Տոնինո Գուերան կմեկնի «Հայաստանով լցված»

Հրաշագործը ինքն է, Տոնինո Գուերան, իսկ իր մասին Ռուբեն Գեւորգյանցի նկարահանած ֆիլմը՝ «Հրաշագործի աշունը», հավանել էր։ Երեկ ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում վարպետին հանդիպելու եւ լսելու էին եկել շատերը. ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ, կինոսիրողներ։
Իր հետ տրամադրություն եւ ուրախություն բերող Տոնինո Գուերան Հայաստանի մասին պատմում էր ոգեւորված, արագ. «Հրաշքը դեռ անցյալ տարվանից սկսվեց, երբ ինձ հրավիրեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոն։ Եվ իմ ուղեւորությունը Հայաստանով հաջողվեց դարձնել ուղղահայաց, Հայաստանը բոլորի համար պետք է լինի ուղղահայաց ճամփորդություն դեպի վեր։ Ես փոխվել եմ, հայտնվել են նոր մտքեր.. եւ երբ վերադարձա, առաջինը գործը, որ արեցի, կրկին այցելեցի Փարաջանովի տուն—թանգարան։ Կարծում եմ, թե Երեւանի, թե ինձ համար այցելությունը Փարաջանովի թանգարան կրկին ճանապարհ է դեպի վեր։ Այնուհետեւ Սարյանի տուն—թանգարան & ժամանակ առ ժամանակ նայեք այդ մեծ հայի աշխատանքները։ Հետո Ջերմուկ, մի կախարդական վայր… Ես գլուխ եմ կոտրում մտածելու, թե ինչպես կարելի է օգնել Ջերմուկին։ Ղրիմում կան թթվածնային անտառներ, որտեղ ծառերը ավելի շատ թթվածին են տալիս, գուցե հնարավոր է բերել դրանք Հայաստան։ Բայց Ջերմուկից առաջ մենք Նորավանք գնացինք, դա հրաշք էր…»։
Վարպետը ոգեւորված էր նաեւ իտալական «Տանգո X դուետ» երաժշտական խմբի կատարումներով, որոնցով եզրափակվեց հանդիպումը։ Այսօր երաժիշտները համատեղ համերգ են ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, նաեւ հոկտեմբերի 19—ին մենահամերգ կունենան «Ավանգարդ ֆոլկ» ակումբում։
Համերգները Տոնինո Գուերային նվիրված մշակութային օրերի շրջանակում են, նախագծի հեղինակն է «Գոյակ» մշակութային ընկերությունը։
Տոնինո Գուերան ասում է, որ Հայաստան այս ուղեւորությունից հետո կրկին փոխվելու է։ Կատակում է. «Հանկարծ ու դեպի վատը… Մեկնելու եմ Մոսկվա, հետո՝ Իտալիա, եւ երբ վերադառնամ, ավելի լցված կլինեմ Հայաստանով…»։

Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/19/255/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv