Ասում է վարչապետ Սերժ ՍարգսյանըԵրեկ ԱԺ նիստից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
—Ինչպե՞ս եք վերաբերում Լեւոն Տեր—Պետրոսյանի վերադարձին մեծ քաղաքականություն։
—Ընդհանրապես ես համարում եմ, որ հարցադրումը սխալ է։ Ի՞նչ է նշանակում՝ նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն։ Իմ խորին համոզմամբ՝ լինի առաջին, երկրորդ, երրորդ թե քսաներորդ, նախկին բոլոր նախագահները միշտ էլ ամեն տեղ զբաղվում են քաղաքականությամբ, հակառակ դեպքում քաղաքականությունը կզբաղվի նրանցով. միշտ այդպես է լինում։ Այլ խնդիր է, եթե խոսք լինի նախկին քաղաքական գործիչների, ավելի ճիշտ, նախկին պաշտոնյաների՝ քաղաքականության մեջ ակտիվանալու կամ պասիվանալու մասին. այդ հարցադրումը ճիշտ կլինի։ Լեւոն Տեր—Պետրոսյանի ելույթը «Արմենիա—Մարիոթ» հյուրանոցում հենց սա է ապացուցում։ Եթե դուք կողք կողքի դնեք նրա եւ մի քանի ՀՀՇ—ամետ թերթերի՝ վերջին 10 տարվա գրածները, կտեսնեք, որ նրա ելույթում դրանց թանձրուկն է։ Այսինքն, ես որեւէ խնդիր չեմ տեսնում. քաղաքական կյանքն աշխուժանում է, եւ ես դա շատ նորմալ եմ գնահատում։
—Հնարավոր համարո՞ւմ եք, որ լիազորությունների ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը նշանակվի վարչապետ։
—Ես որեւէ հիմք չունեմ՝ ստույգ չընդունելու պարոն Քոչարյանի հայտարարությունները, կասկածելու դրանց։ Ես նրա մոտ այդպիսի ցանկություն չեմ տեսնում։
—Որոշ լրատվամիջոցներ եւ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ ՀՀԿ համագումարը հետաձգվում է, որովհետեւ իշխանական վերնախավում քննարկվում է արտահերթ նախագահական ընտրությունների հարցը։
—Ամեն ինչ լսել էի, բացի դրանից։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որեւէ հիմք չկա, եւ բոլորին հայտնի է, որ վաղուց որոշում կա՝ կապված ՀՀԿ համագումարի անցկացման օրվա հետ։ Եթե ինչ—որ մեկին ցանկալի է այլ կարծիք ունենալ, եթե ինչ—որ մեկը ցանկանում է իրեն ամենատեղյակի տեղը դնել եւ ինչ—որ լուրեր տարածել, դա նրա անձնական գործն է, նրան մի հավատացեք։
—Չի բացառվում, որ առաջին նախագահի գրասենյակը դիմի նաեւ ՀՀԿ—ին ու ԲՀԿ—ին՝ հանդիպման առաջարկով։ Դուք կընդունե՞ք առաջարկը։
—Այսինքն՝ դուք որպես միջնո՞րդ եք հանդես գալիս։
—Ձեզ համար անակնկա՞լ էր Լ. Տեր—Պետրոսյանի եւ ՀՅԴ—ի հանդիպումը։
—Ես մի քանի օր առաջ ասել եմ, որ դա ինձ համար անակնկալ չէր։ Դա ի՞նչ մի մեծ իրադարձություն էր, որ ինձ համար անակնկալ լիներ կամ չլիներ։
—Դուք Մոսկվայում ասացիք, որ Երեւանում կպատասխանեք, թե ով կլինի Ձեր հիմնական մրցակիցը նախագահական ընտրություններում։
—Դուք մի քիչ ուշադիր չեք եղել, ես այդպես չեմ ասել։ Ես այլ հարցի առումով եմ ասել, որ այդ հարցին կպատասխանեմ Երեւանում։ Մոսկվայում ասել եմ եւ կրկնում եմ, որ ես նախագահական ընտրությունները չեմ դիտարկում որպես հակառակորդների պայքար, բախում։ Ես այդ հնարավորությունը դիտարկում եմ որպես առիթ՝ ժողովրդին ներկայացնելու երկրի ապագայի քո տեսլականը։
—Իսկ ո՞վ է Ձեր հիմնական մրցակիցը։
—Էլ ինչպե՞ս պատասխանեմ, որ դուք հասկանաք, որ ես չեմ տեսնում որեւէ մրցակցի, թեկնածուի, մենք շարունակելու ենք մեր հանդարտ, հանգիստ քաղաքականությունը, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
—Մոսկվայում ասուլիսի ժամանակ Դուք նշել եք, որ ԼՂ հարցում փոխզիջումը հնարավոր է այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքը։ Առաջիկա տարիներին իշխանության մեջ մնալու դեպքում Ձեր քաղաքականությունն ուղղված է լինելու այդ խնդիրների լուծմա՞նը։
—Եթե ինձնից կախված լինի, իմ հիմնական ջանքերն ուղղված են լինելու արտաքին քաղաքականության բնագավառում ԼՂ խնդրի լուծմանը։
—Համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ եթե առաջին նախագահն առաջադրվի, կռադնա շարքային քաղաքական գործիչ։
—Ինձնից հանրապետության նախագահի կարծիքի մեկնաբանություններ մի պահանջեք, եկեք ժամանակից առաջ չընկնենք։ Բոլոր թեկնածուները կառաջադրվեն, այն ժամանակ կխոսենք։
—Ժամանակին, հանրության եւ մի շարք քաղաքական գործիչների պահանջներին հակառակ քաղաքական գնահատական չտրվեց ՀՀՇ—ական վարչախմբի գործունեությանը, հիմա իրենք են զբաղվում ձեր գործունեությամբ եւ քաղաքական գնահատականներ տալիս։ Սա բնակա՞ն եք համարում։
—Նախ՝ ես ակնկալում եմ, որ դուք ՀՀՇ—ական տերմինն օգտագործում եք նույն առումով, ինչ ես, այսինքն՝ այստեղ որեւէ վիրավորական բառ չկա, ասում ենք՝ ՀՀՇ—ական, ինչպես ՀՀԿ—ական եւ այլն։ Երկրորդ՝ յուրաքանչյուր նոր իշխանություն պետք է ձգտի գնալ միավորման, հասարակությունում զարգացնել միասնականության գաղափարը, ոչ թե պիտակավորել, գնահատականներ տալ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի գնահատականը տալիս է ժամանակը, ժողովուրդը, եւ եթե մեկը փորձում է այսօր մեզ քաղաքական գնահատական տալ, դա չի նշանակում, թե դա ժողովրդի, ընտրողների գնահատականն է, նշանակում է, որ դա այդ մարդու մասնավոր կարծիքն է, իսկ մեզ մոտ ազատությունը գնահատվող արժեք է, եւ ես էլ գնահատում եմ այդ ազատությունը։ Ով ինչ ուզում է՝ կարող է ասել, միայն թե քաղաքական գործիչը եւ անհատը միշտ պետք է հստակ հասկանա իր խոսքի արժեքը։
—Իսկ եթե առաջին նախագահը ներկայիս իշխանություններին մեղադրում է կոռումպացվածության մե՞ջ։
—Դուք շատ ավելի լավ կանեք, որ վերցնեք Հայաստանի որոշ թերթերի, էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը մինչեւ 1998 թվականը եւ կտեսնեք, որ նույն առաջին նախագահին բազմաթիվ նման մեղքեր էին վերագրվում։ Եթե դրանից նա հաճույք է ստանում, թող անի, ի՞նչ է եղել։
—Ինչպե՞ս եք վերաբերում Տիգրան Արզաքանցյանի հետ կատարվածին։
—Շատ վատ։
—Դա փորձ արվեց կապել նաեւ Ձեր անվան հետ։ Վերջապես՝ նա պատվիրակության անդա՞մ էր, Դուք դեպքի վայրում եղե՞լ եք։
—Շատ մարդիկ փորձում են ինձ շատ բաների հետ կապել։ Եթե դա ձեզ հետաքրքրում է, սեղմեք կոճակը, բացեք կառավարության կայք—էջը, այնտեղ կա մեր պատվիրակության կազմը։ Երկրորդ՝ զանգեք «Մետրոպոլ» հյուրանոց եւ իմացեք՝ այնտեղ գրանցվե՞լ է Սերժ Սարգսյան անունով մարդ, զանգեք ՌԴ կառավարության արարողակարգի ծառայություն եւ հարցրեք՝ Հայաստանի վարչապետը որտե՞ղ է մնացել։
—Ինչպե՞ս եք վերաբերում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մեկնաբանություններին այսօր վարվող տնտեսական քաղաքականության մասին։
—Ես մասնագիտությամբ տնտեսագետ չեմ եւ չեմ պատրաստվում Հրանտ Բագրատյանի հետ տնտեսագիտական հարցերով բանավեճի մեջ մտնել։ Ես նրա գրածներին նայում եմ կառավարության ղեկավարի տեսանկյունից, եւ ինձ համար երկու դիտարկում եմ արել. առաջին՝ ձեր ծրագիրը լավ ծրագիր է, բայց՝ ա) կարող էր ավելի լավը լինել, բ) իսկ դուք կարողանալո՞ւ եք այն իրականացնել։ Բ—ի պատասխանը՝ այո, կարողանալու ենք իրականացնել, մենք ունենք բավարար քաղաքական կամք, լավ տնտեսագետների թիմ, լավ կազմակերպիչներ, եւ մենք մեր ծրագիրն իրականացնելու ենք, ա—ի պատասխանը՝ իհարկե, կարող էր ավելի լավը լինել, մեծերից մեկն ասել է՝ լավագույնը լավի թշնամին է։ Հաջորդ անգամ կաշխատենք ավելի լավ ծրագիր գրել։ Երկրորդ դիտարկումն այն է, որ պարոն Բագրատյանն ասում է՝ այն թվերը, որոնց դուք հղում եք կատարում եւ որոնք այստեղ գրված են, հավաստի չեն։ Ես ասում եմ՝ դա գիտական մոտեցում չէ, շատ պարզ պատճառով. գիտնականը թվերին չի հղում անում, այլ՝ գործընթացներին, նոր անցնում թվերին։ Ինչ վերաբերում է մեր թվերին, բոլորին հայտնի է, որ Հայաստանի վիճակագրական ծառայությունն օգտվում է նույն մեթոդոլոգիայից, ինչ ԵՄ անդամ բոլոր երկրները, եւ հայտնի է, որ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ մեր վիճակագրական ծառայությունը համարվում է լավագույններից մեկը Եվրոպայում։ Դա Համաշխարհային բանկի, միջազգային այլ կազմակերպությունների գնահատականն է։
—Հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ առաջարկելով հետաքննել ջրի հաշվիչների հետ կապված վիճաբանությունը։
—Ես կարծում եմ՝ այս առիթով մեկնաբանություն եղել է, հարցը նոր չի, դեռ անցած տարի այն ինժեներին, որ աշխատում էր իտալացիների հետ, ֆրանսիացիները աշխատանք չտվեցին, հետո այլ գործընթացներ տեղի ունեցան, նա իրոք դիմեց ՀԲ—ին, վերջինս էլ ստուգեց եւ տեսավ, որ որեւէ լուրջ, տեսանելի խախտում չկա։ Կարծում եմ, չնայած դրան, մենք մի անգամ եւս կանդրադառնանք այդ հարցին, որովհետեւ մեզ համար չափազանց կարեւոր է անգլիացի ինժեների կարծիքը։
—Սննդամթերքի չհիմնավորված թանկացումների հարցը քննարկվո՞ւմ է կառավարությունում։
—Ես չեմ տեսնում մեծ ոլորտներ, որտեղ կան չհիմնավորված թանկացումներ։ Մենք մշտապես ուսումնասիրություններ ենք իրականացնում, եթե այդ գործընթացում խախտումներ արձանագրվեն, մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք։
—Յուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ հրապարակ է նետվում երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերների խնդիրը։ Դուք երկրի հաջորդ ղեկավարի հավակնորդ եք, ըստ Ձեզ՝ ո՞րն է մեր թիվ մեկ ներքին եւ արտաքին մարտահրավերը։
—Եկեք պայմանավորվենք՝ երբ հավակնորդ կլինեմ, կպատասխանեմ այդ հարցերին։
—ՀՅԴ—ն շարունակելու է աշխատել իր նախարարներով, բայցեւ նախագահի սեփական թեկնածու է առաջադրելու։ Դա նպատակահարմա՞ր է։
—Դուք արդեն այդպե՞ս եք որոշել։ Եթե այդպես լինի, կտեսնենք՝ ինչպես վարվենք։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/04/187/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: