Միջազգային հետախուզում՝ 281 անձի նկատմամբ, մեր երկրում հայտնաբերվել են 3—ը
Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ ինտերնետային կապուղիներով տեղեկատվության անվտանգ եւ արագ փոխանակման I—24/7 համակարգին կմիանան ՀՀ ոստիկանության ծառայությունները, մարզային վարչությունները, սահմանային կետերը, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանը, ինչպես նաեւ մի շարք իրավապահ մարմիններ (գլխավոր դատախազություն, արդարադատության նախարարություն, ԱԱԾ) ու շահագրգիռ պետական գերատեսչություններ (արտաքին գործերի նախարարություն, մաքսային պետական կոմիտե, հարկային պետական ծառայություն)։
Ինչպես երեկ հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը, ԱԿԲ—ի կողմից մշակված փուլային ծրագրի արդյունքում ոստիկանության կարեւորագույն որոշ մարմիններ արդեն միացվել են I—24/7 համակարգին։ Նրանց հնարավորություն է տրվում ուղղակի մուտք գործել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տվյալների պահոցներ։ Նա փաստեց, որ, միջին կտրվածքով, ԱԿԲ—ի գործունեության տարեկան ծավալը կազմում է 13.000—14.000 փաստաթուղթ, հաղորդագրություն, հարցում, ինչպես նաեւ I—24/7 համակարգով ստացվող շուրջ 40 հազար տեղեկատվական միավոր։ Առաջին կիսամյակում ԱԿԲ—ն Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն է ուղարկել է 60 հաղորդագրություն՝ առնչվող թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, դրամանենգությանը, առեւանգված ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերմանը, մշակութային արժեքների գողությանը, զենք—զինամթերքի ապօրինի շրջանառությանը եւ այլն։ Ի դեպ, ԱԿԲ—ի ներքին տեղեկատվական պահոցները պարունակում են ավելի քան 130.000 տեղեկատվական միավոր։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ միջազգային հետախուզական աշխատանքներ են իրականացվում 281անձի նկատմամբ, որոնցից կազմակերպության հետախուզվողների ինտերնետային բաց վեբ Էջում զետեղված են առավել նշանակալի գործերով անցնող 11—ի տվյալները։ Միջազգային մակարդակով հետախուզվում է 33 անհայտ կորած անձ, հայտնաբերվել են 5—ը։ Ինտերպոլի անդամ երկրներում առաջին կիսամյակում հաջողվել է պարզել ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 71 անձի գտնվելու վայրը, որոնցից 53—ը ձերբակալվել են, 13—ը՝ ենթարկվել էքստրադիցիայի։
Ինտերպոլի անդամ երկրներից ստացված հարցումներով իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվար—սեպտեմբերին հաջողվել է Հայաստանում հայտնաբերել 16 հանցագործի, որոնցից 5—ը ձերբակալվել են, 2—ը՝ ենթարկվել էքստրադիցիայի։ Ի դեպ, հայտնաբերված անձանցից 3—ը հետախուզվել են միջազգային մակարդակով։
Նրա խոսքերով, ԱԿԲ—ն աջակցում է իրավապահ մարմիններին հանցագործների, անհայտ կորածների հետախուզման եւ անձանց նույնացման աշխատանքներում։ Միջազգային հանցավորության դեմ պայքարում ԱԿԲ—ի գործունեության հիմնական ոլորտներն են՝ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, մարդկանց առեւտուրը, փողերի լվացումը, կիբերհանցավորությունները եւ այլն։
Բանախոսը վստահեցրեց, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առավել ծանր հանցագործություն կատարած, քննությունից կամ պատժի կրումից խուսափող եւ հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերով անցնող անձանց միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացին։
Առաջին կիսամյակում միջազգային հետախուզում է հայտարարվել 4 անձի նկատմամբ, իսկ իրականացված աշխատանքների եւ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել եւ ձերբակալել միջազգային մակարդակով հետախուզվող 13 անձի, էքստրադիցիայի ենթարկել՝ 3—ին։ Նրա խոսքերով, ազգային բյուրոյի աշխատանքները կազմակերպվում են միայն կառույցի եւ իրավապահների ջանքերով, եւ չի առաջանում քաղաքացիների օժանդակության անհրաժեշտությունը։ Պատասխանելով լրագրողի՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող, բայց մամուլում հարցազրույցներ տվող Վանո Սիրադեղյանի գործի մասին հարցին՝ պաշտոնյան նշեց, որ իրենց խնդիրը չէ հետեւել նման իրողություններին։ Ըստ նրա՝ դրան պետք է արձագանքի հետախուզման նախաձեռնողը։
Անդրադառնալով ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության դեմ ծավալվող պայքարին՝ նա հիշեցրեց, որ 2004—ի գարնանից ստուգվում են մեր երկիր ներմուծվող բոլոր մեքենաները։ Հաշվետու շրջանում հայտնաբերվել է արտերկրից գողացված եւ հիմնականում եվրոպական երկրներից Հայաստան ներմուծված 18 տրանսպորտային միջոց։ Վ.Եղիազարյանն այս խնդրում դրական միտումներ է նշմարում՝ նկատելով, որ աշխատում են նաեւ վերադաջված ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ գնդապետը նշեց, որ վերջին շրջանում սակավ են դեպքերը, երբ թուրքական կողմը հետախուզում հայտարարի ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Ի տարբերություն դրան, մարդկանց առեւտրին առնչվող գործերով հայկական կողմը Թուրքիայում կամ ԱՄԷ—ում գտնվող անձանց մասին ավելի շատ է հարցումներ ուղարկում։
Հիշեցնենք, որ մեր երկիրը քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը՝ Ինտերպոլին, անդամակցում է 1992 թվականի նոյեմբերից, իսկ ՀՀ—ում Ինտերպոլի ԱԿԲ—ն ստեղծվել ու գործում է 1993—ի հունվարից։
Աշխատանքային բարձր կազմակերպվածության, արդյունավետ գործունեության եւ անձնակազմի ու ղեկավարության մասնագիտական պատրաստվածության շնորհիվ ԱԿԲ—ն 186 անդամ—պետությունների միավորող ավելի քան 80—ամյա պատմություն ունեցող կազմակերպությունում լավագույններից է։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ 2005 թվականին Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ։ ԱԿԲ—ն կապեր ունի Ինտերպոլի բոլոր անդամների հետ, իսկ առավել ակտիվ համագործակցում է շուրջ 80—ի հետ, որոնց թվում են Ռուսաստանը, Լեհաստանը, Գերմանիան, Բելգիան, Ուկրաինան, Թուրքիան, Հունաստանը, ԱՄՆ—ը, ԱՄԷ—ն, Իրանը։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/09/27/89/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv