Լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը

Երեկ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ասել է, որ ինքը, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններում, սակայն վերջնական որոշում կկայացնի առաջիկայում՝ Հանրապետական կուսակցության համագումարից հետո։
«Հայաստանում բազմաթիվ արժանավոր մարդիկ կան, եւ մեզ սպասվում է քաղաքակիրթ պայքար առաջիկա նախագահական ընտրություններում»,–ասել է Ս. Սարգսյանը։


Ո՞ր դեպքում է Երեւանը պատրաստ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ի պատասխան լրագրողի այս հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը, հանրապետության ղեկավարության կարծիքով, դեռեւս վաղաժամ է։ «Կարծում եմ, որ բանակցային գործընթացը այսօրվա դրությամբ դեռեւս լիովին չի սպառել իրեն։ Կարծում եմ, որ դա արմատական քայլ կլինի, որի բոլոր հետեւանքները հիմա դժվար է պատկերացնել։ Դժվարանում եմ ասել, թե երբ կարող ենք ճանաչել»։ Այնուհետեւ Ս. Սարգսյանը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին։ Երկու կողմերն էլ գիտակցում են փոխզիջման անհրաժեշտությունը. «Կարծում եմ, որ մենք պետք է ճանաչենք պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ Ադրբեջանը պետք է ընդունի ազգերի ինքնորոշման իրավունքը»։ Այս դեպքում, ըստ ՀՀ վարչապետի, հնարավոր է հասնել փոխզիջման։
Հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ։ «Սակայն նախապայմաններ դնում է թուրքական կողմը, թեեւ հիմա այդ անելն ավելի դժվար է նրա համար, քանի որ Թուրքիան ձգտում է անդամակցել Եվրամիությանը եւ նրան տեւական բանակցային գործընթաց է սպասվում»։
Իրանական հիմնախնդրի առնչությամբ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ միջազգային հանրությանը կհաջողվի խաղաղ լուծում գտնել բանակցային ճանապարհով։ «Իրանը Հայաստանի համար շատ կարեւոր երկիր է եւ անցանկալի գործընթացները Իրանում շատ ցավագին կանդրադառնան ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա»,– ասել է Ս. Սարգսյանը։ Անդրադառնալով հայ–իրանական համագործակցության հեռանկարներին՝ նա նշել է, որ Երեւանը պատրաստ է խորացնել, զարգացնել դրանք։
Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունների մասին հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ–ի անդամ, ճիշտ է համարում զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ։ «Եթե Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված չէ ՆԱՏՕ–ին անդամակցության հարցը, չի նշանակում, թե պետք է թշնամանանք ՆԱՏՕ–ի հետ։ Անշուշտ, մենք պետք է համագործակցենք, անշուշտ, պետք է փոխառենք այն լավը, ինչ կա այնտեղ»։

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/09/27/76/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: