Շուրջ երեք տարի առաջ Աբովյան քաղաքը եւս մանկապատանեկան մարզադպրոց ունեցավ։ Պակասում էր շախմատի դպրոցը միայն, որն էլ բացվեց երեկ՝ շախմատի ֆեդերացիայի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
Վարչապետը նախ այցելեց մարզադպրոց, զրուցեց մարզիկների հետ, ծանոթացավ նրանց համար ստեղծված պայմաններին։ Մարզադպրոցում այսօր անվճար մարզվում է շուրջ հազար մարզիկ, իսկ հովանավորությունն իր վրա է վերցրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Միջազգային մրցույթների մեկնելուց առաջ մարզադպրոցում մարզվում են հանրապետության հավաքականները։ Աբովյանի մանկապատանեկան մարզադպրոց այցի ընթացքում ՀՀ վարչապետը ողջունեց եւ հաջողություն մաղթեց այդտեղ մարզվող Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիկներին, ովքեր պատրաստվում են մասնակցել Չիկագոյում հոկտեմբերի 26—ին կայանալիք աշխարհի առաջնությանը։
Որպես լավագույն մարզական քաղաք՝ Աբովյանն արժանացել էր հանրապետության նախագահի մրցանակին. 2,5 միլիոն դրամից 2 միլիոնը տրամադրվել է շախմատի դպրոցը կառուցելուն, մնացած գումարը հատկացրել են Գ. Ծառուկյանը եւ Աբովյանի քաղաքապետարանը, եւ քաղաքում գործող շախմատի փոքր խմբակները հավաքվել են մի հարկի տակ ու աստիճանաբար բազմացել։
Քաղաքում կան աչքի ընկնող շախմատիստներ, ովքեր մասնակցել են հանրապետական տարբեր մրցաշարերի։ Ստեղծված բարեկեցիկ պայմանները տրամադրում են հաղթանակների ձգտել միջազգային մրցաշարերում։ Շախմատի տախտակների մոտ պակասում էին միայն ժամացույցները, որոնք էլ նվիրեց վարչապետը։
«Մարզերում սպորտը զարգացնելու ծրագրեր կան, բայց պետք է նաեւ նման հնարավորություն լինի,–լրագրողներին ասաց Ս. Սարգսյանը։–Աբովյանում Գագիկ Ծառուկյանի, Կարո Իսրայելյանի շնորհիվ կա այդ հնարավորությունը։
Կարեւոր է, որ մենք կարողանանք մեր մարզկենտրոններում, գյուղական համայնքներում մարզօջախներ բացել։
Շատ դեպքեր են լինում, երբ մարզերով շրջում ես եւ տեսնում՝ երիտասարդները պարապ բանավիճում են, արեւածաղիկ չրթում։ Ավելի լավ է՝ սպորտով զբաղվեն, ոչ միայն օգտակար կլինի, այլեւ հնարավոր է, որ թաքնված տաղանդներ հայտնաբերվեն, որոնք հետագայում հասնեն լուրջ հաջողությունների։
Ինձ համար, որպես շախմատի ֆեդերացիայի նախագահի, չափազանց հաճելի է շատ լավ պայմաններ ունեցող այս շախմատի դպրոցը տեսնելը, որտեղ պարապում է շուրջ 200 երեխա, որտեղ միաժամանակ հիսուն տախտակի վրա կարելի է ե՛ւ պարապել, ե՛ւ մրցումներ անցկացնել։ Քաղաքապետն ասաց, որ նախատեսում է Ծառուկյանի եւ շախմատի ֆեդերացիայի օժանդակությամբ հաջորդ տարի շենքի երկրորդ հարկը կառուցել, որպեսզի հնարավոր լինի միջազգային մրցումներ անցկացնել այստեղ։ Մարտունիում անցկացնում ենք, ինչո՞ւ Աբովյանում չենք կարող անցկացնել։ Շատ ողջունելի նախաձեռնություն է։ Կառավարությունը մշտապես աջակցելու է նման նախաձեռնություններին»։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/11/209/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: