Nov
8
Այն կարող է առանցքային դառնալ հայ–ֆիննական համագործակցության համար
Տարիներ առաջ Ֆինլանդիայում ասում էին, թե երկիրն ապրում է անտառով, սակայն դա մինչեւ հանրահայտ «Նոկիա» ընկերության ստեղծումն էր։ Այսօր ընդունված է ասել, Ֆինլանդիան ապրում է «Նոկիայով» (բավական է նշել, որ այսօր այդ երկրում գործազրկությունը, շնորհիվ «Նոկիայի», 18 տոկոսից հասել է 6–ի)։ Եվ դա պատահական չէ, քանի որ համաշխարհային այս ապրանքանիշը դարձել է սկանդինավյան այս երկրի յուրօրինակ այցեքարտը. չնայած «Նոկիան» այժմ մասնաճյուղեր ու գործարաններ ունի աշխարհի շատ երկրներում եւ ունի շուրջ 1 մլրդ սպառող, այդուհանդերձ, այն նախեւառաջ ընկալվում է որպես Ֆինլանդիա, ավելի ճիշտ՝ որպես գիտելիքի կիրառման ու գնահատման ֆիննական փայլուն օրինակ։
Ինչպես հայտնել ենք, պաշտոնական այցով Ֆինլանդիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆինլանդիայի փորձը Հայաստանի համար հետաքրքիր էր համարել, մասնավորապես, այն հանգամանքը նշելով, որ այդ երկիրը հիմնական ներդրումը կատարել է մարդկային ռեսուրսի մեջ՝ արդյունքում դառնալով աշխարհի զարգացած երկրներից մեկը։ Դրա տպավորիչ վկայությունը հենց «Նոկիա» ընկերությունն է, որի՝ Հելսինկիում գտնվող կենտրոն էլ երեկ այցելեց ՀՀ նախագահը։ Այստեղ նրան ներկայացվեցին ընկերության գործունեությունը, նվաճումները, իսկ ցուցասրահում նախագահը ծանոթացավ «Նոկիայի» նոր արտադրատեսակներին։ Մեզ համար դրանց շարքը կարող է դասվել հատուկ հայկական շուկայի համար ստեղծված արտադրանքը. «Նոկիան» պատրաստել է հայերեն տառերով, հայալեզու հեռախոսներ։ Թեեւ, զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տնօրեն Տիգրան Դավթյանի խոսքերով, ֆիննական ընկերությունում այն կարծիքին են, որ այն սարքը, որ մենք ավանդաբար կոչում ենք հեռախոս, այլեւս դադարում է այդպիսին լինել, քանի որ «Նոկիան» այն վերածել է բազմաֆունկցիոնալ մի համակարգի, որն իր մեջ ունի նաեւ հեռախոսի տարր։
Հայաստանը «Նոկիայի» համար առայժմ դիտվում է միայն որպես իր արտադրանքը ներկայացնելու շուկա, սակայն ԶՀԳ տնօրենն այն կարծիքին է, որ հետագայում հնարավոր է նաեւ համագործակցության այլ մոտեցումներ գտնել։ Հատկապես որ շուկաների ու ծավալների տարեկան 20 տոկոս աճ ապահովող այս ընկերությունը գիտելիքի վրա հիմնված տնտեսության ուսանելի օրինակ է։
Հայաստանի նախագահը երեկ հանդիպեց նաեւ ֆինն գործարարների հետ, որոնք ներկայացնում էին ֆիննական հեղինակավոր ընկերություններ։ ԶՀԳ տնօրենի տեղեկացմամբ, նրանց հետաքրքրություններն ու համագործակցության տարրերը ճշգրտելուց հետո ավելի որոշակի ու գործնական քայլ կլինի ֆիննական բիզնես–առաքելության այցը Հայաստան։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինն գործարարների (հիշյալ հանդիպմանը մասնակցող)՝ այդ առաքելությանը մասնակցելու վերաբերյալ, որը, ըստ ամենայնի, կկազմակերպի «Ֆինպրոմ» կազմակերպությունը, որը մեր ԶՀԳ նման մի կառույց է։ Տիգրան Դավթյանի խոսքերով, փորձ է արվում յուրաքանչյուր երկրի հետ ունենալ առանձնահատուկ բիզնես–համագործակցություն, այսինքն՝ համագործակցություն այն ոլորտում, որը բնորոշ է տվյալ երկրին, ինչը ենթադրում է ավելի էական արդյունքներ։
ԶՀԳ տնօրենի եւ ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի՝ Ֆինլանդիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է այն հարցը, թե ինչպես կարելի է խթանել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը, մանավանդ որ առկա ծավալներն այսօր չեն բավարարում ո՛չ հայկական, ո՛չ էլ ֆիննական կողմերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ երկու փուլանոց, այսպես ասած, տնտեսական առաքելություններ ուղղորդելու վերաբերյալ՝ հստակ ուղղվածությամբ։ Հայկական կողմն առաջարկել է, որ գալիք տարվա ընթացքում Ֆինլանդիայից Հայաստան այցելի գործարար խումբ՝ առեւտրային, ներդրումային կամ տնտեսական այլ առաքելությունների տեսքով՝ հստակեցնելու այն ոլորտները, որոնք կարող են օգտակար լինել համագործակցության համար։ «Ուղղորդվածությունը լինելու է դեպի բարձր տեխնոլոգիաները եւ տեխնոպարկերի այն մոդելները, որոնք մենք տեսանք Ֆինլանդիայում»,– ասաց ԶՀԳ տնօրենը, որը շատ տպավորված էր ֆիննական խոշորագույն տեխնոպարկ այցելությունից։ Ֆինլանդիան բավական զարգացած է տեխնոպարկերի առումով։ «Կփորձենք այդ մոդելները տեղափոխել Հայաստան,–ասաց Տ. Դավթյանը։–Ֆինն նախարարի հետ պայմանավորվեցինք, որ նրանց մասնագետները, փորձագետները գան Հայաստան, ներկայացնեն այդ մոդելները։ Դրանից հետո կգան կոնկրետ մարդիկ, ովքեր կարող են այդ մոդելները, այդ բիզնեսը կիրառել Հայաստանում։
Սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ մեկ տարվա ընթացքում կազմակերպել այդ առաքելությունը, հնարավոր է նաեւ գործարար համաժողովի անցկացում»։
Իսկ ի՞նչ հետաքրքրություն ենք մենք ներկայացնում Ֆինլանդիայի համար։ ԶՀԳ տնօրենը կարծում է, որ այդ հարցի պատասխանը կլինի գալիք տարվա ընթացքում. «Մենք հիմա հենց այն փուլում ենք, երբ փորձում ենք միմյանց հետ ճշգրտել մեր հետաքրքրությունները։ Դրանք առնչվում են հեռահաղորդակցությանը, բարձր տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը»։ Ի դեպ, հետաքրքիր է, որ ֆիննական տուրիստական մի ընկերություն արդեն իսկ աշխատում է Հայաստանում եւ հասցրել է նույնիսկ զբոսաշրջիկների խումբ բերել, որոնց մասնավորապես ձգում է կլիմայական տարբերությունը։
Ռոբերտ Քոչարյանի՝ Ֆինլանդիա պաշտոնական այցի տնտեսական մասից վերադառնալով հումանիտար հատված՝ տեղեկացնենք, որ ՀՀ նախագահը երեկ այցելեց ֆինն հայտնի պետական ու ռազմական գործիչ, մարշալ Մաններհեյմի տուն–թանգարան, ինչպես նաեւ «Աթենեում» արվեստի թանգարան։
Երեկ երեկոյան նախագահ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան։
Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հելսինկի–Երեւան
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
