40 տարի առաջ հիմնադրվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

1967 թ. նոյեմբերի 29—ին հանդիսավորությամբ բացվեց Ծիծեռնակաբերդի՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։ Արդեն 40 տարի հայ ժողովրդի հավաքական վշտի խորհրդանիշն ընդունում է Հայաստանի ու սփյուռքի հայությանն ու մեր երկրի հյուրերին, ովքեր գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Համալիրի ստեղծման 40–ամյակի կապակցությամբ երեկ Երեւանում աշխատանքներն սկսեց երկօրյա միջազգային գիտաժողովը՝ «Հիշողությունից՝ հիշատակում» խորագրով։
Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ հուշահամալիրը միայն հարգանքի տուրք չէ մարդկության պատմության մեջ կատարված ամենից զարհուրելի ոճրագործությանը զոհ դարձած միլիոնավոր մարդկանց հիշատակին, դա նաեւ հուշարձան է ժողովրդի հիշողության համար։ «Ողբերգական իրադարձություններից հետո տասնամյակներ ու ժողովրդի ցասումը պահանջվեց նման հուշարձան կառուցելու համար, ինչը ցույց տվեց, որ ժողովրդի հիշողությունն անմար է»,–ասաց նա՝ նկատելով, որ հուշարձանը ցույց տվեց բոլորին, որ, ի վերջո, ստիպված են ընդունել կատարվածը։
Ըստ նրա՝ հուշարձանը խորհրդանշում է երկու կարեւոր գաղափար՝ խոնարհում զոհվածների հիշատակին եւ վերածնունդ ու զարգացում։ ԱԺ նախագահը երախտագիտություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ում ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել համալիրը՝ մարդկանց, ովքեր 1965թ. բարձրացրին իրենց բողոքի ձայնը, մարդկանց, ովքեր իրենց քրտինքն են խառնել ցեմենտին՝ կառուցելու համալիրը, նախագծողներին, այն տարիների իշխանավորներին։
«Հորինվածքի խարիսխը պատվանդանն է, որը ներկայացված է իբրեւ հսկայաչափ մի տապան՝ նվիրված բազում եւ անշիրիմ նահատակների հիշատակին։ Եվ քանի դեռ վերքն սպիացած չէ, մխում է ցայսօր, տապանի կուրծքը ճեղքվել է, պայթել ու բացել իր առջեւ մի վիհ, մի անդունդ՝ լեցուն տառապյալ հոգիների հուսահատ կանչերով, տագնապի ղողանջով, հոգեւոր մեղեդիով»,–պատկերավոր ներկայացրեց կառույցի համահեղինակ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ նկատելով, որ հուշարձանը զուտ զգայական մտածելակերպի արդյունք է։
Նրա խոսքերով, համալիրի հաջորդ բաղադրիչը հուշասյունն է, կենաց կամքի ու վերածննդի խորհրդանիշը։ Այն երկտարր է, ներկայացված է իբրեւ մի ծիլ, բուսական ցողուն, որ կամակոր ուժով ճեղքել է տապանի քարակոփ զանգվածն ու սլացել երկինք։ Նա ընդգծեց, որ սխալ է տարածված տեսակետը, թե 12 հատվածները խորհրդանշում են Արեւմտյան Հայաստանի նահանգները։ «Ամեն ինչն ստեղծվել է երկրաչափական ներդաշնակության մեջ»,–նկատեց ճարտարապետը։
Տեղեկացնենք, որ Ծիծեռնակաբերդի՝ Մեծ եղեռնի հուշահամալիրի նախագծումն ու շինարարությունն ընթացել են հիմնականում 1965—67 թթ., երբ կառուցվել են տապանը, դամբարանը եւ հուշասյունը։ Աշխատանքներն ընդմիջումներով շարունակվել են 1968 թ. հուշապատի կառուցմամբ, 1975թ. բարեկարգվել է շրջակա տարածքը, կառուցվել են զբոսուղիների, իսկ 1995 թ. ստեղծվել է թանգարանային մասնաշենքը։
Ս. Քալաշյանը հիշում է այն տարիների հիմնական դժվարությունը, երբ փորձում էին այնպես անել, որ ծախսված գումարը շատ մեծ չդիտվի խորհրդային իշխանության կողմից։ Խոսքը 300 հազար ռուբլու մասին է՝ համալիրի կառուցման եւ նույնքան էլ՝ տարածքի բարեկարգման համար։ Իսկ այն հարցին, թե ո՞րն է իրենց ստեղծած համալիրի ազդեցիկության գաղտնիքը, ճարտարապետը պատասխանեց. «Հոգեւոր անկեղծությունը, որով արեցինք այդ գործը»։ Նա խոստովանեց, որ այն ժամանակ իրենք չէին էլ կասկածում, որ հուշարձանը համաժողովրդական սգո երթի վայր է դառնալու։ Կառույցի մյուս հեղինակ Արթուր Թարխանյանը կյանքից հեռացել է մի քանի տարի առաջ։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահության եւ գիտական հանրության անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ բացի հիշատակի վայր լինելուց, ցեղասպանության թանգարան—ինստիտուտում նաեւ կատարվում են ուսումնասիրություններ պատմական այդ շրջանի ու ողբերգական իրողությունների թեմաներով։ Նրա կարծիքով, ցեղասպանության թանգարան—ինստիտուտի առջեւ այսօր ծառացել են նոր խնդիրներ՝ կապված միջազգային ճանաչման, ինչպես նաեւ ժամանակակից չափանիշներին համապատասխան ցուցադրության կազմակերպման հետ։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաեւ նորվեգացի հումանիստ Բոդիլ Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը։ Բոդիլ Բյորնը մինչեւ ցեղասպանությունը եւ այդ տարիներին միսիոներական առաքելության կազմում գտնվում էր Մուշում։ Իր լուսանկարչական խցիկով նորվեգուհին բազմաթիվ լուսանկարներ է արել հայկական քաղաքում մինչեւ ցեղասպանությունը եւ դրանից հետո։ Նրա լուսանկարներն այսօր պատմության համր վկաներ են։ Բոդիլը նաեւ մեծ օգնություն է ցուցաբերել անտուն մնացած հայ որբերին։ Նրա թոռան խոսքերով, իրեն է մնացել դարասկզբին հայկական Մուշ քաղաքում կատարված փաստերի մասին մեծ ժառանգություն։
Գիտաժողովի բացումից հետո հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի կողմից ոսկե մեդալների արժանացան հուշահամալիրի համահեղինակ ճարտարապետները, երկար տարիներ թանգարան—ինստիտուտի տնօրեն եղած Լավրենտի Բարսեղյանը եւ թանգարանի էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը։ Մասնակիցներին ներկայացվեցին 40 տարվա վաղեմություն ունեցող վավերագրական կադրեր, թե ինչպես է կառուցվել Ծիծեռնակաբերդը, ինչ հոծ բազմություն եւ ինչպիսի տրամադրությամբ է հավաքվել բացման արարողության ժամանակ։
ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի համոզմամբ, խորհրդային պետությունը, թույլ տալով, չխոչընդոտելով հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցմանը, փաստորեն, ճանաչել է դարասկզբին կատարված ոճրագործությունը։ Բացի այդ, աշխարհասփյուռ հայությանը դիտարկելով որպես խորհրդային կոմունիստական գաղափարախոսության պոտենցիալ տարածող, խորհրդային իշխանությունը ցանկանում էր այդպիսով շահել սփյուռքի բարեհաճությունը։ Նա հիշեց, որ համայն հայության եւ այն տարիներին պետության ղեկավարության համակրանքը շահած նախագիծն իր պարզության շնորհիվ՝ եղեռն ու վերածնունդ, երրորդ տեղից բարձրացավ առաջին տեղն ու մի քանի տարուց դարձավ իրականություն։
Բեռլինի Հումբոլդտի համալսարանի եվրոպական ազգաբանության ֆակուլտետը ներկայացնող Ցիպիլմա Դարիեւան «Լռությունից բարձրաձայնում. կորստի հիշողությունը եւ հիշատակումը» թեմայով զեկուցման մեջ խոսեց այն մասին, թե ինչպես է ցեղասպանության նկատմամբ հայերի դիրքորոշումը, լուռ կեցվածքը փոխվել։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 1999 թվականի ապրիլից հայ երիտասարդներն արդեն ավանդաբար ջահերով երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Ըստ նրա՝ ցեղասպանության հիշատակումն սկսել է ավելի բարձրաձայնված ձեւ ստանալ։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր «Սպորտը եւ մրցակցող ազգայնականությունը օսմանյան կայսրությունում 20—րդ դարի սկզբին. մոռացված հիշողություն» թեմայով զեկուցման մեջ նշեց, որ հայկական սպորտի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում անցյալ դարասկզբին օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայ բնակչության շրջանում սպորտի եւ մարմնամարզության նկատմամբ հետաքրքրության առաջացումը եւ դրա շուրջ քարոզչական աշխատանքը, ինչպես հասարակական ակտիվության, այնպես էլ հրատարակչական աշխատանքի միջոցով։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո սահմանադրական շարժման եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ կարճատեւ լոյալ դիրքորոշումը դրսեւորվեց նաեւ ազգային փոքրամասնությունների շրջանում սպորտային կյանքի աշխուժացման գործում։ «Թուրքական աղբյուրների մեծ մասը որեւէ անդրադարձ չեն կատարում թուրքական սպորտի ձեւավորման եւ զարգացման գործում հայերի ունեցած դերին»,–նկատեց նա՝ նման լռության պատճառը համարելով թուրքական ազգայնականության, ազգայնական պատմագրության եւ թուրքական պետական ավանդույթներին խիստ բնորոշ «մոռացությունը»։
Բանախոսը տեղեկացրեց, որ Շավարշ Քրիսյանի կողմից հրատարակվող «Մարմնամարզ» հանդեսն այն ժամանակ յուրօրինակ երեւույթ է դարձել արեւմտահայ կյանքում։ «Այն դարձավ ժամանակակից բարքերի եւ տրամադրությունների յուրօրինակ արտահայտիչը՝ միաժամանակ հանդես գալով հայկական սպորտային ազգայնականության դրոշակակրի դիրքերից»,–ասաց նա։ Հանդեսը կարեւոր է համարել նաեւ կանանց ներգրավվածությունը սպորտային կյանքում՝ դա համարելով առողջ սերնդի դաստիարակման գրավականը։
Հ. Դեմոյանի ներկայացմամբ, 1915 թ. սպորտային ակումբներ են ստեղծվել Կ. Պոլսում, Իզմիրում, Սամսունում, Սասունում, Զեյթունում, Վանում, Հաճընում, Սեբաստիայում, Ադանայում, Գոնիայում եւ այլ տեղերում։ Նույն շրջանում երիտթուրքերի առաջնորդների նախաձեռնությամբ ստեղծվել են թուրքական մարզական ակումբներ ու միություններ, որոնց առջեւ խնդիր էր դրված գերազանցության հասնել այս ոլորտում տիրապետող դիրք ունեցող ազգային փոքրամասնությունների (հայերի, հույների) համանման կառույցների նկատմամբ։ «Այդպիսի թուրքական ակումբների ստեղծումը դիտվում էր խիստ կարեւոր թուրքականության գաղափարների ամրապնդման եւ փոքրամասնությունների «սպորտային հաջողությունների դեմ պայքարելու առումով»,–բացատրեց նա։ Ըստ գիտնականի՝ թուրքական ազգային ինքնության, ինքնասիրության վարկանիշի նկատմամբ լուրջ մարտահրավեր դիտվեց երկու հայ մարզիկների՝ Վահրամ Փափազյանի եւ Մկրտիչ Մկրյանի մասնակցությունը 1912թ. Ստոկհոլմում կայացած օլիմպիական խաղերին՝ որպես օսմանյան կայսրության ներկայացուցիչներ։ Երիտթուրքական հեղափոխությունից հետո սպորտային մրցակցությունը վերածվեց ազգային խմբերի նկատմամբ անհանդուրժողականության լրացուցիչ գործոնի։ Հարկ է նշել, որ 1915—1932 թթ. իրագործված ցեղասպանության զոհ դարձան նաեւ բազմաթիվ հայ մարզիկներ, այդ թվում «Մարմնամարզ» հանդեսի խմբագիր Շ. Քրիսյանը։
ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտը ներկայացնող Հարություն Մարությանը դիտարկել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր ամենամյա քայլերթերը՝ ծաղկեպսակներ ու ծաղիկները դնելը, մարդկանց պահվածքը սգո թափորում, հայ—ադրբեջանական սահմանային կռիվների զոհերին հուշահամալիրի մերձակայքում հուղարկավորելը, հավերժական կրակի մոտ երդումներ տալը, եւ եկել այն եզրահանգման, որ ապրիլքսանչորսյան սգո հանդեսում միավորվում են հիշողությունն ու ազգային ծիսակարգը՝ վերածվելով նախնիների պաշտամունքի յուրատեսակ դրսեւորման։
Գիտաժողովն այսօր կշարունակի աշխատանքները։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/28/598/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv