների կողմից արդեն իսկ դաստիարակված մի խումբ գործիքներ՝ տարբեր տարիքի, բաժանում էին դերերը՝ երիտասարդներից ով որտեղ պետք է կանգնի, ինչ ցուցապաստառ բռնի, ինչ բղավի, ինչպես գրգռել եւ սադրել իրավապահներին, ինչպես եւ երբ ծափահարել։ Առանձին դեր էր հատկացված կանանց եւ հատկապես տատիկներին՝ ինչպես փորձել սիրաշահել ոստիկաններին, ինչ բառերով վիրավորել, երբ ձայնը գլուխը գցել եւ այլն։ Բնականաբար, սրա համար ծախսվում են միջոցներ, որոնք եթե ուղղակի ճանապարհով ներդրվեին տնտեսության մեջ, շատ ավելի օգտակար կլինեին ե՛ւ երկրի, ե՛ւ ժողովրդի համար։ Սակայն դա չի մտնում «ժողովրդավարության գաղափարը» տարածողների, ի նպաստ «մարդու իրավունքների պաշտպանության գործողների» ծրագրերի մեջ։ Քանզի պառակտված հասարակություն, ներքին անկայուն իրավիճակ ունենալու պարագայում տվյալ երկիրն ինքնին թուլանում է, եւ այդ ժամանակ արտերկրի «բարի քեռին» գալիս է պատրաստակամություն է հայտնում օգնել…

Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/30/619/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: