Հոբելյանական «ՀԱՅ ՖԵՍՏ»—ը եւ Թումանյանի ոսկին
Հոկտեմբերի 4—14—ը Երեւանում թատերական աշնան «ոսկե» ժամանակն է, «ՀԱՅ ՖԵՍՏ» հինգերորդ միջազգային թատերական փառատոնի օրերը։
Սահունորեն փոխելով իր ուղղվածությունը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»—ը հավակնում է դառնալ տարածաշրջանի կատարողական արվեստների միակ միջազգային փառատոնը։Փառատոնին հանդես կգան 40 կատարողական խմբեր 33 երկրներից, Հայաստանից կմասնակցեն 17 թատրոններ, մայրաքաղաքի 14 բեմերում կցուցադրվեն 100—ից ավելի ներկայացումներ։ Վերջիններիս որակը գնահատելուց առաջ կազմակերպիչները տեղեկացնում են, որ փառատոնի հիմնական ծրագրից զատ, կա նաեւ «Ճամփեզր» ազատ ծրագիրը, որի մասնակիցները իրենք են ցանկություն հայտնում մասնակցել փառատոնին, չեն ֆինանսավորվում եւ պարզապես նպատակ ունեն ցուցադրելու իրենց արվեստը։
Սեմինարներ, վարպետության դասեր, հանդիպումներ, դիտումներ Ազգային պատկերասրահի կինոսրահում, եւ այս ամենի հետ փառատոնի շրջանակում կընթանա «Նոր դրամա» սեմինարների երկրորդ փուլը։ «Նոր դրամա» ասվածի լավագույն փորձարկումներն են Եվգենի Գրիշկովեցի «Ինչպես ես շուն կերա» եւ «Միաժամանակ» ներկայացումները, որ կցուցադրվեն «ՀԱՅ ՖԵՍՏ»—ի օրերին։
Փառատոնի մեջ եւ զուգահեռ սպասվում է նաեւ մանկական եւ տիկնիկային փառատոներ, դրանց ղեկավարն է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ «Փառատոնը աշխատանքային էտապ է, եւ հատուկ բեմադրություն անել փառատոնի համար՝ սխալ է»,–ասում է նա։
Թե «հայկականը» ինչ կերպով է ներկայանալու արտերկրների կողքին. «Ներկայանալու է նախ եւ առաջ «Անբան Հուռի» ներկայացումով, որը մեզ մոտ (տիկնիկային թատրոնում—Կ.Գ.) կոչվում է «Հենց այն Հուռին»։ Նոր ներկայացում է, հետաքրքիր ուղղվածությամբ, հեքիաթում խոսքը ոչ թե Հուռիի անբանության եւ ծուլության, այլ այն մասին է, որ Հուռին պարզապես ուրիշ աղջիկ է։ Մարդիկ կան, որոնք ծնված են, կներեք, փողոց ավլելու համար, եւ մարդիկ, որոնք ծնվել են երազելու համար, գուցե բանաստեղծություն գրելու։ Թումանյանը այնքան խորն է, չմոռանանք, որ նա հենց այնպես ոսկի որեւէ մեկին չի տալիս, իսկ անբան Հուռին ոսկին գտնում է։ Ուրեմն արժանիքներ ունի»։
Մշակույթի նախարարությունը այս տարի «առանձնահատուկ» ուշադրության է դարձրել փառատոնին. ֆինանսական աջակցությունը կազմում է 39 մլն դրամ։
«Արդեն ավանդույթ դարձած այս փառատոնը ունի իր հանդիսատեսը, մասնակիցների թիվը տպավորիչ է՝ 33 երկիր։ Մնում է հուսալ, որ այդ երկրներից եկած թատերական կատարողական խմբերը կբերեն այն նորը, զարմացնողը, որին կարոտ է մեր հանդիսատեսը։ Մասնակցությունը փառատոնին թող լինի ակտիվ, գործուն, մեր ուշադրության կենտրոնում կլինեն թատերական ինստիտուտի ուսանողները, որոնք այս տարի ավելի ազատ մուտք կունենան դահլիճներ, որպեսզի հետո նրանք ակտիվ հանդիսատեսից դառնան ակտիվ մասնակից»,–ասում է մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը։
Փառատոնը կրկին կմեկնարկի դիմակահանդեսային շքերթով, հոկտեմբերի 4—ին այն կսկսվի թատերական ինստիտուտի առջեւից եւ կշարժվի դեպի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, որտեղ եւ տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը։

Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/09/27/80/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv