Oct
9

Ուսուցչի օրվա կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պարգեւներ հանձնեց «Տարվա լավագույն ուսուցիչ» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական ամենամյա մրցույթի հաղթողներին։ Տարվա լավագույն ուսուցիչ ճանաչվեց Գավառի թիվ 9 միջնակարգ դպրոցի դասվար Շուշան Պիպոյանը, լավագույն դաստիարակ՝ Գյումրիի «Անի պարտեզ» նախակրթարանի դաստիարակ Անժելա Գրիգորյանը։ Վարչապետը նրանց հանձնեց թանկարժեք նվերների՝ ավտոմեքենաների բանալիները։
«Շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն շատ դժվարություններ հաղթահարելու համար։ Ձեզանից շատերը պատվով են կատարում իրենց առաքելությունը։ Իսկ մենք, անընդհատ զբաղված լինելով անձնական եւ պետական գործերով, երբեմն մոռանում ենք մեր երախտագիտության խոսքն ասելու ձեզ, սիրելի ուսուցիչներ»,–ասաց Ս. Սարգսյանը։ Նա խորհուրդ տվեց բոլորին Ուսուցչի օրվա կապակցությամբ հիշել եւ զանգահարել իրենց ուսուցիչներին։
Վարչապետը մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալներով պարգեւատրեց նաեւ 9 մանկավարժի։
Եվս 9 մանկավարժներ արժանացան «ՀՀ վաստակավոր մանկավարժ» պատվավոր կոչման, վաստակաշատ 12 ուսուցիչներ ստացան ՀՀ վարչապետի շնորհակալագրեր։
«Լավագույն տնօրեն» հանրապետական ամենամյա մրցույթի հաղթող ճանաչվեց Երեւանի Խ. Դաշտենցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը։ ԵՊՀ սահմանած մրցանակը՝ համակարգիչը, նրան հանձնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին իրենց նվիրական աշխատանքի համար՝ նախարարը նշեց, որ նորանկախ Հայաստանի հանրակրթական համակարգը կարողացավ ամենածանր իրավիճակում պահպանել ամենակարեւորը՝ որակը եւ ուսուցչի կոչման կարեւորագույն չափորոշիչները։
«Վստահ եմ, որ մենք միացյալ ուժերով կկարողանանք ոտքի կանգնեցնել մեր դպրոցը, այնպիսին, ինչին արժանի է բազմահազար տարիների պատմություն ունեցող մեր ժողովրդի մշակույթը։ Մեր առջեւ իսկապես մեծ խնդիրներ են կանգնած, մենք պետք է ձեւավորենք միջազգային չափանիշներին համարժեք դպրոցական հանրակրթական համակարգ, որը միակ ճանապարհն է մեր երկրի լուսավոր ապագայի»,–ասաց Լ. Մկրտչյանը։
Source: http://www.hhpress.am/
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2007/10/09/202/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
