Երեւանի Աջափնյակ համայնքում բացվեց Գեւորգ Չաուշի հուշարձանըՍեպտեմբերի 29—ին Երեւանի Աջափնյակ համայնքում բացվեցին Գեւորգ Չաուշի հուշարձանը եւ հուշահրապարակը։ Արարողությանը ներկա էր վարչապետ Սերժ Սարգսյանը։
Հանդիսավոր բացմանը յուրօրինակ շուք հաղորդեց այն պահը, երբ հուշարձանի սպիտակ ծածկոցի իջեցումից հետո պատվանդանին Արեւմտյան Հայաստանից բերված մի բուռ հող շաղ տվեցին։
«Սա, իրոք, կարեւոր իրադարձություն է, եւ վստահ եմ, որ նախաձեռնության հեղինակները ոչ միայն տուրք են մատուցել պատմությանը, Չաուշի վաստակին, միգուցե ավելի շատ՝ պատգամ են ուղղել, թե այսօրվա սերունդներն ի՞նչ պետք է սովորեն պատմությունից, եւ ի՞նչը պետք է այսօր արժեւորել։
Չաուշի պարագայում պարզ երեւաց հայրենասիրությունը, եւ այսօր, իրոք, կարիք ունենք մատնացույց անելու մեր հերոսների լավն ու բարին, մեր կյանքում դա շատ է պակասում։
Ինտեգրացիոն պրոցեսները, որ աշխարհում տեղի են ունենալու, չեն շրջանցելու Հայաստանը, եւ այս ճանապարհին մենք պետք է կարողանանք առանձնացնել մեր ազգայինը, այն, ինչ մեզ տարբերում է ուրիշներից եւ մասունքի ու սրբության պես պահել–պահպանել, որպեսզի մենք միշտ հայ մնանք։ Հայ մնալու այլ ճանապարհ չկա»,–նշեց վարչապետ Սերժ Սարգսյանը։
«Կերպարի վեհությունն ու քարի կարծրությունը համահունչ են, եւ ուսումնասիրելով իր կերպարը, իր ով լինելը, ես հասկացա, թե Չաուշի արձանի հետ աշխատելն ինչո՞ւ է դժվար, ինչ ճիգեր են պետք նրա էությունը լիովին ըմբռնելու համար։ Եղել եմ Արեւմտյան Հայաստանում, նրա ծննդավայրում՝ Սասնո գավառի Մկթենք գյուղում, եւ վերջապես գտա այն նյութը, որով պետք է կերտեմ արձանը։ Նրա կերպարի վեհությանը համարժեք է բազալտ քարի կարծրությունը»,–ասաց արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը։
Նշենք, որ հուշարձանի եւ հուշահրապարակի ճարտարապետն է Ժիրայր Պետրոսյանը։ Հուշարձանը կյանքի է կոչվել «Էրգիր» միավորման նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ (նախագահ՝ Սուրեն Ֆահրադյան)։

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/02/155/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv