ÔµÖ€Õ¥Õ­Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Õ·Õ­Õ¡Ö€Õ°Õ¡ÕµÕ«Õ¶ Õ­Õ¶Õ¤Õ«Ö€ Õ§

Որքան էլ դառը լինի խոստովանելը, մեր երկրում, ուր ամեն ինչ արվում է, կարծես թե, հանուն երեխաների, ոչ բոլոր երեխաներն են, որ ապահովված են կյանքի, գոյության համար գոնե նվազագույն պայմաններով։ Երբեմն զարմանում ենք, թե մեր իրականության մեջ ինչպես հայտնվեցին մեր ազգային բնութագրին այդքան անհարիր թվացող երեւույթները՝ մուրացիկ, թափառաշրջիկ, անօթեւան, անխնամ, առանց հոգածության մնացած, բռնության ենթարկված, վարքային խնդիրներով եւ այլն։
Մինչդեռ զարմանալու փոխարեն ձեռք մեկնել է հարկավոր։ Սպասել, թե երբ պետությունն այնքան հարուստ կլինի, որ լիովին իր ձեռքը վերցնի նման երեխաների խնամքի գործը, կնշանակի թույլ տալ, որ այդ երեխաների մի ամբողջ սերունդ կյանք մտնի բազում բարդույթներով, հասարակությունից օտարված։ Եվ հասարակությունն ինքն է փորձում կարեկից եւ աջակից լինել նրանց։
2000 թվականից այդպիսի գործունեություն է ծավալում Հայ օգնության ֆոնդի երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնը, որի նպատակը 3–18 տարեկան դժվար վիճակում հայտնված երեխաներին եւ նրանց ընտանիքներին բազմաբնույթ ծառայություններ մատուցելն է։ Այս ընթացքում 1400 երեխայի է ընդունել եւ ժամանակավորապես ապաստան տվել կենտրոնը՝ ունենալով մի շարք այլ հասարակական, միջազգային կազմակերպությունների աջակցությունը եւս։ Սակայն երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ կազմակերպման հիմնախնդիրը լուծելու համար անմիջական աջակցությունը բավարար չէ։ Խնդրի շուրջ հասարակական կարծիքի ձեւավորման, ծառայությունների մատչելիության խնդրի կարգավորման, նոր մոտեցումների որդեգրման, օրենսդրական եւ ընթացակարգային բարեփոխումների իրականացման համար կենտրոնը կարիք ունի հասարակության մեջ հեղինակություն վայելող, խնդրին սրտացավություն ցուցաբերող բարեկամների կարիք։ Այս անհրաժեշտությունից է ծնվել կենտրոնի «Բարեկամների խորհուրդ» ստեղծելու գաղափարը, որը հավանության է արժանացել ՀՀ առաջին տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի կողմից։ Տիկին Քոչարյանը երեկ անձամբ էր մասնակցում խորհրդի ձեւավորման նպատակով ՀՕՖ–ի երեխաների կենտրոնում կազմակերպված հանդիպմանը։ Բայց մինչ խորհրդի ստեղծումը՝ կենտրոնում այս պահին ապաստան գտած 20 երեխաները «բեմ» դուրս եկան՝ իրենց չստացված մանկության տխուր գույները քողարկելու նպատակով։ Երեխաների ելույթը հակասական զգացմունքներ ծնեց հանդիսատեսի մեջ։ Այդ զգացմունքները բառերի վերածեց առաջին տիկինը. «Թե՛ հուզվեցի, թե՛ ուրախացա։ Հուզվեցի՝ երեխաների դառը ճակատագրի համար, ուրախացա՝ կատարվող աշխատանքի համար»։
Ավելի ուշ, խորհրդակցության սեղանի շուրջ տիկին Բելլան իր աջակցությունն առաջարկեց խորհրդի ստեղծման գաղափարին՝ այսպիսի մտահոգությամբ. «Որպեսզի երեխաները հասկանան, որ իրենք մարդ են, ինչպես բոլորը, որ իրենց էլ են սիրում, իրենց մասին հոգում, որ մեծ կյանք չմտնեն վիրավորված հոգով…»։
Կլոր սեղանի շուրջ հավաքված էին արդեն իսկ ենթադրյալ բարեկամները՝ դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահ Նանի Օսկանյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, առողջապահության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, ՀՀ ոստիկանության, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, Քանաքեռ–Զեյթուն համայնքի ղեկավարը եւ այլ անձինք, ովքեր իրենց գործունեության բաղկացուցիչ մասն են համարում դժվար վիճակում հայտնված երեխաներին եւ նրանց ընտանիքներին հնարավոր ձեւերով օգնելը։ «Բարեկամների խորհրդի» ստեղծման անհրաժեշտությունը նախապես արդեն ձեւակերպել էր ՀՕՖ–ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Բագրատ Սարգսյանը։
«Կենտրոնը գործնականում իրականացնում է պետական բարեփոխումները երեխայի պաշտպանության համակարգում։ ՀՕՖ–ը պատրաստակամ է այսուհետ եւս շարունակելու բոլոր այն ծառայությունները, որ այս պահին կան։ Կյանքը նոր հրամայականներ է առաջադրում, եւ դրանք լուծելը մեկ կազմակերպության խնդիր չէ, համազգային խնդիր է։ Եվ աշխատանքի հետագա ծավալման եւ արդյունավետության բարձրացման առումով անհրաժեշտ է նաեւ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, անհատ գործարարների նյութական եւ բարոյական աջակցությունը»,–նշեց Բ. Սարգսյանը։

Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/16/488/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: