Nov
27
Հայրենիքի պաշտպանությունը բոլորի իրավունքն ու պարտականությունն է
Filed Under Uncategorized
ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 50 տարեկան
«Նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Բոլորի իրավունքն ու պարտականությունն է։ Զարմանալին այն չէ, որ մեկը կգա, զարմանալին այն է, որ շատ հայեր չեն եկել։ Շատ կուզենայի, որ թե՛ Հայաստանից, թե սփյուռքից շատ հայեր գային»,–սա էր Արցախի ազատագրական պայքարին զինվորագրված հայորդու՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) խորին համոզմունքը։ Նոյեմբերի 25—ին նա կդառնար 50 տարեկան։
Մոնթեն արցախյան ազատամարտին զինվորագրվել է 1990 թվականին՝ Շահումյանի շրջանից, խիզախության ու արդարամտության շնորհիվ ամիսներ անց նա դարձել է Մարտունու ինքնապաշտպանական շրջանի ջոկատների հրամանատար։ Նա իր զինակիցներին հաղթանակի է առաջնորդել Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի ճակատներում եւ զոհվել 1993 թվականի հունիսի 12—ին։
Հայ ժողովրդի քաջարի զավակի հոբելյանը նշանավորվեց մի շարք միջոցառումներով։ Կիրակի օրը պետական ու պաշտոնական այրերն այցելեցին Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած հայորդիների հիշատակին։ Այնուհետեւ մայրաքաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց ազգային հերոսի անունով, ինչի մասին ազդարարեց հանդիսավորությամբ բացված հուշատախտակը։ Ի դեպ, Մոնթե Մելքոնյանի անունն է կրում նաեւ ՀՀ ՊՆ ռազմամարզական վարժարանը։ Միջնակարգ ուսումնական հաստատությունում բացվեց նաեւ Մ. Մելքոնյանի թանգարանը։
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում բացվեց Մոնթե Մելքոնյանի պղնձաձույլ կիսանդրին՝ շուրջ 2,5 բարձրություն ունեցող բազալտե պատվանդանի վրա։ Քանդակագործ Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ փորձ է արել արտահայտել նրա լավ հրամանատար լինելը՝ շեշտադրելով խորիմաստ հայացքը, հեռահար մտածողությունը, իսկ հեռադիտակը խորհրդանշում է նրա՝ միշտ եւ շուտ հեռուն տեսնելու եւ հայրենի հողը պաշտպանելու կարողությունը, դեպի հեռուն ուղղված հայացքը՝ չիրականացած նպատակները։ Ստեղծագործության վրա աշխատել են նաեւ քանդակագործ Սեյրան Ալոյանը, ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։
Կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ կառավարության անդամներ՝ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Կիսանդրին օրհնեց Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Արարողությունը եզրափակվեց զինվորական հանդիսավոր քայլերթով։
«Ես չեմ չափազանցնում՝ եթե մենք ունենայինք Մոնթեի նման գոնե մեկ տասնյակ զինվորներ ու հրամանատարներ, մեր պատերազմը բոլորովին այլ տեսակի կլիներ։ Ես սրանով որեւէ մեկի դերը չեմ նվազեցնում։ Անկասկած, շատ ավելի շատ քաջության ցուցաբերած զինվորներ ու հրամանատարներ ունենք, քան Մոնթեն, շատ ավելի համեստ, ռազմական գործը շատ ավելի լավ իմացողներ ունեինք, բայց որ մի մարդու մեջ այդ ամենը խտացված լիներ… Այ, սա է Մոնթեի մեծությունը։ Իրոք, նա մեծ զինվոր ու, անշուշտ, հրամանատար էր»,–ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը՝ վերահաստատելով, որ ավելի գաղափարական մարդ ինքը երբեք չի տեսել։ «Իրոք, նվիրված էր գաղափարին ու հողին»,–շեշտեց նա՝ ավելացնելով, որ Մոնթեն արդարամիտ էր, համեստ, բայց անհրաժեշտության պահին շատ խիստ, նույնիսկ դաժանության հասնող խստություն ուներ, բայց այդ խստությունը հավասարապես վերաբերում էր ինչպես իրեն, այնպես էլ ուրիշներին։ Ս. Սարգսյանի մեջ տարիների խորքից տպավորվել է այն, որ Մոնթեն երբեք չէր բաժանվում իր ինքնաձիգից. անգամ ճաշելիս ու քնելիս այն ուղեկցել է իրեն։ «Չեմ հիշում որեւէ դեպք, որ Մոնթեն առանց զենքի լիներ»,–հիշեց նա։
ՀՀ պաշտանության նախարար Միքայել Հարությունյանի խոսքերով, Մոնթե Մելքոնյանի ծննդյան, հիշատակի օրը ավելի է համախմբում ու միավորում հայերին։ «50 տարի առաջ Մոնթեն աշխարհ է եկել հեռավոր Ամերիկայում, բայց փոքրուց որոնել է իր հայրենի արմատները։ Երբ արդեն գիտեր Հայաստանի մասին, ցանկացավ իմանալ ավելին՝ որպես գիտնական, իսկ երբ վտանգվեց հայրենիքը, նա արդեն նվիրյալ զինվոր դարձավ»,–ասաց նա։ Վկայակոչելով Մոնթի խոսքերը՝ նախարարը նշեց, որ նախնիներից ժառանգած հողը մեծ գործերով է հայրենիք դառնում, իսկ հայը ստիպված նախ պետք է զինվոր լինի, ապա նոր միայն գիտնական, բժիշկ, հողագործ կամ ուսուցիչ։ Հայրենիքից հեռու այսպես է նա մտածել՝ հոգում կրելով հայրենիքին ծառայեու վեհ գաղափարը։ «Նա փառքի չէր ձգտում, զգում ու հասկանում էր մեծագույն վտանգը. եթե կորցնենք Արցախը, ապա կթերթենք մեր պատմության վերջին էջը,–ասաց Մ. Հարությունյանը։–Այսօր մեծ հայորդու հիշատակը հավերժանում է նաեւ այս կիսանդրու բացումով։ «Հաղթանակ» զբոսայգում ապագա սերունդները գլուխ կխոնարհեն մեծ նվիրյալի հիշատակի առջեւ։ Փա՜ռք Մոնթե Մելքոնյանին»,–եզրափակեց Մ. Հարությունյանը։
Նախարարը նույնպես հուշեր ունի. «Չէր վախենում։ Ասում էր՝ թուրքի գնդակը չի հասնի ինձ։ Ես հայ եմ, եկել եմ անելու այնքան, ինչքան ամեն մի հայ։ Ես կռվելու եմ մինչեւ այն օրը, երբ Արցախը կլինի անկախ, երբ Հայաստան պետության հողերը թուրքերի ձեռքից ամբողջությամբ կազատագրենք»։
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար գեներալ—լեյտենանտ Մովսես Հակոբյանն Արցախի ազատամարտին, մասնակցել Մարտունու ինքնապաշտպանական շրջանում։ Նա հիշում է, որ սկզբնական շրջանում ջոկատների հրամանատարները դժվարությամբ են Մոնթեին ընկալել որպես հրամանատարի, բայց կարճ ժամանակ անց իր ունակություններով նա կարողացել է շահել վստահությունը՝ ապացուցելով, որ ինքն է հրամանատարը եւ կարող է ղեկավարել։ «Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Մարտունու պաշտպանական շրջանը միակ շրջանն է, որ պատերազմի սկզբից մինչեւ վերջ ոչ մի թիզ հող չի տվել, ազերիները Մարտունու գյուղերը չեն կարողացել մտնել, Մարտունու պաշտպանական շրջանն ազատագրել է տարածքներ»,–տարիների խորքից գնահատեց նա՝ հիշելով, որ Մոնթեն պահանջում էր դպրոցներում չդադարեցնել պարապմունքները։ Գեներալի հիշողության մեջ Մոնթեն մնացել է որպես ծայրաստիճան պարկեշտ, ազնիվ, հարկ եղած դեպքում՝ պահանջկոտ մարդ։ Նրա կողմից պատժված զինվորները չեն նեղացել, քանի որ պատիժն ստացել են «միայն սխալի համար ու հանուն հայրենիքի։ Այն բոլոր դրականը, որ մարդն ունի, Մոնթեն իր մեջ էր կրում։ Եւ ամենից կարեւորն այն էր, որ նա ազգի զինվոր էր»,–վստահ է նա։ Գեներալը նաեւ հիշում է, որ հենց Մոնթեի զոհվելու օրը լուսաբացին նրանք միասին գնացել են ստուգելու կրակակետերը։ Կենդանիների նկատմամբ մեծ սեր տածող Մոնթեն զայրանում է՝ տեսնելով, որ թրթուրավոր ռազմական տեխնիկան անցել է ճանապարհին մնացած օձի վրայով։ Մ. Հակոբյանի պատմելով՝ նա իջել է մեքենայից, վերցրել օձին գետնից ու մի կողմ՝ դեպի դաշտը դրել։ «Նրա հիշատակը միշտ վառ կմնա, եթե նրա արած գործը մենք կարողանանք պահել, պաշտպանել, փոխանցել ապագա սերուդներին»,–համոզված է նա։
Մասնագետները պատահական չեն համարում, որ Շահումյանի շրջանից հետո Մոնթեն նշանակվել է Մարտունու ինքնապաշտպանական շրջանի զորքերի շտաբի պետ, ապա՝ հրամանատար։ Ամենաթույլ պաշտպանված ու խոցելի շրջանում Մոնթեն լիովին արդարացրել է հրամանատարության հույսերը՝ ամրացնելով Արցախի արեւելյան հատվածը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը Մոնթեին համարել է ազատագրական պայքարի ամենավեհ, ոգեղեն, անձնուրաց մարտիկներից մեկը՝ նշելով, որ նա իրեն ենթարկեցրել է խելքով ու ազնվությամբ։
«Այսօր մեր պայքարը հասել է մի նոր հանգրվանի, եւ ֆիդայական կռիվն այլեւս բավարար չէ, պարզապես բանակ պետք է կազմվի։ Այս հողերը պահելու համար բանակի ուժն է պետք, Հայաստանի հիմնական խնդիրն ուժեղ բանակն է»,–ասել է Մոնթե Մելքոնյանը՝ համոզված լինելով, որ իր ժողովուրդը զոհ է դարձել մի մեծ անարդարության։
«Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Յենիգոմշյանի խոսքերով, Մոնթեն իր ամբողջ կյանքում սովորել է եւ իր բոլոր գիտելիքները բաժանել իր ընկերներին ու զինվորներին։ Նա սովորեցրել է ամենադժվար պահերին հուսահատության հյուլե անգամ չունենալ, համառությամբ եւ նվիրումով վարակել բոլորին, սովորեցրել է լինել հայրենանվեր, անձնուրաց, համեստ ու պարզ։ Նա նկատեց, որ պետք է շնորհակալություն հայտնել Մոնթեի մորը՝ տիկին Զաբելին, հայ ժողովրդի համար անձնուրաց որդի աշխարհ բերելու ու դաստիարակելու համար։ «Ուզում եմ բոլորի անունից խոստանալ քեզ, Մոնթե, որ կշարունակենք քո ճանապարհը՝ քո համեստությամբ, ազնվությամբ ու նվիրումով»,–եզրափակեց նա։
Մարտական ընկերը՝ Հովսեփ Հակոբյանը, նշեց, որ կատարվել է նրա երազանքների կեսը, իսկ մյուս նպատակները կյանքի է կոչելու նոր սերունդը։
Տեղեկացնենք, որ Ամերիկայում ծնված սփյուռքահայ երիտասարդը սովորել է Կալիֆորնիայի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժնում, ուսումնասիրել է Վանի թագավորության ժամանակաշրջանը՝ ավարտական աշխատանքը պաշտպանելով «Ուրարատական ժայռափոր դամբարանները» թեմայով։ 1978 թվականին նա մեկնել է Լիբանան, ապա՝ Իրան։ Բեյրութում շուրջ երկու տարի մասնակցել է հայկական թաղամասերի պաշտպանությանը՝ հենց այստեղ էլ մարտական գործում թրծվելով ու ստանալով իր մկրտությունը։
Ազգային հերոսի 50—ամյա հոբելյանի միջոցառումները եզրափակվեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հանդիսավոր նիստով, որին ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ—ն, վարչապետ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
«Կցանկանայի ոչ թե խոսքով, այլ աշխատանքով հարգեն ինձ, ոչ թե երդում անեն իմ անունով, այլ գործ անեն»,– ասել է Մոնթե Մելքոնյանը, եւ այս խոսքերը պատգամ են բոլորիս ու ապագա սերունդների համար։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
