Ամենակարեւորը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումն էԵրեկ ԱԺ նիստի ընդմիջմանը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
—Ի՞նչ կասեք օրերս կայացած ՀՅԴ–Լեւոն Տեր—Պետրոսյան հանդիպման մասին։
—Երկու կուսակցությունների հանդիպում է։ Կարծում եմ՝ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, հենց այդպես էլ պետք է ընդունել։
—Կարծու՞մ եք, որ դա ՀՀԿ—ի դեմ էր ուղղված։
—Ես չեմ կարծում, որ երբ որեւէ կուսակցություն հանդիպում է այլ կուսակցության հետ, դա արվում է երրորդ կուսակցության դեմ։
—Դուք սպասու՞մ էիք, որ նրանք երբեւէ կհանդիպեն։
—Կարծում եմ՝ այս դեպքում պետք է ՀՀՇ—ն կամ ՀՅԴ—ն սպասեին կամ չսպասեին։ Ես ինչո՞ւ պետք է սպասեմ։
—Լ. Տեր—Պետրոսյանը հայտարարել է, որ հանդիպելու է նաեւ կոալիցիոն ուժերի հետ։ Դուք հանդիպում ակնկալու՞մ եք։
—Ցավոք, այդ հանդիպման հետ կապված նաեւ այս աշխուժությունն է վկայում, որ Հայաստանում հիմնականում մակերեսային քննարկումներ են տեղի ունենում քաղաքական խնդիրների շուրջ։ Ես նկատի չունեմ երկու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, այլ՝ արձագանքները։ Հայաստանն ունի բազմաթիվ լուրջ խնդիրներ, եւ տարբեր կուսակցություններ կարող են հանդիպել եւ քննարկել դրանք, հետեւաբար՝ լրագրողները, փորձագետները պետք է քննարկեն ո՛չ թե այդ հանդիպումները, այլ այն խնդիրները, որոնք կարող են քննարկվել նաեւ այդ հանդիպումների ժամանակ։
—Որո՞նք են այդ խնդիրները։
—Օրինակ՝ թե որոնք են Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները, ինչպիսին պետք է լինեն լուծումները եւ այլն։
—Իսկ նախագահի ընտրություննե՞րը։
—Նախագահի ընտրությունները նույնպես կարեւոր են, բայց ընտրություններն ածանցյալ են այդ խնդիրներին, որովհետեւ որեւէ ընտրություն՝ նախագահական կամ խորհրդարանական, չի կարող ինքնանպատակ լինել։ Ընտրությունների իմաստն ու նպատակը մեկն է՝ երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների հետ կապված լուծումներ, ծրագրեր առաջարկել, մասնակցել ընտրություններին, ում լուծումներն արժանանան հասարակության հավանությանը, նա էլ գա իշխանության եւ լուծի այդ խնդիրները։ Ամենակարեւորը խնդիրների լուծումներն են, ո՛չ թե այն, թե ով պետք է լուծի այդ խնդիրները։
—Ժամանակին իշխանությունները քաղաքական գնահատականներ չտվին ՀՀՇ—ի գործունեությանը, ինչը պահանջվում էր մի քանի քաղաքական ուժերի կողմից, բայց հիմա Լ. Տեր—Պետրոսյանը եկավ եւ քաղաքական գնահատական տվեց ձեր գործունեությանը։ Որքանո՞վ է այն համապատասխանում առկա իրողությանը։
—Կարծում եմ՝ Հայաստանի առաջին նախագահի ելույթի ամենակարեւոր մասն այսօրվա իշխանությունների գործունեությանը տված գնահատականը չէր, որովհետեւ այդ մասով այն ոչնչով չէր տարբերվում մինչ այժմ հնչած տարբեր գնահատականներից։ Դա ինձ համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում։ Այլ խնդիր է, որ առաջին նախագահն ասաց, որ Հայաստանի առջեւ ծառացած բոլոր խնդիրները կապված են ԼՂ հակամարտության կարգավորման հետ, բայցեւ՝ պարզորոշ ասաց, որ այստեղ ինքը լուծում չի կարող առաջարկել։ Այսինքն՝ ըստ էության նույն իրավիճակն է, ինչ կար 1997—ի աշնանը կամ 1998—ի սկզբին։ Սա ելույթի ամենակարեւոր դրվագն է, Հայաստանի հիմնախնդիրների առումով էլ՝ ամենակարեւոր հարցադրումը։ Սա, իհարկե, ցավալի է։
—Ասվեց, որ այս իշխանությունների ամենամեծ հանցանքը ԼՂ հարցում վարած քաղաքականությունն է։
—Կարծում եմ՝ այնքան էլ կոռեկտ չի ասել՝ «ԼՂ հարցում լուծում չեմ կարող առաջարկել», ապա խոսել խնդրի կարգավորման մասին։ Խնդրի կարգավորման հետ կապված մեկ հանգամանք եմ ուզում նշել՝ այս տարիների ընթացքում չիրականացան այն չարագուշակ կանխատեսումները, որոնք հնչում էին 1998 թվականին, այն է՝ 1—2 տարվա ընթացքում Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, կփլվի տնտեսությունը, կկորցնենք ԼՂ—ն եւ այլն։ Ավելին՝ ԼՂ խնդրի հետ կապված ունենք որակական տարբերություն՝ միջազգային հանրությունը եւ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս արձանագրել են, որ խնդիրը կարգավորվելու է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլ միաժամանակ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում։ Սա, կարծում եմ, կարեւոր ձեռքբերում է։
—Լ. Տեր—Պետրոսյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն կնպաստի՞, որ ընդդիմության միասնական թեկնածուի փնտրտուքը հաջողությամբ պսակվի։
—Բացարձակապես ո՛չ, որովհետեւ ինքներդ էլ կարող եք նկատել, որ ընդդիմությունը չի կարող միասնական թեկնածու ունենալ, նման բաներ գրեթե չեն լինում։ Դա մի գաղափար է, որն ասպարեզ է նետված, բայց որի հետ կապված ինչ—որ ֆետիշացում կա, մի բան, որ գրեթե չեք տեսնի այլ դեպքերում։ Ի վերջո՝ «ընդդիմություն» ասածը մի համասեռ մարմին չէ, մեկ միասնական ամբողջություն չէ, այստեղ կան տարբեր կուսակցություններ, առանձին կուսակցությունների ղեկավարներ ունեն իրենց հավակնությունները, եւ վատ բան չկա, երբ որեւէ մեկը համարում է, որ ինքը կարող է հաջողության հասնել, ոչ թե միավորվել մյուսների հետ մեկ թեկնածուի շուրջ։ Ի դեպ՝ մեկ թեկնածուի շուրջ հավաքվելը միշտ չէ, որ կարող է նրան օգուտ բերել։ Երբեմն դա կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ։
—Ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Արզաքանցյանի հետ կատարվածը, ՀՀԿ—ն պատրա՞ստ է վերանայել նրա անդամակցությունը կուսակցությանը։
—Նախ՝ ընդհանրապես նման դեպքերը դատապարտելի են, ցանկացած մարդու նկատմամբ մահափորձը դատապարտելի է՝ անկախ դրդապատճառներից։ Ինչ վերաբերում է դրդապատճառներին, կարծում եմ՝ պետք է սպասել մինչ գործի քննության ավարտը, երբ հանգամանքները պարզվեն, կարելի է նաեւ գնահատականներ տալ։
—Փաստ է, որ նա կազինոյում գումար խաղալիս է եղել։
—Տարբեր հղումներ կան, թե որտեղ է եղել այդ ժամանակ Տիգրան Արզաքանցյանը։ Ընդհանրապես՝ ես ողջունելի չեմ համարում պատգամավորների ներկայությունը կազինոյում։
—Ձեզ հետ հուշագիր ստորագրած գործընկերներն այսօր նեղացան, թե կարելի էր խորհրդարան կարեւոր օրինագիծ բերելիս համագործակցել իրենց հետ։
—Քաղաքական կյանքում քաղաքական էական նշանակություն ունի կոալիցիայի ձեւավորման համաձայնագիրը, մնացածը՝ կապված համագործակցության հետ, բոլորին մեծ ազատություններ է տալիս, այդ թվում՝ ՀՅԴ—ին, կառավարությունում անդամներ ունենալով՝ այլ դիրք գրավել։ Ես բացարձակապես ցանկություն չունեմ մեղադրելու ՀՅԴ—ին, բայց նման իրավիճակները նույնպես արտառոց են, այսինքն՝ դրանք սովորական իրավիճակներ չեն, եթե համեմատում եք այլ երկրների հետ։ Սովորաբար խորհրդարանում չի լինում երրորդ տեսակի քաղաքական ուժ, կա՛մ ընդդիմություն, կա՛մ կոալիցիայի մեջ գտնվող ուժ։ Քանի որ մենք մի քիչ արտառոց տարբերակ ենք ընտրել, կարծում եմ, պետք է մի որոշ ժամանակ դիմանալ, այնուհետեւ կյանքը կթելադրի, եւ ամեն ինչ կկարգավորվի։
—Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է՝ ՌԴ հաջորդ վարչապետը լինի։ Մեզ մոտ այդ սցենարը հնարավո՞ր է։
—Ընդհանրապես՝ սցենարներ բացառելն իմաստ չունի։ ՌԴ նախագահի հայտարարությունն իսկապես հետաքրքիր էր, եւ դա ցույց է տալիս, որ անցումային երկրներում կարող են լինել շատ անսպասելի լուծումներ։ Ընդ որում՝ գուցե անցումային երկրների համար նման լուծումները կոնկրետ խնդիրների եւ կոնկրետ դեպքերի համար կարող են օգտակար լինել։
—Հայաստանը եւս անցումային երկիր է։ Ընդհանրապես՝ տրամադրություններն ինչպիսի՞ն են՝ կապված Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու հետ, հաշվի առնելով այն, որ մենք շատ իրողություններ պատճենում ենք։
—Ես համաձայն չեմ, որ Հայաստանում տեղի ունեցող շատ իրողություններ պատճենում ենք, առավելեւս՝ կապված կոնկրետ դեպքի՝ կուսակցության համագումարի հետ։ Կարծում եմ՝ Հայաստանի բազմակուսակցական համակարգը բոլորովին այլ է, քան ՌԴ բազմակուսակցական համակարգը։
—Ռուսաստանի համար դա դրակա՞ն եք գնահատում։ Փաստորեն՝ խախտվում է իշխանափոխության սկզբունքը։
—Չեմ կարծում, որ նման սկզբունք է խախտվում։ Պարզապես՝ այլ խնդիր կա. ավանդական ժողովրդավարության, քաղաքական մշակույթ ունեցող երկրներում սովորաբար երկրների նախագահներն այլեւս այլ պաշտոն չեն զբաղեցնում։ Դեռեւս նման ճանապարհի վրա գտնվող երկրներում, կարծում եմ, այդ մոտեցումը չի կարելի բացառել։ Տվյալ դեպքում, կարծում եմ, նման լուծման առաջարկումն արտառոց չէ, առավելեւս, որ բացարձակապես որեւէ բանով չի հակասում երկրի Սահմանադրությանը։ Սա ամենակարեւորն է։ Կա այլ սկզբունք՝ իշխանության տարբեր թեւերի հակակշիռների եւ զսպումների համակարգը։ Այս առումով որեւէ խնդիր չի առաջանում, եթե նախագահն ավարտել է իր լիազորությունները եւ որոշ ժամանակ անց ստանձնում է կառավարության ղեկավարությունը։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/03/167/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv