Հաջորդ տարի կենսաթոշակները, նպաստներն ու աշխատավարձերը կավելանան
Ասում է սոցապ նախարար Աղվան Վարդանյանը
Աշխատանքի հարյուր օրն ամփոփելու հերթը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանինն էր։
«Տարիներ շարունակ ոլորտում բարեփոխումներ ենք իրականացրել, բայց մի ամբողջական փաստաթուղթ չի ստեղծվել, որին ծանոթանալով՝ հասարակությունը կիմանա, թե մեր երկիրն այս ոլորտում ինչպիսի քաղաքականություն է իրականացնում։ Հարկավոր է նման մի փաստաթուղթ մշակել, որտեղ կնշվեն նաեւ արդեն կատարված աշխատանքները։ Այս աշխատանքը նախատեսում ենք կատարել առաջիկա 1—1,5 տարվա ընթացքում։ Հոկտեմբերի կեսերին նախարարության 10 մասնագետներ կգործուղվեն Լիտվա՝ ուսումնասիրելու նրանց փորձը, ապա մասնագետներ կգործուղվեն անցումային փուլում գտնվող մի այլ երկիր, ապա կմշակվի փաստաթուղթը»,–ասաց Ա. Վարդանյանը։
Նախարարությունն արդեն մշակել է կառավարության 2008—2012 թվականների ծրագրից բխող միջոցառումների ցանկը։ Տարեսկզբին հաստատվել է ազգային անվտանգության ռազմավարությունը, հանրապետության նախագահն ստորագրել է այն եւ հանձնարարել, որ բոլոր գերատեսչությունները դրանից բխող իրենց ծրագիրը մշակեն։ Նախարարությունը մշակել եւ կառավարության հաստատմանն է ներկայացրել այն։
Կառավարության գործունեության ծրագրի գերակա ուղղություններից մեկն է՝ ունենալ ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգ, կառավարության կողմից հաստատված փաստաթուղթ, որը պատասխան կտա ժողովրդագրական բազմաթիվ մարտահրավերներին։ Այն վերջնամշակման փուլում է եւ նախատեսվում է ընդունել հաջորդ տարի։
Ա. Վարդանյանի խոսքով՝ վերջին տարիներին պետբյուջեի հնարավորությունների աճմանը զուգընթաց՝ ավելանում են սոցիալական ոլորտին ուղղված միջոցները։ Պետական ամենամեծ ծրագրերից մեկն աղքատության ընտանեկան նպաստն է, եւ այստեղ հասցեականությունը մեծացնելու խնդիր կա։ Համակարգի կառավարման արդյունավետությունը մեծացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«1999—2005 թթ. մեր երկրում աղքատության մակարդակը 56 տոկոսից հասել է շուրջ 29 տոկոսի, ծայրահեղ աղքատությունը՝ 21 տոկոսից հասել է 4,6 տոկոսի, բայց մենք նպատակ ունենք 2012 թվականին հասնել աղքատության նորմալ մակարդակի, ինչը զարգացող երկրներում կազմում է 12 տոկոս, եւ 1,6 տոկոս ծայրահեղ աղքատության։ Եթե 2003 թվականին ընտանեկան նպաստի միջին չափը շուրջ 7 հազար դրամ էր, 2008—ին կլինի միջինը՝ 20 հազար դրամ։ Հաջորդ տարվանից միջին կենսաթոշակը կկազմի 21850 դրամ, այսինքն՝ միջին կենսաթոշակը կավելանա 65—67 տոկոսով։ Բազային նպաստը 4250—ից կհասնի 6800 դրամի, հիմնական կենսաթոշակը, որով հաշվարկվում են զինծառայողների կենսաթոշակները, 3 հազարից կհասնի 5 հազար դրամի, 1 տարվա ապահովագրական ստաժի արժեքը 230 դրամից կհասնի 395 դրամի։ Կավելանա նաեւ նվազագույն աշխատավարձը. կառավարությունը նախատեսում է 25 հազար դրամ, մենք առաջարկելու ենք, որ փոխվի նաեւ եկամտահարկի հարկման շեմը»,–նշեց Ա. Վարդանյանը։
Նախարարի խոսքով՝ կառավարությունը հնարավորություն է գտել հաջորդ տարվանից բարձրացնելու նաեւ քաղծառայողների բազային աշխատավարձը, որը 35500 դրամ է։ Հունվարի մեկից բազային աշխատավարձը կհասնի 40 հազար դրամի։ Դա անհրաժեշտ է պետական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար։
Հաջորդ հիմնական ուղղվածությունը զբաղվածության ծրագրերն են, աշխատաշուկայի ճիշտ կանխատեսումը, հաշվարկումը եւ աշխատուժի վերաորակավորման աշխատանքները, որպեսզի նոր պայմաններում նրանք մրցունակ լինեն։
Համակարգի հիմնական ուղղություններից մեկն էլ մոնիթորինգի հստակ գործող համակարգի ներդրումն է, որը շատ կարեւոր է ցանկացած ոլորտի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։
Կառավարության 2008—2012 թվականների ծրագրում ներառված են կառավարումն ավելի արդյունավետ, պետական համակարգը՝ ավելի թափանցիկ դարձնելու ծրագրեր։ Ա. Վարդանյանը վստահ է, որ տարիների ընթացքում որոշակի ռեզերվներ են կուտակվել, եւ այդ խնդիրը տարեցտարի ավելի լիարժեք կիրականացվի։
Ա. Վարդանյանի ղեկավարած ոլորտում գրեթե ավարտվել է օրենսդրության ձեւավորումը։ Մնացել են օրենքների, այլ իրավական ակտերի կիրառման ընթացքում առաջացող հարցերի ուղղումները. «Ոլորտի ռազմավարության մշակումը կտա բոլոր հարցերի պատասխանը, որն ակնկալում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ նկատի ունենալով մեր սահմանադրությամբ ամրագրված «սոցիալական պետություն» հիմնարար դրույթը»։
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեով ոլորտին կհատկացվի շուրջ 40 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 8 մլրդով ավելի միայն նախարարության մասով։

Հ. Գ. Անդրադռնալով ՀՅԴ գերագույն ժողովի՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշմանը, Ա. Վարդանյանը նշեց. «ՀՅԴ—ն Հայաստանում լիարժեք գործող քաղաքական կուսակցություն է։ Վերջին երեք ընտրությունների ընթացքում արձանագրվել է, որ ՀՅԴ—ն տարեցտարի ավելի հասանելի, ընկալելի է դառնում հասարակությանը, նաեւ՝ գրագետ կազմակերպված նախընտրական արշավների արդյունքում ՀՅԴ ցուցանիշները տարեցտարի աճում են, եւ, բնականաբար, հասարակությանը ներկայանալու այնպիսի հնարավորություն, որ նախագահական ընտրություններն են, ՀՅԴ—ն չէր կարող բաց թողնել։ Կոալիցիան համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ—ի հետ, որով առաջնորդվում ենք։ Մենք, որպես ՀՅԴ անդամներ, առաջնորդվելու ենք մեր կուսակցության որոշումներով, մնացածը բանակցությունների կամ նպատակահարմարության խնդիր կլինի։ Եթե հանրապետության նախագահը կամ վարչապետը գտնեն, որ ՀՅԴ նախարարները պետք է թողնեն աշխատանքը, մենք կթողնենք, եթե ոչ՝ կաշխատենք։ Սա քաղաքական մշակույթի մեջ տեղավորվում է, հակասություններ չկան»։
Նախարարի խոսքով՝ քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվում է, որ ՀՅԴ—ն ունենա նախարարներ, բայց պայքարի նախագահի աթոռի համար։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20070920_9&flag=am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/09/20/16/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv