Ապրիլի 17-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են զանգահարել քաղաքացիներ և հայտնել, որ ապրիլի 8-ից ոստիկանության աշխատակիցների կողմից արգելվում է քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա և այդ օրերին մի շարք անձինք ոստիկանության կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին: Նշվածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմ են մուտքագրվել նաև քաղաքացիների գրավոր բողոքները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները ապրիլի 17-ին եւ 20-ին այցելել են Հյուսիսային պողոտա և պարզել, որ նշված օրերին ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի հատման մասում, ինչպես նաև դեպի Աբովյան փողոց տանող հատվածում շարք կազմելով արգելում են որոշ անձանց մուտք գործել նշված տարածք:

Պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ` ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ 20-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների հարցին ի պատասխան ոստիկանության փոխգնդապետ Վ. Օսիպյանը հայտնել է, որ հրապարակային միջոցառման արգելումը պայմանավորված է նրանով, որ այդ տարածքի բնակիչների և հասարակական նշանակության օբյեկտների սեփականատերերի կողմից ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին ստացվել են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ նման միջոցառումների իրականացման արդյունքում խախտվում են իրենց իրավունքները: ՈՒստի ոստիկանության աշխատակիցներն արգելում են միայն այն քաղաքացիների մուտքը, որոնք ցանկանում են հրապարակային միջոցառում անցկացնել այնտեղ:

21_04-h-poxota1Ապրիլի 17-ին պաշտպանի ներկայացուցիչների և ոստիկանության աշխատակցի զրույցին ներկա է գտնվել նաև քաղաքացի Լ. Զուրաբյանը, որը հայտնել է, որ բերված փաստարկը չի համապատասխանում իրականությանը: Ասածը հիմնավորելու համար վերջինս իր մոտ է հրավիրել մոտ տաս անձանց և ոստիկանության աշխատակիցներին հայտնել, որ իրենք ցանկանում են պարզապես զբոսնել Հյուսիսային պողոտայում, սակայն Պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ ոստիկանության աշխատակիցներն արգելել են Լ. Զուրաբյանի և այդ անձանց մուտքը Հյուսիսային պողոտա, ավելին` հրահանգել են նրանց հեռանալ և չկանգնել Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի հատման մասի մայթեզրում:

Ապրիլի 20-ին պաշտպանի ներկայացուցիչներն ականատես են եղել, որ ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի հատման մասի մայթեզրում հավաքված մի խումբ անձանց հրելով դուրս են բերել այդ հատվածից` պահանջելով, որպեսզի նրանք անցնեն փողոցը` դեպի Կարապի լիճ: Նման պահանջ ապրիլի 17-ին ներկայացվել է նաև Պաշտպանի ներկայացուցիչներին:

Ոստիկանության փոխգնդապետ Վ. Օսիպյանը Պաշտպանի ներկայացուցիչների հարցին պատասխանել է, որ արգելում են մայթեզրին հավաքվել, քանի որ այդպիսով փակվում է մայթեզրը:

Այն անձինք որոնց արգելվել է զբոսնել Հյուսիսային պողոտայում, այնտեղից հեռանալով` հավաքվել են Ա. Բաբաջանյանի արձանին հարող տարածքում և այնտեղ շարունակել հրապարակային միջոցառումը: Հրապարակային միջոցառմանը մասնակցող անձանցից մեկը մոտեցել է պաշտպանի ներկայացուցիչներին և հայտնել, որ ոստիկանության աշխատակիցները պահանջում են այդ վայրում դադարեցնել հրապարակային միջոցառումը և այն անցկացնել Մ. Սարյանի արձանին հարող տարածքում:

Հրապարակային միջոցառման դադարեցման հիմքերի վերաբերյալ Պաշտպանի ներկայացուցչի հարցին ի պատասխան փոխգնդապետ Վ. Օսիպյանը հայտնել է, որ հրապարակային միջոցառման մասնակիցների կողմից խոչընդոտվում է այլ քաղաքացիների ազատ մուտքն ընդհանուր օգտագործման տարածք: Պաշտպանի ներկայացուցիչների պնդմանը, այն մասին, որ հրապարակային միջոցառմանը մասնակցում են 100-ից պակաս քաղաքացիներ, ինչպես նաև բացակայում են հրապարակային միջոցառման դադարեցման հիմքերը, որոնք սահմանված են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, ոստիկանության գնդապետ Ռ. Մելքոնյանը պատասխանել է, որ ինքը հաշվել է և հրապարակային միջոցառմանը մասնակցում են 100 և ավելի քաղաքացիներ:

Որոշ ժամանակ անց գնդապետ Ռ. Մելքոնյանը հրահանգել է ոստիկանության աշխատակիցներին հարկադիր դադարեցնել հրապարակային միջոցառումը: Ոստիկանության աշխատակիցները հրապարակային միջոցառմանը մասնակցող անձանց հրելով դուրս են բերել այդ հատվածից:

«Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Հյուսիսային պողոտա մուտք գործելն արգելելու միջոցով քաղաքացիների ոչ զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու իրավունքի սահմանափակումը համաչափ չէ սահմանափակմամբ հետապնդվող նպատակներին: Նման պայմաններում ակնհայտորեն խախտվում է հավասարակշռությունը խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի և այն անձանց իրավունքների պաշտպանության միջև, որոնք բնակվում կամ առևտրային գործունեություն են իրականացնում համապատասխան վայրում: Այս հավասարակշռությունը պետք է ուղղված լինի բնակիչների համար բնականոն պայմանների, ինչպես նաև համապատասխան հասարակական նշանակության օբյեկտների սեփականատերերի կողմից գործունեության իրականացման և հավաքների միաժամանակյա անցկացման ապահովմանը: Հետևաբար, համապատասխան տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրային գործունեություն իրականացնելու հանգամանքն ինքնին չի կարող հավաքի անցկացման համար արգելքի հիմք հանդիսանալ:

Ոստիկանությունը տվյալ դեպքում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք նվազագույն միջամտություն են նախատեսում քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը` ապահովելով համապատասխան հասարակական նշանակության օբյեկտների ազատ ելումուտի համար անհրաժեշտ գոտին` չխոչընդոտելով քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի իրականացմանը:

Պաշտպանը գտնում է նաև, որ 20.04.2009թ. Ա. Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում հրապարակային միջոցառման անցկացումն արգելելը Ոստիկանության կողմից կատարվել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված հիմքերի և կարգի խախտմամբ»,- ասված է ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարության մեջ:

Source: http://hetq.am

Permanent link:  http://www.armpress.com/hetq/2009/04/22/1499/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • April 2009
      M T W T F S S
      « Dec    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      27282930  
  • Archives

  • Links

  • International newspers: