Oct
13

Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր։
Ապարանի Ջրամբար համայնքում վարչապետը մասնակցեց հատուկ կարիք ունեցող երեխաների համար ստեղծված ամառային առողջարանային ճամբարի բացմանը։
Ճամբարն ստեղծվել է «Արաբկիր» բժշկական համալիրի եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից՝ հատուկ կարիք ունեցող երեխաների ամառային հանգիստը, բուժծառայությունները չընդհատելով, կազմակերպելու համար։ Ճամբարի ստեղծմանն աջակցել են «Արմենիանոս» հիմնադրամը (Լիխտենշտեյն), «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամը (Շվեյցարիա), «ՍԵՄՌԱ» հիմնադրամը (Շվեյցարիա), «Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցությունը» (ԱՄՆ), Գերմանիայի հայ բժիշկների միությունը, Նորվեգական Թագավորության հյուպատոսարանը։ Ճամբարի կառուցման եւ կահավորման ծախսերը կազմել են շուրջ 700 հազար ԱՄՆ դոլար։ Ճամբարում ամռան երեք ամիսներին կհանգստանա եւ կբուժվի 180 երեխա։
«Հասարակության խոցելի խավերին օժանդակելն ամենաաստվածահաճո գործերից մեկն է, իսկ ավելի խոցելի խավ, քան հիվանդ եւ հաշմանդամ երեխաներն են, չեմ պատկերացնում։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր մաս են ունեցել այս ճամբարի կառուցման գործում, եւ հույս ունեմ, որ ճամբարի անձնակազմը խիստ պատասխանատու է վերաբերվելու իր աշխատանքին։ Կարելի է շատ միջոցներ ծախսել, ունենալ ամենալավ, հարմարավետ, ժամանակակից սարքավորումները, բայց եթե անձնակազմի լավ աշխատանքը չլինի, այդ միջոցները ջուրը կընկնեն։ Բոլոր երեխաներին, ովքեր այստեղ հանգստանալու են, եւ ընդհանրապես՝ բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն եւ ցանկանում եմ, որ մենք միշտ հոգատար լինենք երեխաների նկատմամբ»,– ասաց Ս. Սարգսյանը։
ԱԺ առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ կառույցը պետության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության վկայությունն է՝ ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության. «Մենք պետք է ոչ միայն օրենքներով ցույց տանք, որ հատուկ կարիք ունեցող երեխաները հասարակության մեջ ունեն իրավունքներ, այլ պետք է ստեղծենք համապատասխան կառույցներ, որպեսզի հասարակության այդ հատվածը հնարավորություն ունենա օգտվել իր իրավունքներից»։
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես՝ վարչապետ Ս. Սարգսյանը, ընդգծված վերաբերմունք ունեն նման բարեգործական ծրագրերի ներդրմանը մեր երկրում. «Այս գեղեցիկ կառույցի բացումը երեխաների իրավունքների պաշտպանության հստակ ապացույցն է, ներդրում է հատուկ կարիք ունեցող երեխաների ապրելակերպի բարելավման գործում։ Առողջապահության նախարարությունը մշտապես կաջակցի նման ծրագրերի ներդրմանը մեր երկրում»։
«Արմենիանոս» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Հոշթետերը տեղեկացրեց, որ այս ծրագրից բացի, այլ նախաձեռնություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ Գյումրիում նախատեսվում է վերակառուցել սրտաբանության եւ ինտենսիվ թերապիայի կենտրոնը։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում շարունակվելու են ծրագրեր իրականացվել եւ խնդրեց կառավարության աջակցությունը։
«Հենց հիմա կարող եք առողջապահության նախարարին ասել, թե մենք ինչ ունենք անելու Գյումրիի այդ կենտրոնում, որովհետեւ մենք այդ բոլոր խնդիրները համարում ենք մերը, եւ եթե դուք մեզ օժանդակում եք, մենք շատ շնորհակալ ենք։ Շատ տարօրինակ է, որ դուք եք խնդրում, որ մենք ձեզ օժանդակենք»,–պատասխանեց վարչապետը։
Թալինի տարածաշրջանի Արեգ գյուղում վարչապետը մասնակցեց վերականգնված ջրամատակարարման եւ ջրարբիացման համակարգի բացմանը, որը կառուցվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրով՝ անցած տարվա հունիս ամսից։ Պայմանագրի արժեքը շուրջ 148.5 մլն դրամ է։
Վարչապետը ծանոթացավ Թալին—Արեգ—Հացաշեն—Սուսեր—Արթիկ մայրուղու կապիտալ նորոգման աշխատանքներին, Զարինջա, Սուսեր, Ցամաքասար, Նոր Արթիկ, Հացաշեն համայնքների ղեկավարների հետ քննարկեց գյուղերի գազաֆիկացման աշխատանքների ընթացքը։
Մայրուղու նորոգման աշխատանքները նախատեսված են այս տարվա պետբյուջեի ծախսերով, արդեն հատկացվել է 390 մլն դրամ, իսկ նշված համայնքերի գազաֆիկացման աշխատանքներն ընթացքի մեջ են. շուտով գազամատակարարումից կօգտվեն այս համայնքների 2500 բնակիչները, ինչի համար կծախսվի 250 մլն դրամ։
Վարչապետը ծաղիկներ դրեց Թաթուլ Կրպեյանի հուշարձանին եւ ուղեւորվեց Թալինի տարածաշրջանի «Բիոկաթ պլյուս» ՍՊԸ։
Կոշ գյուղում նոր հիմնված 130 հեկտար այգիները եւս չվրիպեցին Ս. Սարգսյանի ուշադրությունից։ Անհատ ձեռներեց Արմեն Ասլանյանը վարչապետի հետ քննարկեց կոնյակի եւ գինիների համտեսման կենտրոնի կառուցման նախագիծը։
Ա. Ասլանյանն այս տարի գյուղում կհիմնադրի 80—100 հեկտար խաղողի, եւ 20—25 հեկտար պտղատու այգիներ՝ ծիրանենի, դեղձենի, ընկուզենի։ Արդեն ավարտվում են մելիորատիվ—նախապատրաստական աշխատանքները, անցկացվել է ոռոգման ցանցը։ Նա 20 հեկտար խաղողի այգի է հիմնել նաեւ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում։
«Նմանատիպ ծրագրեր այնքան պետք է կազմակերպվեն, որպեսզի Հայաստանում այլեւս չմշակված հողատարածք չմնա, ափսոս են այս հողերը»,– ասաց Ս. Սարգսյանը։ Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստանը ե՞րբ գյուղատնտեսական երկիր կդառնա, վարչապետը պատասխանեց. «Մենք երբեք չենք կարող Հայաստանը գյուղատնտեսական երկիր դարձնել։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը լավ պատկերացնի մեր երկրի ապագան. մենք երբեք չենք մտածում, որ մեր երկիրը կարող է լինել գյուղատնտեսական, արդյունաբերական։ Մեր գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը պետք է զարգացած լինեն, բայց գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը զարգացած երկրներում միասին զիջում են ծառայությունների ոլորտին, որովհետեւ հիմնական գումարները գոյանում են այդ ոլորտում։ Ծառայություն ասելով՝ նկատի չունենք ռեստորաններ եւ այլն, ֆինանսական ծառայությունները, տուրիզմը եւս ծառայություն են, եւ հիմնական արժեքներն այդտեղ եմ գոյանում։ Եթե փորձեք ուսումնասիրել Արեւմտյան Եվրոպայի տնտեսության կառուցվածքը եւ զարգացման ճանապարհը, կտեսնեք, որ մշտապես արդյունաբերության եւ գյուղատնտեսության ծավալները քչանում են։ Այսինքն, ուղեղի աշխատանքն ավելի շատ պետք է լինի, եւ մենք դրան հասնելու ենք։ Երբ շատ մարդիկ ասում են՝ երկիրը դարձնենք հզոր արդյունաբերական, գյուղատնտեսական երկիր, դա ուղղակի նրանց՝ նախորդ դարից եկած մտածողության արդյունք է»։
Երնջատափ գյուղում վարչապետը ծանոթացավ համայնքի ջրարբիացման համակարգի վերականգնման եւ գազաֆիկացման աշխատանքներին, այցելեց համայնքի կենտրոն, հանդիպեց Ապարանի տարածաշրջանի 21 համայնքների գյուղապետերի հետ։
Համայնքի ջրարբիացման համակարգը վերանորոգվել է այս տարի՝ պետբյուջեի միջոցներով, պայմանագրի արժեքը 19,5 մլն դրամ է։ Շուրջ 3,8 կիլոմետր ընդհանուր երկարությամբ վթարված հատվածների վերականգնման արդյունքում կջրարբիացվեն 800 հեկտար հեռագնա արոտներ։ Համայնքի կենտրոնի կառուցման աշխատանքները եւս իրականացվել են պետբյուջեի միջոցներով։
Գյուղում կառուցվել է գազատար։ Գազաֆիկացվել են նաեւ նախկինում երբեւէ չգազաֆիկացված Շենավան, Հարթավան, Նորաշեն, Արագած, Ծաղկաշեն եւ Քուչակ համայնքները։ Շահառու համայնքներն ունեն շուրջ 10 հազար բնակիչ։
Վարչապետն այցելեց նաեւ Ապարան, ծանոթացավ Գ. Նժդեհի անվան փողոցի ասֆալտապատման, հեղեղատարի ինժեներական կառուցվածքների վերականգնման աշխատանքներին։ Կառավարության որոշմամբ Գ. Նժդեհի անվան փողոցից հիվանդանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 50 մլն դրամ, իսկ 1,6 կիլոմետր երկարությամբ հեղեղատի հունի մաքրման եւ հողաթմբերի ամրացման աշխատանքների համար՝ 57 մլն դրամ։
Ս. Սարգսյանն այցելեց նաեւ Չքնաղ գյուղ, որի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման համար հատկացվել է 7,5 մլն դրամ դրամաշնորհ, իսկ մշակույթի տան կառուցման համար պետբյուջեով նախատեսված է շուրջ 70 մլն դրամ։
Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am/
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2007/10/13/231/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
