Ավարտվեց տարեկան դեսպանահավաքը Երեւանում
Օտար պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված հայաստանցի դիվանագետների տարեկան հավաքի օրակարգը, ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, բավական ծավալուն էր։
Դիվանագետները ներկայացրել, վերլուծել եւ գնահատել են գլոբալ ու տարածաշրջանային քաղաքական իրավիճակները. «Լուրջ տեղաշարժեր կան, լուրջ զարգացումներ կան, նոր պրոցեսներ են սկսվել։ Բավական խորքային վերլուծություն է արվել, թե դրանք ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի վրա, եւ թե, ելնելով այդ ամենից, ինչպիսի արտաքին քաղաքական շեշտադրումներ են պետք։ Այնպես որ սա շատ օգտակար քննարկում էր»։
Դիվանագետները քննարկել են նաեւ Հայաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հարցեր։ Գնահատվել է կատարված աշխատանքը, ուրվագծվել հետագա անելիքները, տրվել հանձնարարականներ։
Հայաստանի արտաքին քաղաքականությունում այս տարի ներմուծվել է նոր տարր՝ մշակույթը։ Հայաստանն այդ դեմքով պետք է ներկայանա արտերկրին։ Քաջալերող է եղել այդ ուղղությամբ վերջերս ձեռք բերված դրական փորձը՝ Հայաստանի տարին Ֆրանսիայում եւ Ռուսաստանում։ Որոշվել է ընդլայնել այս աշխարհագրությունը։
Նախարար Օսկանյանը հայտնեց, որ անելիքները հիմնականում ընդհանուր են, եւ բոլոր դիվանագետների առաջին խնդիրն է ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ դիվանագիտությունը ծառայեցնել Ղարաբաղի հարցին։
Մինսկի խմբի համանախագահների հետ իր հանդիպման հիմնական թեման, նախարարի կարծիքով, կլինի նրանց վերջին այցի արդյունքների շարունակությունը, կքննարկվեն հետագա քայլերը։ Մամեդյարովի հետ հանդիպում չի նախատեսվում։

Նյու Յորք

Թուրքիայի արտգործնախարարի հետ Նյու Յորքում նախատեսված հանդիպման մասին Օսկանյանն ասաց, որ գլխավոր հարցը լինելու է. «Նոր մանդատով իշխանության վերահաստատումից հետո արդյո՞ք թուրքական քաղաքականության մեջ փոփոխություններ կլինեն Հայաստանի նկատմամբ»։ Իսկ Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնում՝ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, ամրագրեց նախարարը։
ՎՈւԱՄ—ի նախաձեռնությունը՝ իր անդամ—երկրների տարածքում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ, դեռեւս մնում է ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում, բայց դեռեւս որեւէ փաստաթղթի նախագիծ չեն դրել շրջանառության մեջ, հայտնեց Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով. «Նրանք նույնպես մտածում են, որ ՄԱԿ—ի շրջանակներում նման բանաձեւի անցկացումը բացասական հետեւանքներ կունենա կոնկրետ հենց այն հակամարտությունների նկատմամբ, որոնց մասին իրենք խոսում են եւ փորձում են աշխարհին համոզել, թե ուզում են նման բանաձեւերով հարց կարգավորել։ Նրանք դա լավ գիտակցում են եւ, կարծում եմ, նման քայլի դիմելուց առաջ լրջորեն կմտածեն դրա հետեւանքների մասին»։
ՄԱԿ—ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հավատացրեց, որ մեր դիվանագետները ամեն ինչ անում են կանխելու կամ չեզոքացնելու նման վտանգները, չնայած որ ՄԱԿ—ի ԳԱ ընդունած փաստաթղթերը իմպերատիվ ուժ չունեն, այլ ավելի շուտ ծառայում են PR—ին։ Ջուղայի խաչքարերի հարցը բարձրացվել է ՄԱԿ—ի մասնագիտացված կառույցում՝ ՅՈւՆԵՍԿՕ–ում, եւ քննարկվում է այնտեղ։ ԳԱ—ում այդ հարցը բարձրացնելը, հատկապես Հայաստանի առաջ ծառացած մյուս խնդիրների համեմատ, քաղաքականապես նպատակահարմար չէ, նկատեց Ա. Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի շրջափակմանը, Հայաստանն այդ հարցը մշտապես պահում է Երկրորդ կոմիտեի օրակարգում։

Մոսկվա

Ռուսաստանի դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ինչպես դեսպանահավաքում, այնպես էլ լրագրողներին ներկայացրեց, որ մեր երկու երկրների հարաբերություններում սուր անկյուններ գրեթե չկան, իսկ վարչապետի փոփոխությունը որեւէ բացասական ազդեցություն չունի։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա դեսպանը գնահատեց որպես «փայլուն հանդիպումներ». «Բոլոր հարցերին մենք ստացանք պատասխաններ։ Նոր ծրագրեր ունենք։ Մենք պետք է ձգտենք, որ ապրանքաշրջանառությունը, որ այս տարի հասել է 700 միլիոնի, հասցնենք միլիարդի։ Կա այսպիսի ցանկություն եւ հնարավորություն։ Մեր երկկողմ հարաբերությունները շատ ակտիվ զարգանում են»։
Վարչապետների հանդիպման օրակարգում առաջին հարցը եղել է տրանսպորտը։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ Վերին Լարսի ճանապարհը բաց կլինի 2008—ից։ Խոստացել է նաեւ, որ եկող տարվա սկզբից կգործի նաեւ երկրորդ լաստանավը։ «Չեմ կարող ասել, որ տրանսպորտի տեսանկյունից հարաբերությունները փայլուն են, բայց կա առաջընթաց»,–ասաց դեսպան Սմբատյանը։
Նա հայտնեց նաեւ, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի առողջական վիճակը բարելավվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Գործի քննությունը վարում է Մոսկվայի Տվերսկի շրջանի դատախազությունը՝ համագործակցելով Հայաստանի գլխավոր դատախազության հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։

Բրյուսել

Այս տարի լրանում է Հայաստան—ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երկրորդ տարին։ Ինչպես նշեց ՆԱՏՕ—ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սամվել Մկրտչյանը, ծրագրի կատարման գնահատումից հետո փաստաթուղթը կվերանայվի երկկողմ բանակցություններում. «Դուրս կթողնվեն այն հատվածները, որոնք արդեն իրականացվել են, եւ կավելացնենք նոր բաժիններ, նոր նպատակներ, որ Հայաստանը նպատակահարմար է գտնում դաշինքի հետ հարաբերությունների զարգացման ենթատեքստում»։
Բրյուսելում հայ դիվանագետների օրակարգում են ոչ միայն «զուտ հայկական» հարցեր, այլեւ մեզ անուղղակիորեն առնչվող հարցեր։ Սովորական սպառազինությունների մասին եվրոպական պայմանագրին Ռուսաստանի անդամակցության դադարեցման, միջուկային էներգիայի պաշտպանության ծրագրում Ադրբեջանի մասնակցության հավանականության հետ կապված հարցեր։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի փորձերին՝ հիմա էլ Ղարաբաղի հարցը քարշ տալ ՆԱՏՕ, ապա Սամվել Մկրտչյանն իրավամբ նկատում է, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ՆԱՏՕ—ում ունեն ընդամենը ասոցացված անդամի կարգավիճակ, եւ ընթացակարգը որեւէ հնարավորություն չի տալիս նման հարց բարձրացնել։

Առիթ չտանք Բաքվին

Երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Լեւոն Տեր—Պետրոսյանի՝ սեպտեմբերի 21—ի ելույթում արտահայտած մտքերին՝ Ղարաբաղի հարցի կարգավորման մասին։
«Կարծում եմ, որ Ղարաբաղի հարցում ցանկացած հայտարարություն պետք է զգուշավորությամբ լինի, որովհետեւ, վերջ ի վերջո, սա մեր բոլորի խնդիրն է, համազգային խնդիր է։ Մենք իսկապես պետք է ուշադիր լինենք մեր հայտարարություններում, որպեսզի ադրբեջանական կողմին ինչ—որ լրացուցիչ պատճառ չտանք դիրքորոշումները փոխելու կամ կարծրացնելու, կոշտացնելու։ Ես ունեմ որոշ մտահոգություն, որ վերջերս արված հայտարարությունը կարող է նման հետեւանք ունենալ։ Համենայնդեպս, կապրենք, կտեսնենք»,– ասաց Վ. Օսկանյանը։

Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/09/28/97/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv