Էներգակենտրոն՝ ԵՊԲՀ–ումԴրա գործարկմանը մասնակցեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում երեկ ազդարարվեց էներգակենտրոնի գործարկումը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բժշկական համալսարանի նորակառույց էներգակենտրոնը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիայով եւ հաստատագրված սակագնով արտադրելու եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն է վաճառելու ժամում 4 մեգավատ էլեկտրաէներգիա։
Ինչպես ամբողջ տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում առաջին անգամ կիրառվող կոգեներացիոն մեթոդով գործող ջերմապահովման կենտրոնում օգտագործվում են ամերիկյան հանրահայտ «Կատերպիլեր» ընկերության սարքավորումները։ Ինչպես լրագրողներին ներկայացրեց բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը, կոգեներացիոն սարքավորումը, էլեկտրաէներգիայի արտադրությանը զուգահեռ, որպես կողմնակի արդյունք թույլ կտա ստանալ 4,6 մեգավատ ջերմային էներգիա։ Վերջինս էլ առանց լրացուցիչ ծախսերի կապահովի բժշկական համալսարանի ուսումնական եւ կլինիկական բոլոր մասնաշենքերի ջեռուցումը։ Բացի այդ, հատուկ սարքավորումները ջերմային էներգիան ամռանը կփոխակերպեն սառը օդի՝ այսպիսով ապահովելով համալսարանի մասնաշենքերի նաեւ օդափոխումն ու հովացումը։
Տեղեկացնենք, որ կոգեներացիոն սարքավորումն ամբողջությամբ ավտոմատացված է։ Մոնտաժման աշխատանքները կատարել է Հայաստանում «Կատերպիլեր»—ի պաշտոնական ներկայացուցիչ «Զեփելին Արմենիա» ընկերությունը։ Էներգակենտրոնի շինարարությունն իրականացրել է «Հորիզոն» կազմակերպությունը։
Երկրի ղեկավարն այցելեց նաեւ բժշկական համալսարանի վարչական շենք, որի առաջին երկու հարկերը նորոգվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Նա բժշկական համալսարանում մասնակցեց ԵՊԲՀ–ի գիտխորհրդի նիստին։
Դրա ավարտից հետո երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ գիտխորհրդի նիստում բուհի ղեկավարությունը նախագահին խնդրել է աջակցել ԵՊԲՀ—ի ուսանողական ավանը վերականգնելու գործում։ Ռ. Քոչարյանը նշել է, որ գրավոր ձեւով իրեն ներկայացվեն անելիքները, առաջարկը՝ բոլոր հիմնավորումներով։ Դրա հետ մեկտեղ կբարձրացվի նաեւ ԵՊԲՀ—ի ուսանողական հանրակացարանի հարցը։ Ըստ Վ. Սողոմոնյանի՝ երկրի ղեկավարը տպավորվել է էներգակենտրոնի հնարավորություններով։ Նա բժշկական համալսարանի նախաձեռնությունն ու կատարած աշխատանքը որակել է ուսանելի՝ նշելով, որ փորձը կարելի է կիրառել նաեւ շատ այլ հաստատություններում, հատկապես որ ե՛ւ տեխնիկան է լավը, ե՛ւ մեթոդը։
Բուհի ռեկտորը տեղեկացրեց, որ իրենց նպատակն է եղել ՀՀ նախագահին ներկայացնել վերջին մեկուկես տարիների ընթացքում կատարված աշխատանքը. նորոգվել են համալսարանի երեք ստոմատոլոգիական կլինիկաները, վեցհարկանի հիվանդանոցը, կառուցել ու հագեցրել են լաբորատորիան, Բոլոնիայի հռչակագրի համապատասխան փոփոխվել են ուսումնական ծրագրերը։ ԵՊԲՀ—ն նախագահի աջակցությունն է խնդրում բժշկական համալսարանի շուրջ՝ Կորյունի փողոցից մինչեւ Շարիմանյան փողոցը, ներառյալ Աբովյանի պուրակը, մանկական հիվանդանոցն ընկած հատվածում ուսանողական ավանի վերականգնման համար։ Ռեկտորի խոսքերով, այդ տարածքը 1995 թվականին հանձնվել է համալսարանին, սակայն վատ տարիների ընթացքում որոշ հատվածներ սեփականաշնորհվել են, որոշ շենքեր փլուզվել։ Այսօր ԵՊԲՀ—ն կարող է այդ շինությունները պահել, բացի այդ, գնալով հրատապ կդառնա նոր մասնաշենք կառուցելու խնդիրը։ Ի դեպ, համալսարանն այսօր ունի 5000 ուսանող, որից 1500–ը արտերկրից են։ Նշված տարածքում ներկայում գտնվող կրպակների եւ այլ շինությունների սեփականատերերին բուհը պատրաստակամ է փոխհատուցում տրամադրել։ Գ. Քյալյանը նշեց, որ միջազգային չափանիշներին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար հարկ է ունենալ ուսումնական կլինիկաներ, որտեղ զուգահեռ կկազմակերպվի ուսանողների պրակտիկ գործունեությունը։ Անդրադառնալով ուսուցման որակի խնդիրներին՝ բուհի ռեկտորը նկատեց, որ Բոլոնիայի հռչակագրի բուն նպատակն էլ հենց կրթության որակի բարելավումն է։ Ժամանակակից լսարաններում ու կլինիկաներում ուսուցում կազմակերպելը, ըստ նրա, նույնպես կնպաստի որակի բարձրացմանը։ Իսկ ընդունելության քննության նշաձողն այս տարի զգալի իջեցնելը, ռեկտորի համոզմամբ, չի կարող ազդել ուսման որակի վրա։ Ամբողջ աշխարհում է ընդունված, որ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տրվում բոլորին։ Նա օրինակ բերեց, որ անցած տարի ընդունված 600 ուսանողից միայն 120–ը արդեն առաջին կուրսում չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը եւ դուրս է մնացել։ «Եթե այսօր մենք որակ չտանք, ապա մեր կադրերը վաղն արդեն ոչ մի տեղ մրցունակ չեն լինի»,–եզրափակեց նա։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/05/379/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv