ՀՀ նաագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ԱՊՀ–ի, ԵՎրԱզԷՍ–ի եւ ՀԱՊԿ–ի ղեկավարների հանդիպումներին

Հոկտեմբերի 5—7–ը աննախադեպ ժամանակահատված է Տաջիկստանի եւ հատկապես՝ այդ երկրի մայրաքաղաք Դուշանբեի համար։ Հետխորհրդային շուրջ 15 տարիներից հետո առաջին անգամ կենտրոնասիական այս երկիրը հայտնվել է քաղաքական միջոցառումների անցկացման թատերաբեմում, այն էլ՝ միանգամից երեք։
Երեկ Դուշանբեում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Այսօր մեկնարկում են Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵՎրԱզԷՍ) միջպետական խորհրդի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարների նիստերը։ Հայաստանը, ինչպես հայտնի է, ԱՊՀ–ի եւ ՀԱՊԿ–ի լիիրավ անդամ է, իսկ ԵՎրԱզԷՍ–ին դիտորդի կարգավիճակ ունի, եւ Տաջիկստանի մայրաքաղաքում երեկվանից մեկնարկած հանդիպումներին մասնակցում է նաեւ մեր երկրի պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
Նշենք, որ վերոհիշյալ երեք միջոցառումներն առանձնահատուկ են ոչ միայն Դուշանբեում անցկացվելու առումով, այլեւ երկու հոբելյանների զուգադիպությամբ։ Երեկ լրացավ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի 55—ամյակը, ինչի կապակցությամբ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում նա պարգեւատրվեց կազմակերպության բարձրագույն պարգեւով՝ Պատվո նշանով։ Իսկ հոկտեմբերի 7—ին լրանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 55—ամյակը։ Եվ, անկասկած, այս երկու հոբելյաններն էլ կազմում են ետխորհրդային 11 երկրների ղեկավարների հանդիպումների ոչ պաշտոնական մասի հիմնական առանցքը։ 11, որովհետեւ Ուկրաինան ներկայացնում է այդ երկրի ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասին, նշենք, որ օրակարգում ընդգրկված էր 20 հարց։ Դեռ գագաթնաժողովից առաջ ԱՊՀ–ում ՌԴ ներկայացուցիչն առանձնացրել էր ԱՊՀ բարեփոխման հարցը որպես օրակարգի կարեւորագույն կետ, միաժամանակ նշելով, որ Եվրամիության նման կազմավորում ստեղծելու խնդիր դրված չէ։
Շուրջ երկու ժամ նեղ, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքմենիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի նախագահներն ու Ուկրաինայի ներկայացուցիչը ընդունեցին ԱՊՀ բարեփոխման վերաբերյալ հայեցակարգը։ Այն, ինչպես մամուլի ասուլիսում հայտարարեց Ղազախստանի նախագահը, ստեղծում է ԱՊՀ–ի հստակ աշխատանքի համակարգ, ենթադրում է կազմակերպության կառավարման մարմինների օպտիմալացում եւ այլն։ Ստորագրված 20 փաստաթղթերի մեջ առանձնահատուկ էր միգրացիոն քաղաքականության վերաբերյալ համաձայնագիրը, որը նախատեսում է միգրանտների իրավունքների պաշտպանություն, աշխատաշուկայի կարգավորում, միգրանտների տվյալների միջպետական բանկի ստեղծում եւ դրանցից բխող այլ քայլեր։
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները որոշեցին հերթական գագաթնաժողովն անցկացնել 2008թ. Բիշքեկում, իսկ նախագահող երկիր է դառնում Ղրղըզստանը։
Ի դեպ, աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով որոշվեց ԱՊՀ գագաթնաժողովներում շարժվել «1տարի, 1 թեմատիկա» բանաձեւով։ Եվ եթե երեկվա հանդիպման թեմա էր ընտրված միգրացիոն քաղաքականությունը, բիշքեկյան հանդիպման առանցքը կլինի տրանսպորտային հաղորդակցության համակարգն ու դրա պոտենցիալը, զարգացումը։
ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի պաշտոնավարման ժամկետի ավարտման կապակցությամբ ընտրվեց նոր քարտուղար, որը դարձավ ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Լեբեդեւը, որը նախկինում զբաղեցնում էր ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Իսկ Վ. Ռուշայլոն կատարած աշխատանքի համար նույնպես արժանացավ ԱՊՀ բարձրագույն պարգեւի։
Այսօր Դուշանբեն կշարունակի մնալ լարված մթնոլորտում։ Խոսքը նախեւառաջ վերաբերում է քաղաքին անմիջապես, քանի որ ձեռնարկված են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ Փակ է այդ երկրի սահմանը։ Իսկ ավելի քան 6 հազար իրավապահներ հսկում են ԱՊՀ–ԵՎրԱզԷՍ–ՀԱՊԿ եռանկյունու մասնակիցների պաշտոնական ու ոչ պաշտոնական ժամանակը։ Եվ այդ ամենը՝ շուրջ 700 լրագրողների ներկայությամբ։

                                                                                                                                             Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/08/193/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv