Երեւանում հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտիեկունասը

Լիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտիեկունասն իր պաշտոնում առաջին անգամ է Հայաստանում, առաջին անգամ է Լիտվայի որեւէ արտգործնախարար ոչ թե տարածաշրջանային այց կատարում, այլ հենց Հայաստան այցելում, եւ վերջապես մեկ ամիս առաջ կայացրած որոշմամբ Երեւանում բացվում է Լիտվայի դեսպանատուն, իսկ Վիլնյուսում կբացվի Հայաստանի դեսպանատունը։
Վերջապես, որովհետեւ Խորհրդային Միությունում ծայր առած ազգային զարթոնքի, անկախական շարժման տարիներից ի վեր Հայաստանը եւ բալթյան երկրները, հատկապես՝ Լիտվան, մեծ աջակցություն են ցույց տվել միմյանց՝ ժողովրդավարական բարեփոխումների, մեծ աշխարհին ինտեգրվելու ճանապարհին։ Հենց այդ ճանապարհի սկզբին էլ՝ 1991—ին, Պետրաս Վայտիեկունասն առաջին անգամ եղել էր Հայաստանում։
Այդ փաստը երեկ հատուկ շեշտեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ լիտվացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում. «Եվ, իրոք, այդ օրվանից Լիտվայի աջակցությունը Հայաստանին եղել է հատկանշական։ Մենք միշտ զգացել ենք մեր թիկունքում նրանց աջակցությունը, ցանկությունը՝ օգնելու Հայաստանին՝ եվրակառույցներում ինտեգրվելու, երկկողմ հարաբերությունների առումով։ Դա եղել է առաջին օրվանից եւ շարունակվում է առ այսօր։ Ես կարծում եմ, որ դեռեւս առավել խորանալու միտումներ ունի, որովհետեւ մեր պետություններն արդեն առավել կայացած են»։
Պետրաս Վայտիեկունասն իր համակրանքն արտահայտեց «երկար պատմությամբ, հազարամյա մշակույթով երկրին»՝ իր հյուրընկալին. «Հայաստանը մոռացված չէ եւ մեկուսացված երկիր չէ, եւ մենք տեսնում ենք նրա եվրոպական ապագան»։
Լիտվան արդեն անդամակցում է Եվրամիությանը եւ ՆԱՏՕ—ին, որոնց հետ հարաբերությունները մենք նոր ենք զարգացնում եւ «սովորելու շատ բան ունենք Լիտվայից», նկատեց ՀՀ ԱԳ նախարարը։ Այդ ասպարեզում փոխգործակցության եւ փոխաջակցության նպատակին էր ուղղված «Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերում համագործակցության մասին» հուշագիրը, որը երեկ Երեւանում ստորագրեցին երկու նախարարները։
«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք շատ ավելի խորքային դարձնել մեր համագործակցությունը»,–հուշագրի ստորագրմանը հաջորդած ասուլիսում ասաց Վ. Օսկանյանը։ Նա խորքային եւ ծավալուն կոչեց նաեւ քիչ առաջ ունեցած երկխոսությունը։
Այդպիսի հարաբերություններին է միտված նաեւ Լիտվայի վարչապետի մոտակա այցը Հայաստան, որտեղ կազմակերպվելու է հայ—լիտվական գործարար համաժողով։ Պ. Վայտիեկունասը նույնպես երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման հույս հայտնեց՝ խոստովանելով. «Մենք բավարարված չենք մեր երկկողմ հարաբերությունների մակարդակով հատկապես տնտեսության բնագավառում։ Տնտեսությունը մեր երկրների, նրանց գործարարների առաջ ավելի շատ հնարավորություններ է բացում»։
Նախարար Վայտիեկունասն իր երկրի անունից խոստացավ փորձագիտական աջակցություն մեր երկրին՝ Եվրամիության չափանիշների կիրառման գործում, աջակցություն եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման հարցում եւ այլն։ Լիտվան երկու սեմինար կկազմակերպի Վիլնյուսում եւ Բրյուսելում՝ նվիրված ԵՀՔ—ին եւ եվրոպական պաշտպանական, անվտանգության չափանիշներին։ Նա հայտարարեց, որ Հայաստանը լավագույնս է կատարում ՆԱՏՕ—ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը։
Լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ է Լիտվայի նախագահը Ադրբեջանի հետ փաստաթղթեր ստորագրում՝ ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը, մի՞թե Լիտվան դա չի համարում խոչընդոտ ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ «Բոլոր տարածաշրջանային երկրները պետք է լուծման հասնեն խաղաղության եւ երկկողմ զիջումների ճանապարհով։ Իհարկե, մենք չենք միջամտում երկրների ներքին գործերին, միայն կարող ենք առաջարկել ձեր երկրին եւ Ադրբեջանին այն փորձառությունը, որ մենք ունենք մեր տարածաշրջանում։ Գիտեք, որ երեք բալթյան երկրները քաղաքական հաջողության օրինակ են։ ՎՈւԱՄ—ի մասին, Ղարաբաղի խնդրի մասին խոսելով երկկողմ հարաբերություններում՝ մենք մեր դիրքորոշումը հիմնում ենք միջազգային օրենքի վրա»,–պատասխանեց Պետրաս Վայտիեկունասը։
Ավելի ուշ նա ավելացրեց, որ ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Լիտվան, կողմ են բանակցությունների ճանապարհով, միջազգային իրավունքի վրա հիմնված լուծման եւ աջակցում են ԵԱՀԿ ջանքերին այս գործում. «Իմ տեսակետով՝ Եվրամիության հետ գործողությունների ծրագրերի իրագործումը նույնպես նպաստավոր կարող է լինել՝ երկրների միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու առումով»։
Լիտվան միշտ նախաձեռնող է եղել Հարավային Կովկասի երկրներին բալթյան երկրների համագործակցության դրական մոդելին մոտեցնելու գործում, ասաց նախարար Օսկանյանը։ Մի ժամանակ առաջ էր քաշվել «3+3» բանաձեւը (բալթյան եւ կովկասյան երկրներ). արդյո՞ք այն դեռեւս կենսունակ գաղափար է՝ «ՀՀ»—ի այս հարցին՝ նախարար Վայտիեկունասը պատասխանեց, որ բալթյան երկրները համագործակցության եզրեր են գտել ամենատարբեր քաղաքական մակարդակներում, որոշ դեպքերում հաջողվել է, որոշ դեպքերում՝ ոչ։ Ուստի օգտակար է համարում այդ գործնական փորձը։
Իսկ Վարդան Օսկանյանն ավելացրեց, որ արտգործնախարարների մակարդակով «3+3»—ի մի քանի հանդիպում եղել է միջազգային հավաքների ընթացքում. «Ես այդ գործընթացը շատ օգտակար եմ համարում եւ հույս ունեմ, որ կշարունակվի։ Ճիշտ է՝ կոնկրետ արդյունքներ դեռեւս չկան, բայց զուտ քննարկումները, փորձի փոխանակումները շատ օգտակար են։ Ուզում եմ հույս հայտնել, որ Լիտվան այդ նախաձեռնությունը կշարունակի»։ Այս խոսքերից հետո լիտվացի նախարարը հայ գործընկերոջը նվիրեց վեց ժողովուրդների հեքիաթների մի ժողովածու, որ պատկերազարդել էին երեխաները։
Թեեւ Պետրաս Վայտիեկունասը, ինչպես ինքը խոստովանեց, ի սկզբանե մտադիր չէր այցելել որեւէ այլ երկիր, բացի Հայաստանից, Վրաստանում այս օրերին կատարվող իրադարձությունների կապակցությամբ այսօր Վանաձորից կմեկնի Թբիլիսի։ Նախօրեին նա Վիլնյուսից հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու հետ եւ Լիտվայի անունից աջակցություն հայտնել վրաց ժողովրդին։
Այս հարցը քննարկվել էր նաեւ Հայաստանի արտգործնախարարի հետ։ «Գաղտնիք չէ, որ Վրաստանի կայունությունը Հայաստանի համար կարեւորագույն խնդիր է։ Վրաստանը մեր հարեւանն է եւ բարեկա՛մ երկիր է, եւ մենք կուզեինք տեսնել կայուն երկիր։ Մոտիկից հետեւում ենք իրադարձություններին, եւ ես միայն կարող եմ հույս հայտնել, որ հնարավոր կլինի շատ կարճ ժամանակում հասնել քաղաքակա՛ն հանգուցալուծման։ Կարծում եմ՝ դա պետք է լինի բոլո՛ր կողմերի նպատակը»,–ասաց Վարդան Օսկանյանը։
Պետրաս Վայտիեկունասը հայտնեց, որ իր երկիրը եւ Եվրամիությունը մտահոգված են Վրաստանում տիրող իրավիճակով եւ իր այցով հստակ ուղերձ է հղվում վրաց ժողովրդին, որ եվրոպական արժեքներն են ճիշտ ապագան։ «ՀՀ»—ի հարցին պատասխանելով՝ Վայտիեկունասն իր թբիլիսյան այցը գնահատեց հետեւյալ կերպ. «Սա Լիտվայի համար առիթ է՝ արձագանքելու Վրաստանում տեղ գտնող նոր իրողություններին եւ ցույց տալու վրաց ժողովրդին, որ նրանք միայնակ չեն, որ Եվրոպայի համար նրանք շատ կարեւոր են»։
Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Երեւան—Բաքու—Երեւան այցից հետո, որ վերջերս կատարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանք որոշակի պատկերացումներ են կազմել կողմերի դիքորոշման վերաբերյալ այն հարցերում, որոնց շուրջ դեռեւս չկա համաձայնություն, ասաց Վարդան Օսկանյանը՝ ենթադրելով, որ այս պահին միջնորդները նոր ձեւակերպումներ են փնտրում՝ կողմերին ներկայացնելու համար։ Ավելի շուտ տեղի կունենան միակողմ հանդիպումներ համանախագահների եւ կողմերի միջեւ։

Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/09/423/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv