ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18—ին, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, Պենտագոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի հետ։
Զրույցի ընթացքում, նշելով Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, վարչապետը գոհունակություն է հայտնել նաեւ երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության զարգացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի զինված ուժերին շարունակական օգնություն ցուցաբելու համար։
Ռոբերտ Գեյթսն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական կոալիցիայում, ինչպես նաեւ հայկական ուժերի խաղաղարար առաքելությունն Իրաքում։ Կողմերը քննարկել են Իրաքի վերականգնման աշխատանքներում Հայաստանի մասնակցության հետագա ուղիները, անդրադարձել են կոալիցիայի ջանքերը փոխլրացնելու նպատակով Աֆղանստանում հայկական կողմի մասնակցության հնարավորությանը։
Խոսելով հարավկովկասյան երկրներին ամերիկյան ռազմական օգնության հատկացման հարցի շուրջ, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, կարեւորել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակության համաչափության պահպանման խնդիրը։
Ռոբերտ Գեյթսի խնդրանքով վարչապետ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաեւ Հայաստանի կառավարության գործունեությանը, մասնավորապես, իբրեւ ՀՀ կառավարության կողմից ստանձնած երկու հիմնական մարտահրավեր՝ ՀՀ վարչապետն առանձնացրել է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների արդյունավետ շարունակականության ապահովումն ու բնակչության սոցիալական խնդիրների ավելի արագ հաղթահարումը՝ նշելով, որ կառավարությունն ունի բավականաչափ կամք ու հնարավորություններ հասնելու այս նպատակներին։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ վարչապետ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ Հայաստանը մնում է փոխզիջումների միջոցով ԼՂ հիմնահարցի խաղաղ եւ արագ կարգավորման համոզված կողմնակիցը։ Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող քննարկումները եւ երկխոսությունը կտան անհրաժեշտ արդյունք։ Ռոբերտ Գեյթսը մեկ անգամ եւս վերահաստատել է, որ ԱՄՆ–ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցը խաղաղ կարգավորման տանելու ջանքերը։
ԱՄՆ–ի պաշտպանության քարտուղարի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մեկնել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կենտրոնակայան, որտեղ կայացել է Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ։
Զրույցի ընթացքում անդրադառնալով հայ—ամերիկյան տնտեսական համագործակցության խնդրին, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան ծրագրում Հայաստանի ընդգրկումը, որն առավելապես ուղղված է տնտեսական զարգացման խթանմանն ու գյուղական շրջաններում աղքատության կրճատմանը։
Դեսպան Դանիլովիչը խոսել է նոյեմբերին կայանալիք հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կառավարման խորհրդի նիստի մասին, որտեղ քննարկվելու է մասնակից երկրների տարեկան կատարողականները՝ նշելով, որ ըստ նախնական զեկույցի, գրասենյակը դրական է գնահատում Հայաստանի 2007 թվականի կատարողականը։ ՀՀ վարչապետը նկատել է, որ ըստ հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի երկրների զարգացման 2007թ. դասակարգման, Հայաստանն անցել է «ցածր եկամտի երկրից» դեպի «միջին եկամտի երկիր», ինչը Հայաստանին առավել ակտիվ ու հետեւողական աշխատանքի է մղում։ Նա հավելել է, որ 2008 թվականի պետական բյուջեի նախագծում Հայաստանի կառավարությունը հավակնոտ նպատակադրումներ է ամրագրել, ինչի ուղղությամբ կատարվող աշխատանքներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաեւ ՀՄԿ ցուցանիշների վրա։
Ջոն Դանիլովիչը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի առաքելությունը ոչ թե նորանոր երկրներ ընդգրկելն է, այլ արդեն իսկ ընտրված երկրների խնդիրների վրա կենտրոնանալը։ Այս տեսանկյունից նա կարեւորել է իրականացվող ծրագրին զուգահեռ հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի երկրորդ ծրագրի հնարավորության շուրջ աշխատանքը։ Դեսպան Դանիլովիչը նկատել է, որ ԱՄՆ–ի Կոնգրեսը բավական դրական է տրամադրված օրենսդրական փոփոխություն կատարելու հարցում, որը թույլ կտար անդամ երկրներին օգտվել այդ հնարավորությունից։ ՀՀ վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նշված գործընթացին։
Օրվա երկրորդ կեսին Սպիտակ տանը կայացել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ–ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ—ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակ։
Զրույցի ընթացքում նշելով, որ Հայաստան—ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ՀՀ վարչապետն ընդգծել է այդ հարաբերությունները շարունակելու եւ խորացնելու մեր երկրի պատրաստակամությունը, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ—ի ցուցաբերած քաղաքական եւ տնտեսական օժանդակության համար։ Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ իշխանությունները վճռական են ժամանակակից ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում։ Փոխնախագահ Ռիչարդ Չեյնին մեկ անգամ եւս շեշտել է ԱՄՆ–ի պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների գործընթացում։
Նախատեսվածից ավելի երկար տեւած հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անդրադարձել են նաեւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման եւ Հայաստան—Թուրքիա հարաբերություններին։ Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ՝ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն մեր երկիրը պատրաստ է գործնական քայլերի դիմել՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար։ Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, Հայաստանի կառավարության ղեկավարը մեկ անգամ եւս նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում փոխզիջումների միջոցով ԼՂ հիմնահարցի խաղաղ եւ արագ կարգավորման իր դիրքորոշմանը։ Նա հույս է հայտնել, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, ի վերջո, կհանգեցնեն դրական արդյունքի։ Փոխնախագահ Չեյնին վերահաստատել է ԱՄՆ–ի շահագրգռվածությունը հայ—թուրքական հարաբերությունների նորմալացման, ինչպես նաեւ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացների աջակիցը լինելու հարցում։
Ռիչարդ Չեյնին բարձր է գնահատել ամերիկյան հայ համայնքի դերը եւ ողջունել է փաստը, որ ՀՀ վարչապետն իր ամերիկյան այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է նշանակել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18—ի երեկոյան Վաշինգտոնից մեկնել է Լոս Անջելես, որտեղ հաջորդ օրը նախատեսվում են Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները «Լոս Անջելես Թայմս» խմբագրային խորհրդի, Լինսի հիմնադրամի, ինչպես նաեւ ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ։

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/20/262/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv