Sep
28

Ասում է ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը
«Երբեմն զարմանքով լսում ես, որ որոշ մարդիկ ասում են, թե Ղարաբաղի հարցը հենց լուծենք, Հայաստանի պրոբլեմը կլուծվի։ Անկախության արդյունքում ձեռք բերված պետությունը նորմալ դարձնել մենք մե՛ր պատճառով չենք կարողանում. այստեղ Ղարաբաղի հարցը խանգարող հանգամանք չէ։ Ղարաբաղի հարցը չէ, որ խանգարում է մեր ներքին կյանքը կառուցել»,–այս խոսքերով ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Լեւոն Տեր—Պետրոսյանի սեպտեմբերի 21—ի ելույթին։
Ըստ Վ. Մանուկյանի, Ղարաբաղը եւ շրջափակումը կապ չունեն ոչ ընտրությունների անցկացման, ոչ գնաճի, ոչ էլ մյուս ներքին հարցերի հետ։ Նույնիսկ հայ—թուրքական սահմանը բացելը նա հնարավոր է համարում Ղարաբաղի հարցի լուծումից առաջ։
Ղարաբաղը միայն պրոբլեմ չէ, այլ «պատմական, ազգային, քաղաքական, տնտեսական հսկայական» արժեք է, ասաց բանախոսը։ «Իհարկե, մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի փոխզիջումների միջոցով։ Դրանք անորոշ գաղափար չեն. փոխզիջումները կարող են տարբեր լինել, բայց դրանց մեջ մի ֆունդամենտալ հարց կա՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է չլինի։ Սա քննարկման ենթակա չէ»,–ասաց Վ. Մանուկյանը։
«Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանը զիջումների չի գնում։ Բայց եթե մեկը հայտարարում է, որ համոզված է, թե Ադրբեջանը զիջումների չի գնա, եւ պետք է շտապ լուծել հարցը, դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է՝ դո՛ւ պետք է գնաս զիջումների, չէ՞»,–նկատեց Վազգեն Մանուկյանը։ Նա գտնում է, որ բանակցությունները պետք է անպայման շարունակվեն, բայց առաջիկա երկու—երեք տարում տեսանելի չէ, թե դրանք կբերեն վերջնական հանգուցալուծման։
Այդ տարիները Հայաստանը պետք է օգտագործի լավագույն պետություն կառուցելու համար, քանի որ, ըստ բանախոսի, ադրբեջանական նավթի հակակշիռը հայկական ժողովրդավարությունն ու զարգացած տնտեսությունը կարող է լինել։ «Միայն ազատ, պաշտպանված մարդը կարող է կերտել մեր պետությունը եւ Ադրբեջանի առաջ փոխզիջումների պարտադրանք դնել եւ գնալ առաջ»։ Իսկ այսօր, երբ Բաքուն հրաժարվում է զիջումներից, հարցի շուտափույթ լուծումը կնշանակի Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ. «Այս բոլոր պարտվողական խոսակցությունները, որ կան քաղաքական դաշտում, ինձ համար մերժելի են՝ անկախ այն բանից, թե կոնյուկտուրան ի՞նչ է պահանջում Արեւմուտքի հետ խոսելիս»։
Վազգեն Մանուկյանը գտնում է, որ բացի 1998—ից, ուրիշ ոչ մի անգամ Ղարաբաղի հարցը ներքաղաքական վեճի առարկա չի եղել. նույնիսկ հրադադարի հաստատումից ոչ շատ հետո՝ 1995—96թթ. քաղաքական ուժերն ընտրության էին գնում պարզապես ամրագրելով, որ հարցը պետք է լուծվի բանակցային ուղով։ Սրանով ԱԺՄ նախագահը ցույց է տալիս, որ երբեք էլ Ղարաբաղը պատճառ չի եղել ընտրակեղծիքների համար։
«Ես ֆուտբոլի մեկնաբան չեմ, որ ուրիշների խաղը մեկնաբանեմ,–պատասխանեց Վ. Մանուկյանն այն հարցին, թե ի՞նչն է փոխվել տասը տարում, որ ՀՀՇ—ն փորձում է վերադառնալ,–ես կխնդրեմ՝ «Փակագիծ» ակումբը թող հրավիրի Լեւոն Տեր—Պետրոսյանին՝ այդ հարցերը նրան կտաք։ Ինձ ինչո՞ւ եք հարցնում»։
Այնուամենայնիվ, «խաչաձեւ» հարցապնդումների արդյունքում Վ. Մանուկյանն ինչ—որ կարծիք հայտնեց. ինքն էլ է եղել «Ղարաբաղ» կոմիտեից, ոմանց ինքն է տարել այնտեղ, կոմիտեն պատմական դերակատարություն է ունեցել այն ժամանակներում, բայց հիմա արդեն անցած էտապ է. «Միշտ վերադառնա՞լ անցած էտապներին. կարելի է ունենալ նոստալգիա, կարելի է նստել դրա մասին հայրենասիրական երգեր երգել, բայց ես կողմ եմ, որ անընդհատ հետ չնայենք»։
Վազգեն Մանուկյանը դիտարկում է, որ Հայաստանում միշտ էլ եղել է գաղափարական պայքար, թեեւ հաճախ դա պարզապես «ջարդել—փշրելու» տեսք է ունեցել։ Հանրապետականը՝ պահպանողական, բուրժուական կուսակցություն է, Դաշնակցությունը՝ ավանդապաշտ, սոցիալիստական, ՀՀՇ—ական ուժերը՝ «լիբերալ եւ մի քիչ կոսմոպոլիտ», ազգային ժողովրդավարները՝ ազգայինով սահմանված լիբերալներ։ Բանախոսը համարում է, որ թեեւ նրանք լիովին հավատարիմ չեն հռչակված գաղափարներին, բայց զբաղեցնում են հիմնական գաղափարախոսական հոսանքները։ «Մի քիչ սեմինարի նման ստացվեց, բայց լավ է՝ քիչ ենք բամբասում»,–ասաց բանախոսը։
Միասնական թեկնածուի որոնումների, ընդդիմադիր լիդերների հանդիպումների արդյունավետության մասին հարցին Վ. Մանուկյանը պատասխանեց. «Բոլորը բոլորին համոզում են։ Բոլորի հետ կարելի է նստել, գարեջուր խմել, իրար համոզել, խոսել, բայց մի իրավիճակ է, երբ ոչ ոք չի ուզում որոշակիություն մտցնել իր գործունեության մեջ։ Հիմիկվա հանդիպումներն ավելի շատ շոշափում են տրամադրություններ, պահպանում են չայրված կամուրջներ կամ նոր կամուրջներ են գցում՝ հետագայում դրանցով վազվզելու համար։ Բայց առայժմ կամուրջները դատա՜րկ սպասում են իրենց անցորդներին»։
Ինքը՝ Վազգեն Մանուկյանն առաջադրվելու է եւ գոնե հիմա պնդում է, որ ոչ մեկին չի զիջի իր թեկնածությունը։ Նա ընտրական հաջողությունը տեսնում է «անձ—ծրագիր—թիմ» ամբողջության մեջ, որը կկարողանա իր համար համաժողովրդական աջակցություն ապահովել։ Ինչպե՞ս.
«Միասնական թեկնածո՞ւ։ Միգուցե։ Կարող է նաեւ իհարկե հինգ—վեց թեկնածու լինեն, բայց եթե երեք—չորսը միավորվեն, մյուսները կդառնան երկրորդական։ Հայաստանում դեռ դա չկա։ Եթե դա չլինի, եթե հինգ—վեց թեկնածու դնեն իրենց թեկնածությունը եւ գնան ուղղակի ձայներ ստանալու, ինձ, անկեղծ ասած, այդպիսի ընտրությունները չեն հետաքրքրում։ Ես 20 տարեկան տղա չեմ, որ գամ մի քանի տոկոս ստանամ, որ հետո գրեմ կենսագրությանս մեջ։ Ես գնում եմ ընտրությունների՝ հաղթելու համար. եթե հաղթանակի տարբերակ չկա, մասնակցել մի խաղի, որով դու լեգետիմացնելու ես ոչ ճիշտ բան, իմաստ էլ չունի»։
Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am/
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
