ՀՀԿ նոր նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածուՀՀԿ 11—րդ համագումարը Սերժ Սարգսյանին ընտրեց կուսակցության նախագահ եւ առաջադրեց ՀՀ նախագահի թեկնածու

ՀՀԿ 11—րդ համագումարը տեղի ունեցավ նոյեմբերի 10—ին՝ Երեւանի «Դինամո» մարզասրահում։ Համագումարը փակ գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ ընտրեց Սերժ Սարգսյանին, որը պարտավորեցնող համարեց կուսակցության ղեկի ստանձնումը Աշոտ Նավասարդյանից, Վազգեն Սարգսյանից, Անդրանիկ Մարգարյանից հետո. մինչ այդ նրա զբաղեցրած դիրքը՝ խորհրդի նախագահ, վերացվեց կանոնադրական փոփոխությամբ։ Խորհրդի դռնփակ նիստում կուսակցության նախագահի տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանը, Մուշեղ Լալայանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ Գալուստ Սահակյանը։
Կանոնադրական փոփոխություններով հանվեց ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը, խորհրդի կազմը 72—ից ընդլայնվեց՝ ունենալով 100 անդամ եւ ստեղծվեց կուսակցության գործադիր մարմին՝ 13 անդամներով՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Թորոսյան, Հովիկ Աբրահամյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գալուստ Սահակյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան, Հարություն Փամբուկյան, Ռուբեն Թադեւոսյան, Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Դերենիկ Դումանյան, Գագիկ Մինասյան։ Կուսակցության կանոնադրությամբ՝ ՀՀԿ նախագահը համարվում է նաեւ գործադիր մարմնի ղեկավարը։ Նորընտիր խորհուրդը որոշում կայացրեց առաջիկա ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին։
Նա հանդես եկավ ելույթով՝ գծագրելով այն Հայաստանը, որ տեսնում է 5—10 տարի հետո (ելույթը՝ տես էջ 5)։
Համագումարին ներկա էին կուսակցության 650 պատվիրակներ, տարածքային եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդհանուր թվով մոտ 1300 մարդ։ Հրավիրյալների թվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։
Համագումարը սկսվեց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքով, ՀՀ պետական օրհներգով, Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հայտարարված մեկ րոպե լռությամբ։
«Աշխարհի մեջ կա՞ մեկը, որ թերություն չունի,–հարցադրում արեց սրբազանը եւ ինքն էլ պատասխանեց,–չկա՛։ Անցյալում ապագա չկա։ Ներկայո՛ւմ է կառուցվում ապագան»։
Հանրապետականներին ողջունելու էին եկել կոալիցիոն գործընկերնեը։ «Մենք կոալիցիոն հուշագրով պարտավորություն ենք ստանձնել Հայաստանի ապագայի, ժողովրդի անվտանգության եւ մեր երկրի բարգավաճման համար,–ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը,–մենք համոզված ենք, որ մեր վերջին տարիների առաջընթացն ապահոված քաղաքական ուժը պետք է պահպանվի եւ շարունակվի»։ Գ. Ծառուկյանը հիշեցրեց եւ վերահաստատեց հավատարմությունը հուշագրի այն դրույթին, ըստ որի՝ ԲՀԿ—ն պաշտպանելու է ՀՀԿ թեկնածուին։
«Անցյալի ուժերի ակտիվությունը թելադրվում է ռեւանշիստական մղումներով։ Փորձ է արվում մեր երկրի պատմությունը շրջել դեպի հետընթաց։ Հայտարարում ենք, որ պատմության անիվը երբեք չի կարող հետ գլորվել, այն պետք է գլորվի առաջ,–ասաց ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը,–որեւէ քաղաքական ուժ պետք է գիտակցի, որ այլեւս ազգային գաղափարների գերակայությունն այսօր անսասանելի է Հայաստանում»։
Հանրապետականներին ողջունեցին նաեւ արցախյան ազատամարտի բովով անցած բոլոր երեք հասարակական կազմակերպությունները՝ երկարապահ կամավորականների միությունը, «Ազատամարտի վետերաններ» կազմակերպությունը եւ «Ոգու փորձությունը», ինչպես նաեւ «Նիգ—Ապարան» հայրենակցական միությունը, վիրահայերի միությունը։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ներկայացնելով ՀՀԿ խորհրդի հաշվետվությունը, նշեց, որ Հանրապետական կուսակցության անդամների թիվն ավելացել է ավելի քան հինգ անգամ եւ գերազանցում է 135 հազարը։ ՀՀԿ—ն ներկայումս ունի 61 տարածքային կազմակերպություն եւ ավելի քան 1600 սկզբնական կազմակերպություն։ Մինչդեռ 2005թ. վերջին կուսակցությունն ուներ 26 հազար անդամ, 740 սկզբնական կազմակերպություն։ «Մենք չենք տառապում մեծ թվերի պաշտամունքով։ Սակայն միաժամանակ չենք ցանկանում արհեստական խոչընդոտներ ստեղծել կուսակցությանն անդամակցելու ցանկություն ունեցողների ճանապարհին։ Եթե որեւէ մեկին բավարարում է կանոնադրությամբ սահմանված պահանջները, կարող է անդամակցել կուսակցությանը։ Զանգվածային կուսակցությունների դեպքում ավելի է մեծանում սկզբնական եւ տարածքային կազմակերպությունների դերակատարությունը։ Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ միշտ չէ, որ սկզբնական կամ տարածքային կազմակերպություններն իրենց բարձրության վրա են։ Այդ կազմակերպությունները պետք է գլխավորեն մարդիկ, ովքեր առավել հարգանք են վայելում տվյալ բնակավայրում եւ կարող են ազդեցիկ դերակատարություն ունենալ թե ընտրությունների եւ թե ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածներում։ Այդ մարդիկ պետք է լավատեղյակ լինեն իրենց բնակավայրերի խնդիրներին ու հոգսերին, կուսակցության ղեկավար մարմիններին հասցնեն դրանք, բնակիչներին հասցնեն այն ծրագրերն ու պլանները, որոնք նախատեսվում է իրականացնել իրենց բնակավայրերում։ Այս առումով մենք դեռեւս հսկայական ներուժ ունենք թե կուսակցական կառույցների գործունեության արդյունավետության մեծացման, թե մեր կուսակցության նկատմամբ հասարակական կարծիքի բարելավման ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք այդ հնարավորություններն օգտագործել, եւ առաջիկայում կուսակցության հիմնական խնդիրներից մեկը լինելու է կուսակցության կառույցների գործունեության արդյունավետության մեծացմանն ուղղված միջոցառումների ծրագրի մշակումն ու իրագործումը»,–ասաց Տ. Թորոսյանը։ Միաժամանակ, չսպասելով այդ ծրագրի մշակմանը, կուսակցության տարածքային ստորաբաժանումներն իրենք պետք է փորձեն հասկանալ իրենց բնակավայրերի խնդիրները, առաջարկեն լուծումներ։
ՀՀԿ—ն հաջողություններ ունեցել է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Եթե 2005թ. վերջին ՀՀԿ—ն ուներ 427 համայնքների ղեկավարներ, ապա ներկայումս նրանց թիվը 552 է, այսինքն՝ ՀՀ 925 համայնքների 60 տոկոսը։ «Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ այդ համայնքների շարքում են գրեթե բոլոր խոշոր համայնքները, ապա պարզ կդառնա, որ մենք լուրջ անելիքներ ունենք այդ հսկայական ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար»,–նկատեց Տ. Թորոսյանը։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր ելույթում անդրադարձավ կուսակցության ոչ միայն հաջողություններին վերջին տարում, այլեւ՝ «ցավալի կորուստներին». «Մի քանի ամիս առաջ մենք կորցրեցինք մեր կուսակցության նախագահին՝ Անդրանիկ Մարգարյանին, որի բացառիկ դերակատարությունը կուսակցության զարգացման եւ հաջողությունների գործում, երկրի քաղաքական կյանքում դառնալու է ոչ միայն Հանրապետական կուսակցության պատմության փառավոր էջը, այլեւ մեր պատմության նորագույն շրջանի վավերագրերի կարեւոր մասը»։
Տ. Թորոսյանը կարեւորեց, որ կուսակցությունն ամեն անգամ նման հարվածներից հետո շտկում է մեջքը եւ կենսունակության նոր ապացույցներ ներկայացնում. այդպես կարողացան խորհրդարանական վերջին ընտրություններում հասնել լիակատար խորհրդարանական մեծամասնության. «Իհարկե, մենք երբեք չենք հրաժարվել երկրի վիճակի եւ կատարվող իրադարձությունների համար պատասխանատվությունից անգամ այն ժամանակ, երբ խորհրդարանում ունեցել ենք ընդամենը հարաբերական մեծամասնություն եւ յոթ տարի շարունակ ունենալով վարչապետ եւ մի քանի նախարարներ՝ մենք ստիպված էինք ժամանակ առ ժամանակ փոխզիջումների գնալ այլ քաղաքական ուժերի հետ՝ խորհրդարանի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով»։
«Մենք վստահ ենք, որ առաջիկա նախագահական ընտրությունները ոչ թե մեր երկիրը կգլորեն 10 տարի հետ, այլ նոր դուռ կբացեն երկրի զորացման եւ մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքն ապահովելու համար։ Մենք հիանալի հնարավորություններ ունենք խորհրդարանական ընտրություններում կուսակցության շարունակական հաջողությունների համապատկերում ակնկալելու միանգամայն տրամաբանական եւ վստահ հաղթանակ առաջիկա նախագահական ընտրություններում եւս՝ որպես մի նոր հնարավորություն՝ կերտելու մեր երազած Հայաստանը»,–ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ կուսակցության 11—րդ համագումարում ունեցած իր ելույթում։ Նա անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանի՝ վերջին շրջանում ունեցած ելույթներում հնչած մի քանի հարցերի։ «Ելույթների ուսուցողական տոնին, առարկություններ չհանդուրժող որակումներին ու պիտակավորումներին, ինչպես նաեւ սարսափազդու ներկայի եւ անհուսալի ապագայի մասին նկարագրությունների մասին չարժե խոսել, քանզի մեր հասարակությունը հոգնել է թեկուզ եւ ճարտար ձեւակերպված, սակայն անառարկա խոսքից։ Եթե ոմանք հույսը դրել են նրա վրա, որ հասարակությունը կարճ հիշողություն ունի, ապա կարծում եմ կարճ ժամանակ անց հնարավորություն կունենան համոզվելու, որ այս անգամ էլ են սխալվել։ Առիթ է եղել ասելու, որ հոկտեմբերի 27—ի ողբերգության քաղաքական շահարկումը բարոյական չէ։ Իսկ 8 տարի ոչինչ չասելուց հետո, միայն ընտրություններից 3—4 ամիս առաջ նման հայտարարություններ անելը ակնհայտորեն ելույթի հուզական հենքն ու «արատավոր վարչախումբ» ձեւավորելու վերաբերյալ առաջարկվող վարկածի հիմքն ապահովելու նպատակ է հետապնդում»,– ասաց ԱԺ նախագահը։
Այս վարկածի խոցելիությունը, բանախոսի կարծիքով, երեւում է, երբ Լ. Տեր—Պետրոսյանը թվարկում է այնուհետեւ աշխատանքից ազատ արձակված մարդկանց անուններ. «Անգամ կարեւոր չէ, որ այդ մարդիկ աշխատանքից ազատվել են տարբեր ժամանակներում եւ տարբեր հանգամանքների արդյունքում։ Սակայն մի՞թե կարելի է տասնչորս մարդու անուն թվարկել եւ տասնմեկի պարագայում սխալվել։ Այդ ե՞րբ են Լեւոն Բարխուդարյանը, Արմեն Եղիազարյանը, Շահեն Կարամանուկյանը, Լեոնիդ Հակոբյանը, Էդուարդ Սիմոնյանցը, Անդրանիկ Քոչարյանը եւ մյուսները եղել ՀՀԿ կամ ՀԺԿ անդամ։ Նման բան հայտարարելու համար կամ պետք է մոռացած լինել ամեն ինչ, կամ կեղծել»։
Ըստ Տ.Թորոսյանի՝ որեւէ քննադատության չեն դիմանում նաեւ սոցիալ—տնտեսական խնդիրներին վերաբերող «հիմնավորումները»։ Առաջին նախագահն ասում է, որ մեր քաղաքացիներն արտերկրից ստանում են մոտ 2 մլրդ դրամի դրամական օգնություններ եւ դրանց «80 տոկոսը ծախսվում է ներմուծվող ապրանքների սպառման վրա», այսինքն, ըստ Լ. Տեր—Պետրոսյանի, 2 մլրդ դրամ դրամական փոխանցումներից 1 մլրդ 600 մլն դոլարը մեր քաղաքացիները ծախսում են ներմուծվող ապրանքների սպառման վրա։ Վերջին տարվա ընթացքում ներմուծումը կազմել է 2,2 մլրդ դոլար։ Ներմուծված 2,2 մլրդ դոլարի ապրանքներից 312 մլն—ն բաժին է ընկնում թանկարժեք քարերին ու մետաղներին, 305 մլն—ն՝ մեքենաներին ու մեխանիզմներին, 366 մլն—ն՝ հանքահումքային արտադրանքին, 197 մլն—ն վերգետնյա եւ օդային տրանսպորտային միջոցներին։ Ամենամեծ ցանկության դեպքում էլ, ըստ Տ. Թորոսյանի, հնարավոր չէ 1,2 մլրդ դոլար արժողությամբ այս ապրանքները դասել սպառողական ապրանքների շարքին։ Ներմուծվող մյուս ապրանքների մասին անգամ չխոսելով էլ, Տ.Թորոսյանի դիտարկմամբ, ակնհայտ է, որ նախկին նախագահի թվաբանությունը խիստ կաղում է եւ չի կարող հիմք լինել այն հետեւության համար, թե Հայաստանի կյանքում տեղի ունեցած բարելավումները արտաքին դրամական փոխանցումների հետեւանք են։
«Մեկ այլ ցնցող «փաստ»՝ Լ. Տեր—Պետրոսյանի ներկայացմամբ։ Իր ելույթում նա անկախության 1—ին տասնամյակի համար բնորոշ է համարում ազատության, հպարտության, ոգեւորության զգացումը։ Հավանաբար, 1996—ի սեպտեմբերին ցուցարարներն իրենց հպարտությունն ու ոգեւորությունն էին արտահայտում իշխանությունների նկատմամբ եւ վերջիններս էլ նրանց ջերմորեն ողջունելու համար դուրս բերեցին տանկերը»,–նկատեց Տ. Թորոսյանը։ Դեռ ոչինչ, որ առաջին նախագահը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ լուծմանն ուղղված որեւէ քայլ չի առաջարկում, հպանցիկ նշելով, որ մնում է հարցի միայն մեկ լուծում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Ոչինչ, որ չի նշում, որ 10 տարի առաջ ոչ Մինսկի խմբի համանախագահները, ոչ միջազգային կազմակերպություններն անգամ լսել չէին ուզում ինքնորոշման իրավունքի մասին, իսկ վերջին 2—3 տարիներին այն դարձել է կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը եւ ներառվել է միջազգային կազմակերպությունների մի քանի փաստաթղթերում։ Փոխարենը, քամահրանքով խոսում է «Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի կամ ժողովրդական հարցման մասին»։
«Անգամ ոչինչ, որ «վիճակը համարյա անհուսալի է» համարում՝ դա պայմանավորելով Ադրբեջանի դիրքորոշման կարծրացմամբ, կարծես 10 տարի առաջ Ադրբեջանը պատրաստվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ մոռացել է, թե այն ժամանակ ինչպիսին էր մարդկային, ռազմական եւ տնտեսական կարողությունների հարաբերակցությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ու փորձում է որոշ համեմատություններով համոզել, որ խնդիրն ապագա չունի։ Բայց Լ. Տեր—Պետրոսյանի գլուխգործոցը հետեւյալ եզրահանգումն է. «Արցախյան պատերազմում հայկական կողմից ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից Էլչիբելին, Էլչիբելիից Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով»։ Հիրավի, չարությունն ու ատելությունը կործանարար են։ Դժվար էր պատկերացնել, որ արցախյան գոյամարտում մեր ժողովրդի անասելի զրկանքներով ձեռք բերված հաջողությունների ու հաղթանակը կերտած հազարավոր նվիրյալների նկատմամբ այսպիսի արհամարհանք կարող է դրսեւորել նա, ով եղել է երկրի առաջին նախագահը եւ հավակնում է առաջնորդելու այդ նույն ժողովրդին»,–նշեց Տ. Թորոսյանը։

Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/14/456/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv