Տնտեսության մասին պետք է խոսեն մարդիկ, ովքեր գոնե մի քիչ հասկանում են առարկան
Ասում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներքին եւ արտաքին քաղաքականության որոշ հարցերի.
–Չէի՞ք ցանկանա արձագանքել Ազատության հրապարակում հոկտեմբերի 26—ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նախկին նախագահ Լ. Տեր—Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին։ Ի՞նչ վերաբերմունք ունեք այդ ամենի նկատմամբ։
–Ցավալի է, որ Լեւոն Տեր—Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն։ Հենց այդ չարությունը ժամանակին կործանեց ՀՀՇ—ին։ Բովանդակության վերաբերյալ՝ ամբողջ միտքը հետեւյալն էր. այն ժամանակ լավ էր, հիմա վատ է։ Այստեղ, կարծում եմ, որ ժողովուրդը լավ հիշում է, թե կյանքի որակը երբ՝ ինչպիսին էր։ Բայց կա մի շատ պարզ տարբերակ՝ գնահատելու՝ ով ինչպես է աշխատում ընդհանրապես կյանքում, պաշտոնն ստանձնելու պահին ինչ վիճակ է եղել, ինչ է ժառանգել եւ պաշտոնը հանձնելու պահին ինչ վիճակ է ունեցել։ Սա վերաբերում է ե՛ւ գործարանի տնօրենին, եւ՛ ֆերմերային տնտեսության ղեկավարին, ե՛ւ նախագահին, եւ՛ իշխող կուսակցությանը։ ՀՀՇ—ն իշխանությունն ստացավ 1990 թվականի օգոստոսին, այն ժամանակ Հայաստանը դեռ ԽՍՀՄ ամենազարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկն էր եւ ուներ նաեւ բավականին զարգացած գյուղատնտեսություն։ 3—4 տարիների ընթացքում Հայաստանը դարձել էր աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Իհարկե, պարզ է, որ Խորհրդային Միության փլուզման հետ որոշակի կորուստներ պետք է լինեին։ Ես այդ կորուստների ծավալը գնահատում եմ հնարավոր 15—20 տոկոսից ոչ ավելի։ Առաջին երկու—երեք տարիների համեմատ, այդ կորուստները պետք է լրացվեին նոր ծրագրերով ու նոր ներդրումային մոտեցումներ որդեգրելով։ Այդպես եղավ բալթյան երկրներում, Բելառուսում, մասամբ՝ Ուկրաինայում։ Հայաստանում մի քանի տարվա ընթացքում ուղղակի ավերվեց արդյունաբերությունը։ Այսօր կարելի է պարզ ասել հետեւյալը. ստացել են, ըստ էության, նորմալ իրավիճակ եւ ինձ կոնկրետ 1998 թվականին հանձնել են ավերված տնտեսություն, փլուզվող երկիր, մի երկիր, որը միջազգային կառույցների կողմից դասվում էր աշխարհի ամենաաղքատ երկրների շարքը։ Հիմա պետք է համեմատենք, թե ինչ վիճակ ենք ունեցել 1997 թվականին եւ ինչ վիճակ ունենք այսօր։ Այսօրվա բյուջեն նույնն է, մի քիչ էլ ավելի մեծ, քան այն ժամանակվա համախառն ներքին արդյունքը։ Կարծում եմ, որ տնտեսության մասին պետք է խոսեն մարդիկ, ովքեր գոնե մի քիչ հասկանում են առարկան։
–Թույլ տվեք մի հարց էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Դուք մինչեւ մեր երկրում նախագահական ընտրությունները որեւէ լուծում հնարավոր համարո՞ւմ եք։ Նկատի ունեմ՝ վերջնական։
–Ոչ, հնարավոր չեմ համարում եւ չեմ կիսում այն լավատեսությունը, որ այսօր արտահայտում են միջնորդները։ Թեկուզ պետք է նաեւ խոստովանեմ, որ բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա։ Բայց այդ չափի լավատես չեմ՝ ենթադրելու համար, որ մինչեւ նախագահական ընտրությունները կարելի է կոնկրետ արդյունքների հասնել։ Գործընթացը շարունակվում է, դրանում կա ե՛ւ դրականը, եւ բացասականը։ Եթե նայես քննարկվող նախագծին՝ թվում է, թե ինչ—որ ճանապարհ անցել ենք։ Եթե կոնկրետ հողի վրա նայես՝ ինչ է կատարվում Ղարաբաղում, Ադրբեջանում, այն ռազմատենչ հայտարարությունները եւ մոտեցումները, որոնք հնչում են այդ երկրի ղեկավարության կողմից, ապա տպավորությունն այնպիսին է, որ այս երկու պրոցեսն իրար հետ կապ ուղղակի չունեն։ Այդ պատճառով այսօր լավատեսության հիմքերը մեծ չեն։ Սպառնալիքները կան, եւ դրանք պետք է հաշվի առնվեն մեր քաղաքականության մեջ։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/01/344/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv