Oct
20
106—րդ բանաձեւով ԱՄՆ—ը առաջին հերթին կարեւորում է իր պատմությունը
Filed Under Hayastany Hanrapetutyun daily
ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 106—րդ բանաձեւում, որպես պատմական—իրավական փաստաթուղթ, ամենակարեւորն այն է, որ հայոց ցեղասպանության՝ որպես պատմական փաստի ճանաչման խնդիր չի դրված։ Փաստաթղթի բոլոր կետերի հիմնավորումներում հղում է տրվում, թե որ արձանագրություններում, որ փաստաթղթում, որ հայտարարության մեջ ինչ է արձանագրվել։ Այսինքն՝ սրանով ԱՄՆ—ը ո՛չ թե հայ ժողովրդի ցեղասպանությունը դիտում է որպես պատմական փաստ, հայ ժողովրդի պատմությանը վերաբերող խնդիր, այլ այն փոխկապակցում է իր երկրի եւ ժողովրդի պատմության հետ։ Այս կարծիքին է հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նրա համոզմամբ՝ այս կարեւոր թեզը չպետք է դուրս մնա մեր պաշտոնական եւ այլ հայտարարություններից։
«Փաստաթղթով ԱՄՆ—ը առաջին հերթին կարեւորում է իր պատմությունը. վերջին կետում շեշտվում է՝ ԱՄՆ–ի հպարտ պատմությունը՝ հումանիտար միջամտությամբ։ Համաշխարհային պատմության մեջ երբեւէ նման մասշտաբով հումանիտար միջամտություն չէր եղել մինչեւ 1915 թվականը։ Ընդ որում՝ ԱՄՆ–ի օգնությունը շարունակվեց մինչեւ 20—ական թվականները, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացված էր։ Այսինքն, այս փաստաթուղթն ընդունելով՝ ամերիկյան կոնգրեսականներն առաջին հերթին գնահատական կտան սեփական պատմությանը եւ հիշողությանը։ Մենք կարող ենք խոսել հայ—ամերիկյան ժողովուրդների համատեղ կեցության եւ պատմության փոխկապակցվածության մասին՝ այն առումով, որ ԱՄՆ—ը իրականացրեց հումանիտար առաքելություն, եւ ցեղասպանությունից հրաշքով փրկված տասնյակ հազարավոր հայեր հանգրվանեցին ԱՄՆ—ում, եւ այդ երկիրը նրանց համար երկրորդ հայրենիք դարձավ։ Բանաձեւի քննարկման շեշտը չպետք է դնել քաղաքական կողմի վրա, ինչը ցանկանում է թուրքական կողմը։ Ամերիկյան կոնգրեսականները պետք է հասկանան, որ այս բանաձեւով մեծ գնահատական են տալիս սեփական պատմությունն ու հիշողությունը»,–երեկ կայացած ասուլիսում ասաց Հ. Դեմոյանը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի կարծիքով, ամերիկացիները պարտավոր են հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին մտածել հենց իրենց, ոչ թե մեր փրկության համար. «Ես տագնապներ չունեմ, որ ներկայացուցիչների պալատը կարող է չընդունել բանաձեւը. եթե այս անգամ էլ չընդունեն, հուսալքվելու կարիք չկա, բայց մեր ազգային արժանապատվությունը պահելու եւ մեր գործունեությունը համակարգելու համար շատ կարեւոր է, որ մենք շարունակենք պահանջել, որ ԱՄՆ—ը ընդունի հայոց ցեղասպանությունը»։
Հ. Դեմոյանի խոսքով՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման անդառնալի գործընթացն ամենալուրջ վտանգն է, որի հետ Թուրքիան հաշտվել է։ Սա շարունակական գործընթաց է, անկախ նրանից՝ ԱՄՆ–ի Կոնգրեսը կընդունի՞ բանաձեւը, թե՞ ոչ. «Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դա թուրքական պետության համար. առաջին հերթին՝ լուրջ վերաարժեւորում եւ արժեհամակարգի արժեզրկում, հերոսների պսակազերծում, իսկ դա ցանկացած բազմաէթնիկ երկրի համար ամենավտանգավոր գործընթացն է, ԽՍՀՄ փլուզումը՝ դասական օրինակ։ Այսօր փորձում են դատապարտել Թաներ Աքչամին միայն նրա համար, որ թուրքական պետության, թուրք ժողովրդի հիշողության ու պատմության հիմնարար պատմագիտական տեսություններն ու անդրադարձները պետք է վերաարժեւորել, վերաիմաստավորել, իսկ թուրքական կողմը ավելի վտանգավոր մղձավանջ չի կարող պատկերացնել։ Թուրքիան այսօր գնում է դեպի քաղաքակրթական մեկուսացում, երբ ամբողջ աշխարհում այդ մասին կխոսեն բացեիբաց, իսկ աշխարհի մեկ կետում կշարունակեն տաբուի տարբերակով խեղել սեփական սերունդներին։ Այդ սերունդների մոտ խեղված հոգեբանական բարդույթներին մենք ականատես ենք լինում թանգարանում. ես տեսել եմ թանգարանի շոկային ազդեցությունը թուրք երիտասարդ այցելուների վրա, ովքեր սկսում են լաց լինել թանգարանում, գրառումների մատյանում օգտագործում են «ամոթ» բառը»։
Բանաձեւի ընդունումը չի կարող որեւէ հետեւանք թողնել հայ—թուրքական հարաբերությունների վրա։ Հ. Դեմոյանն այս մասին խոսելիս մեջբերեց հանրապետության նախագահի խոսքը՝ քանի դեռ չկան հարաբերություններ, որեւէ հետեւանքի մասին չի կարող խոսք լինել։ Այստեղ եւս խոսքը բարդույթի մասին է. Թուրքիան կարծեցյալ հզոր կարգավիճակով չի կարող տեղի տալ եւ հայկական կողմի հետ երկխոսություն սկսել, բացել սահմանը միայն այն պատճառով, որ ԱՄՆ–ի Կոնգրեսում սկսվում է քննարկումը։
Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am/
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2007/10/20/265/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
