Nov
29
Հայաստանը 83–րդն է
Filed Under Hayastany Hanrapetutyun daily
Գերազանցելով բոլոր հարեւաններին
Երեկ ՄԱԿ—ի հայաստանյան գրասենյակում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը եւ Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը ներկայացրեցին ՄԱԿ—ի զարգացման ծրագրի 2007—2008 թթ. մարդկային զարգացման զեկույցը։
Մարդկային զարգացման զեկույցի եզրահանգումներն արտացոլել էին նաեւ մարդկային զարգացման համաթիվը, որը մշակված է յուրաքանչյուր երկրում մարդկային զարգացման միջին մակարդակի երկարաժամկետ առաջընթացի գնահատման համար հիմնական երեք տարրերով՝ երկար եւ առողջ կյանք, գիտելիքների մատչելիություն, ընդունելի կենսամակարդակ։ Ըստ այս տարվա զեկույցի՝ Հայաստանի մարդկային զարգացման համաթվի մեծությունը 0,775 է, այսինքն՝ իր վարկանիշով մեր երկիրը 177 երկրների շարքում զբաղեցնում է 83—րդ տեղը։ Մարդկային զարգացման համաթվի վարկանիշով Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանի երկրներից Հայաստանին առավել մոտիկ են Ուկրաինան, Վրաստանը եւ Ադրբեջանը՝ համապատասխանաբար 76, 96 եւ 98 վարկանիշներով, իսկ մյուս հարեւանները՝ Իրանը եւ Թուրքիան, իրենց վարկանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 94—րդ եւ 84—րդ տեղերը։
«Ընդդեմ կլիմայի փոփոխության. մարդկային համերաշխությունը տրոհված աշխարհում» անունը կրող այս տարվա զեկույցը, ըստ բանախոսների, նվիրված է մասնավորապես երկրագնդի վրա օդի միջին ջերմաստիճանի բարձրացմանը, դրա ամայացնող, քայքայիչ հետեւանքներին եւ դրա դեմ ուղղված միջոցառումներ նախաձեռնելու հրատապությանը։
«Մարդկության բարեկեցությունն ու հետագա զարգացումը կախված են աշխարհի առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ իրազեկության հնարավորինս բարձր մակարդակից եւ այդ խնդիրների լուծմանն իրապես միասնաբար անդրադառնալու պատրաստակամությունից»,–ասաց Կոնսուելո Վիդալը։
Նոր զեկույցում ամրագրված է, որ կլիմայի փոփոխությունը այլեւս կանխատեսումների առարկա չէ, այլ շեշտվում է, որ երաշտների եւ ջրհեղեղների, ինչպես նաեւ փոթորիկների վտանգի բարձրացումն արդեն իսկ սահմանափակում է հնարավորությունները եւ խտացնում անհավասարությունը։
Ինչպես նախորդ տարիների զեկույցներում, 2007–2008 թթ. զեկույցում շեշտված է, որ կլիմայի փոփոխությունը ոչ թե զուտ բնապահպանական, այլ համալիր մի երեւույթ է, որը մեծապես վտանգում է մարդկության զարգացումը։
Նշենք, որ 2000–2004 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի կլիմայական աղետներից տուժել է մոտ 262 մլն մարդ, որոնցից 98 տոկոսը՝ զարգացող աշխարհում։ Ջերմաստիճանի՝ 3–4 աստիճանով հետագա բարձրացման արդյունքում ջրհեղեղների պատճառով հնարավոր է 330 մլն մարդկանց մշտապես կամ ժամանակավորապես տեղահանում, երկրի մակերեսի կենդանական աշխարհի 20–30 տոկոսի վերացում, իսկ լրացուցիչ 220–240 մլն մարդիկ կարող են հիվանդանալ մալարիայով, որը յուրաքանչյուր տարի խլում է ավելի քան մեկ մլն մարդու կյանք։
Այս տարվա զեկույցում 2 աստիճանը ամրագրում է այն սահմանագիծը, որից բարձր աճի դեպքում կլիմայի վտանգավոր եւ անշրջելի փոփոխությունը կդառնա անխուսափելի։ Այն նաեւ հիշեցնում է, որ մեզ մնացել է մեկ տասնամյակից էլ պակաս ժամանակ՝ փոխելու մեր ընթացքը եւ սկսելու ապրել ածխաթթվի կայուն համաշխարհային բյուջեի սահմաններում, որը 21—րդ դարի մնացյալ հատվածի համար սահմանվել է CO2—ի արտանետման տարեկան 14,5 գիգատոննայի սահմաններում, այսօր արտանետումները կրկնակի գերազանցում են այս մակարդակը։
Մասնագետները նաեւ անհանգստանում են եւ հայտարարում, որ եթե այս միտումները շարունակվեն, ապա ածխաթթվային բյուջեն կսպառվի արդեն իսկ 2030–ական թվականներին, ինչն այնպիսի գործընթացների սկիզբ կհանդիսանա, որոնք կարող են մինչեւ դարավերջ հանգեցնել ջերմաստիճանի 5 աստիճան կամ ավելի բարձր աճի, որը կնմանվի 10 հազար տարի առաջ տեղի ունեցած վերջին սառցե դարաշրջանից ի վեր կլիմայի փոփոխությանը։
Հայաստանի CO2—ի արտանետման մակարդակը զիջում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մակարդակներին։
Համաձայն կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո իրականացված առաջին ազգային զեկույցի, Հայաստանում 21—րդ դարի ընթացքում ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրանալու սցենարի իրականացմամբ առաջացած հետեւանքների շարքից են ընդհանուր ջրահոսքի կրճատում՝ տարեկան 15—20 տոկոսով, տեղումների կրճատում՝10 տոկոսով, անապատի եւ կիսանապատի տարածքի ընդլայնում՝ 33 տոկոսով, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատում՝ 30 տոկոսով եւ կաթնատու գլխաքանակի կրճատում՝ 28–33 տոկոսով, ինչպես նաեւ բերքի ծավալների կրճատում՝ 8–14 տոկոսով։
Զեկույցում նշված է, որ եթե այսօր միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետման կտրուկ կրճատման ուղղությամբ, հարմարեցման միջոցառումների գծով տարեկան ընդհանուր ծախսերը 2015 թ. կարող են հասնել 86 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը զարգացած երկրների ՀՆԱ—ի մոտ 0,2 տոկոսն է կազմում։
«Կլիմայի փոփոխությունը համաշխարհային հենց այնպիսի խնդիրներից է, որոնց անդրադառնալու համար ՄԱԿ—ը համարվում է առավել համահունչ կառույց»,–ասաց տկն Վիդալը, հավելելով, որ այդ իսկ պատճառով իրենք նախաձեռնել են հետազոտություն իրականացնել Հայաստանում կլիմայի փոփոխությունից տնտեսության հնարավոր կորուստների հաշվարկման վերաբերյալ։
Գալուստ ՆԱՆՅԱՆ
***
Զարգացման միջին մակարդակ ունեցող երկրների ցուցակում տեղ են գրավել նաեւ Ղազախստանը (73), Թուրքմենստանը (109), Մոլդովան (111), Ուզբեկստանը (113), Ղրղըզստանը (116) եւ Տաջիկստանը (122)։
Բելառուսը եւ Ռուսաստանը տեղ են զբաղեցրել մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում։ Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 64—րդ եւ 67—րդ տեղերը։
Ըստ մարդկային զարգացման մակարդակի՝ վարկանիշի ցուցակը գլխավորել են Նորվեգիան եւ Իսլանդիան։
Մարդկային զարգացման ամենացածր մակարդակ ունեցող երկրների թվում են՝ Սիեռա Լեոնեն, Բուրկինա Ֆասոն, Գվինեա Բիսաուն եւ Նիգերը։
Այսպիսով՝ մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների ցուցակում տեղ են զբաղեցրել 69 երկիր, 88 երկիր գտնվում են զարգացման միջին մակարդակ ունեցողների ցուցակում։ 17 պետություն, որոնց վերաբերյալ չի հաջողվել բավականաչափ վիճակագրական տվյալներ հավաքել, ընդհանրապես որեւէ ցուցակ չեն մտել։ Դրանց թվում են՝ Իրաքը, Սոմալին եւ Աֆղանստանը։
Source: http://www.hhpress.am
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2007/11/29/610/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
