Տնտեսական փոխգործակցությանը նոր շունչ տալ է պետքՀամոզված են երկու երկրների վարչապետները

Եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը։ Կառավարությունում երեկ փաստաթղթերի ստորագրումից հետո ՀՀ եւ ԲՀ վարչապետները հանդիպեցին լրագրողներին։
–Բանակցությունները, իմ գնահատմամբ, անցան կառուցողական ու բարի մթնոլորտում,–ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը,–մեր երկու երկրների միջեւ ստորագրվեցին պայմանագրեր, որոնք, կարծում եմ, կխթանեն մեր հարաբերությունները։ Շնորհակալ եմ, որ Բուլղարիայի վարչապետը ներկայացուցչական պատվիրակությամբ է այցելել Հայաստան, սա մեր երկրի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության մասին է խոսում։ Փաստորեն, մեր երկու երկրների միջպետական հարաբերություններում սա Բուլղարիայի վարչապետի առաջին այցն է Հայաստան։ Եվ ես խորապես համոզված եմ, որ այս այցելությունը մեր հարաբերությունների զարգացման համար նոր խթան կլինի։ Մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ, ուստի փոխգործակցությունը աշխուժացնել կարող ենք։
ԲՀ վարչապետ Ս. Ստանիշեւն ընդգծեց, որ իրենց՝ Հայաստան ժամանելու նպատակը երկկողմ հարաբերություններին նոր շարժ հաղորդելն է. «Քաղաքական տեսակետից շատ լավ է ամեն ինչ, շատ աշխույժ։ Հիմա մենք պետք է աշխատենք մշակութային փոխանակման ոլորտում, նաեւ՝ եվրոպական ինտեգրման բնագավառում։ Բուլղարիան եւ Հայաստանը միշտ լավ են հարաբերվել, մթնոլորտը միշտ հիանալի է եղել։
Երկու ազգերի միջեւ կապ կա։ Մեր երկրում ապրում են հայկական ծագում ունեցող Բուլղարիայի 11 հազար քաղաքացիներ։ Այս հանգամանքը կամուրջ է երկու ազգերի միջեւ։ Հայերը մեր երկիր են եկել շատ բարդ ժամանակաշրջանում։ Դա մի շատ դժվարին ու ողբերգական ժամանակ էր նրանց համար։ Նրանք նոր տուն են գտել մեր երկրում։ Ինտեգրված են հասարակական, մշակութային կյանքում։ Ունեն իրենց ներդրումը իմ հայրենիքի հաջողությունների գործում»։
Հիշեցնենք, Բուլղարիան հիմա Եվրամիության լիարժեք անդամ է։ Բուլղարիայի՝ Եվրամիությանն անդամակցելուց հետո ի՞նչ փոփոխություններ են եղել հայ—բուլղարական հարաբերություններում։
Հարցին ի պատասխան Ս. Ստանիշեւը հայտնեց, թե դա (Եվրամիության անդամ լինելը) թույլ է տալիս հայ—բուլղարական հարաբերությունները նոր համապատկերում դիտարկել։
«Բուլղարիան պատրաստակամ է աջակցել Հայաստանին երկկողմ բարեկամական հարաբերությունների շրջանակներում՝ կրթության եւ կադրերի վերապատրաստման բնագավառներում»,–ասաց Ս. Ստանիշեւը։
Նա միաժամանակ հավելեց, թե այդ օգնությունը ՀՆԱ—ի 0.17 տոկոսի չափին պետք է հասնի։ Ու քանի որ հայկական կողմը լուրջ ծրագրեր ունի այս բնագավառներում (կրթական եւ կադրերի), գումարն էլ հավանաբար այս ոլորտներ կուղղվի։
Ինչ վերաբերում է հայ—բուլղարական տնտեսական հարաբերություններին. երկու երկրների վարչապետներն էլ տնտեսական համագործակցության մակարդակը բավարար չհամարեցին։ «Ապրանքաշրջանառության ծավալը մոտ 30 մլն դոլարի է հասնում, որը չի գոհացնում։ Լրջորեն մտածել է պետք։ Մենք փոխգործակցությունը կտրուկ աշխուժացնելու բոլոր հիմքերն ունենք»,–նկատեց Բուլղարիայի վարչապետը։ Նրա խոսքերով, հարաբերություններին նոր որակ հաղորդելն անհրաժեշտ է տարածաշրջանային կայունացման համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն սեւծովյան, այլեւ Այսրկովկասի տարածաշրջանային հատվածին։
Լրացնելով գործընկերոջը՝ Հայաստանի վարչապետը նկատեց, թե համաձայն է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության առկա ծավալը շատ քիչ է՝ ներուժի համեմատ. «Մենք Բուլղարիայից նավթամթերք ենք ներմուծում։ Ապրանքներ ունենք, որ կարող ենք արտահանել։ Գործարար համաժողով հրավիրելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել։
Բայց դա կանենք լուրջ նախապատրաստվելուց հետո։ Եթե հակիրճ ասեմ, ապա իրավիճակը հետեւյալն է. մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու ներուժը շատ է՝ հաշվի առնելով Բուլղարիայում նավահանգիստների առկայությունը»։ Սերժ Սարգսյանը նկատեց նաեւ, թե տնտեսական փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունից զատ, երկու կողմերը միեւնույն ժամանակ ինքնավստահ խոսել են երկու ժողովուրդների ու երկրների դարավոր բարեկամության մասին՝ նշելով, թե «պարտավոր են նոր շունչ տալ դրան»։
Ըստ այդմ, 2008թ. Հայաստանում կանցկացվեն Բուլղարիայի մշակույթի օրեր։
Իր հերթին բուլղարական կողմը տրամադրված է նոր ուժով համագործակցության։ «Մենք Կոսովոյում, Մակեդոնիայում, Սերբիայում, Թուրքիայում լուրջ ներդրումների ծրագրեր ունենք։ Իսկ ինչո՞ւ դա չանել Հայաստանում»,–ամփոփեց Բուլղարիայի վարչապետը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/15/475/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv