Nov
21

Հաստատվեց նախագահի թեկնածուի ինքնաառաջադրման ձեւը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մի քանի որոշումներ կայացրեց, որոնք բխում էին ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններից, որոնք ուժի մեջ մտան երեկ։ Մասնավորապես, հաստատվեց նախագահի թեկնածուի ինքնաառաջադրման ձեւը, որի օրինակները, դեռեւս ուժի մեջ չմտած, վերցրեցին մի շարք լրագրողներ։ ԿԸՀ անդամ Համլետ Աբրահամյանը կատակեց, որ սա կարելի է համարել ինքնաառաջադրվող թեկնածուների առաջին հայտը։
Ընտրական օրենսգրքից, կատարված փոփոխություններով, հանվեցին բոլոր «նախաձեռնող խումբ» եւ «դաշինք» բառերը, քանի որ այսուհետեւ թեկնածուները կարող են կամ կուսակցության կողմից առաջադրվել, կամ ինքնաառաջադրվել։ Վերջին դեպքում միակ պայմանը 80 միլիոն դրամ գրավն է, որն, ի դեպ, թեկնածուն կարող է հետ ստանալ, եթե մինչեւ թեկնածուների գրանցումը հանի իր թեկնածությունը։ Իսկ գրանցումից հետո բոլոր թեկնածուների գրավը, բացի հաղթող թեկնածուից, մնում է պետական բյուջեում։
ԿԸՀ որոշմամբ, թեկնածուներն ստիպված են լինելու ներկայացնել ոչ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլեւ ուրիշ պետության քաղաքացի չլինելու փաստը։ Նրանք այդ մասին համապատասխան նշում պետք է անեն ձեւաթղթում։ Այդ տեղեկությունները ԿԸՀ—ն ակնկալում է նաեւ ոստիկանության անձնագրային վարչությունից՝ աչքի առաջ ունենալով նախորդ փորձը, երբ ստիպված եղավ մերժել Արամ Կարապետյանին՝ նախագահի թեկնածու գրանցելը։
Որոշումներ կայացվեցին ոչ միայն նախագահական ընտրությունների, այլեւ՝ առաջիկա կիրակի սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ կապված։ Սահմանվեցին թեկնածուի (համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի)՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին տեղեկանքների ձեւերը։
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշումներն ուժի մեջ են մտնում արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրվելու հաջորդ օրվանից։ Նա հավաստեց, որ գործընթացը տեղավորվում է ժամկետների մեջ. այսօրվանից թեկնածուները կարող են առաջադրվել՝ հավաքելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Ինքնաառաջադրման դիմումաձեւերը նրանց պետք է տրամադրվեն եռօրյա ժամկետում, այնպես որ, վաղն էլ ուշ չէ դրանք ստանալու համար։
Կրկնակի քվեարկությունը կանխելու նպատակով շրջանառված առաջարկություններին Գ. Ազարյանն արձագանքեց. «Ես ԿԸՀ եւ ընտրական գործընթացները հեշտացնելու կողմնակիցն եմ։ Դա կլինի դրոշմակնիք, մատ կտրել, թե մատի վրա խաչ դնել, միեւնույնն է՝ ստուգում է հանձնաժողովի անդամը։ Դա կարող է ունենալ մեկ նշանակություն՝ դուք ե՛ւս մի անգամ համոզված կլինեք, որ ձեր փոխարեն ոչ ոք չի քվեարկել։ Իսկ որպեսզի համոզված լինեք դրանում, կարող եք բացել միջազգային դիտորդների զեկույցները եւ կարդալ, որ 2005—ից սկսած ոչ մի ընտրության դեպքում չեն արձանագրել, թե ՀՀ—ում քվեարկում են կրկնակի»։
ԿԸՀ—ում տեղեկացանք, որ ընտրությունները դիտարկելու համար արդեն գրանցվել են երեք տեղական հասարակական կազմակերպություն՝ «Ընտրությունը քոնն է», «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն եւ Ազատ հասարակության ինստիտուտ։
Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
