Վարչապետ Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով եղավ Սյունիքի մարզում։ ՀՀ վարչապետն այցելության առաջին օրը՝ սեպտեմբերի 22—ին, մասնակցեց Գորիս քաղաքի եւ հարակից գյուղերի ջրամատակարարումն ապահովող ջրատարի բացմանը. այն խմելու ջրով կապահովի 32 հազ. 500 բնակչի։ Ջրագիծը կառուցվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրով, ծախսվել է 250 մլն դրամ։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի խոսքով, նման ծրագրեր իրականացվում են բոլոր մարզերում՝ բացառությամբ Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի։
Շաքի գյուղն ունի ոռոգման համակարգի եւ 1975 թվականին կառուցված գյուղապետարանի շենքի նորոգման խնդիր, ինչի վերաբերյալ հարցեր բարձրացրեցին գյուղացիները վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Գյուղն ունի 1350 բնակիչ, գազաֆիկացված է դեռեւս 63 բնակարան։
Հիմնականում փախստականներով բնակեցված Իշխանասար գյուղն առհասարակ դպրոցի շենք չունի։ Համայնքում 40 աշակերտների դասընթացը կազմակերպվում է 1946 թվականին կառուցված կոլտնտեսության ակումբում։ Ըստ դպրոցի տնօրեն Արայիկ Դավթյանի՝ 2008 թվականին նախատեսվում է գյուղում նոր դպրոց կառուցել. շինարարությունը կիրականցվի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ։
Վարչապետն այցելեց նաեւ Շաքի գյուղ, մասնակցեց գազի խորհրդանշական այրմանը։ Գյուղն արդեն գազաֆիկացված է, եւ մարդիկ կարող են կապույտ վառելիքն օգտագործել կենցաղային կարիքները հոգալու համար։ Հարեւան Խոզնավար գյուղում Սերժ Սարգսյանը մասնակցեց նոր դպրոցի բացմանը։ Վերջապես գյուղի 71 աշկերտները կարող են նախկին հին մասնաշենքից տեղափոխվել հարմարավետ դասասենյակներ։ Կրթօջախը կառուցվել է պետբյուջեից տրամադրված 160 մլն դրամով, նախատեսված է 120 աշակերտի համար։ Դպրոցի բացումից հետո վարչապետը զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել հեռավոր գյուղի բնակիչների հոգսերին։ Վարչապետի եւ նրան ուղեկցող պաշտոնյաների այցելության հաջորդ կանգառները Սյունիքի Տեղ, Կոռնիձոր եւ Խնձորեսկ գյուղերն էին։ Տեղ գյուղն արդեն գազաֆիկացված է. կապույտ վառելիքը տեղացիներին հասցնող խողովակաշարը նույնպես կառուցվել է «Գյուղացիական տնտեսությունների զարգացման» ծրագրից հատկացված 40 մլն դրամով։ Գազաֆիկացումից բացի, Տեղ գյուղում լուծված է նաեւ խմելու ջրի հարցը. նորակառույց ջրատարը եւս կառուցվել է կառավարության աջակցությամբ։ «Առաջիկայում բոլոր գյուղերում կլուծվեն նմանատիպ խնդիրները»,–ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը Կոռնիձորում եւս մասնակցել է գազի խորհրդանշական ջահի այրմանը։
Խնձորեսկում վարչապետը ծանոթացել է վերակառուցվող համայնքային ավտոճանապարհի աշխատանքներին։ Շինարարությունը, որի համար հատկացվել է 86 մլն դրամ, կավարտվի նոյեմբերին։
Սեպտեմբերի 22—ի աշխատանքային հանդիպումները Սերժ Սարգսյանն ավարտեց Գորիսում։ Քաղաքում շրջայցի ժամանակ նա այցելեց Գետափնյա թաղամաս, որտեղ նրան ներկայացվեց 600 ընտանիքով բնակեցված շենքերի տանքիների նորոգման եւ ներհամայնքնային ճանապարհների ասֆալտապատման հրատապ հարցերը։ Կիրակի առավոտյան վարչապետն այցելեց Կապան, որտեղ նույնպես ծանոթացավ փողոցների ու մի քանի բազմաբնակարան շենքերի լանջավոր տանիքների վերանորգման խնդիրներին։ Այդ աշխատանքները կկատարվեն ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 825, 7 մլն դրամով։ Վարչապետը կարճատեւ շրջայց կատարեց քաղաքում, այցելեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կառուցվող բիզնես—կենտրոնի շինհրապարակ։ Աշխատանքներին ծանոթանալուց հետո Սերժ Սարգսյանը Կապանի հիվանդանոցում մասնակցեց նորագույն սարքավորումներով հագեցած հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը։ Սյունիքում այժմ երիկամանային անբավարարությամբ տառապող եւ հեմոդիալիզի անհրաժեշտություն ունի 12 հիվանդ։
Վարդանիձոր գյուղում նորակառույց դպրոցի բացումից, Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վերանորոգված Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոց այցելությունից հետո վարչապետն այցելեց նաեւ Մեղրի, եղավ հայ—իրանական սահմանին՝ Մեղրիի մաքսակետում։ Աշխատանքային շփումները Սերժ Սարգսյանը եզրափակեց մեղրեցիների հետ հանդիպմամբ։
«Այցի եմ գալիս ոչ թե տպավորություններ ստանալու, այլ երկրի մարզերում իրավիճակին ծանոթանալու համար»,–Սյունիք կատարած այցն ամփոփելով՝ ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա՝ կառավարությունը փորձում է ավելի մանրամասն տեղեկանալ գյուղական բնակավայրերի խնդիրներին։ «Չնայած Սյունիքն արագ զարգացող մարզերից է, բայց սա առաջին հերթին լեռնավերամշակման ձեռնարկությունների գոտի է, եւ այստեղ բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան։ Այդ ամենը պետք է տեսնել, հասկանալ՝ սկսած նորոգման ենթակա տանքիներից մինչեւ ջրամատակարարման խնդիրներ։ Աշխատանքների ծավալներին ծանոթանալուց հետո նախագծեր կկազմվեն եւ որոշումներ կկայացվեն»,–նշեց վարչապետը։

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ
Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/09/25/44/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv