May
1
Ի պատասխան «Հետք»-ի հրավերի` մասնակից լինել բանավեճին, ներկայացնում եմ ներքոբերյալ նյութը:
Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի եւ հնարավոր ելքերի շուրջ բանավեճը շարունակվում եւ էական արդյունք չի տալիս: Սեփական երկրի առաջընթացն ապահովելու փոխարեն, որը նաեւ ազգային անվտանգության հարցը կլուծեր, քաղաքական իրադարձությունները եղած խնդիրները հարթելու փոխարեն նորերն են ստեղծում` պատճառ դառնալով ներհասարակական լարվածության մեծացման: Ներկայացնելով իրավիճակի բացատրության սեփական տարբերակը` ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում ելքի ոչ ստանդարտ մի համակարգի ուրվագծի վրա: Ուրախ կլինեմ տեղեկանալ ընթերցողների առաջարկներին ու դիտողություններին` միասնական ջանքերով համընդունելի ելքի տարբերակ գտնելու եւ մեր երկիրը հզորացնելու համար:
Արծրուն Պեպանյան
Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» ակումբի համակարգող
Հանրային գիտակցության փոփոխության անհրաժեշտությամբ
(Պատրաստված է մինչ ընտրությունները, ներկայացնում է «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքի թերթային տարբերակը)
Հին շրջան
Մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում մենք եղել ենք կազմակերպված, օրինապաշտ եւ հզոր: Ասվածը արժանահավատ դարձնելու համար վկայակոչեմ օտար աղբյուրների` շումերական էպոսում հայերի երկիրը անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, անգլիացի պատմագիր Ֆինլեյնը փաստել է, որ Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության: Իսկ Շապուհը երանի էր տալիս հայոց գնդերի տիրոջը` գնդեր, որ տիրասեր էին, միաբան ու «որոնց նշաններից հուր ու բոց կելներ»:
Մեր նախնիները հին-արիական շրջանում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձեւավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական դասը, զինվորականները եւ ռամիկները: Քրմական դասը պատասխանատու էր ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն, եւ մեր պատմության այդ հատվածը «չի հիշում» սոցիալական պայքարի որեւէ դեպք, չի եղել ներքին ստրկություն:
Սակայն հետո հայ ժողովուրդը ենթարկվել է բարոյահոգեբանական մի շարք դաժան հարվածների: Նախ` ռազմականացված պետությունների ի հայտ գալուն զուգընթաց, մեր զինվորական դասը հետզհետե սկսեց միջամտել երկրի կառավարման գործերին, եւ ոգեղեն արժեքներ կրող քրմական դասն աստիճանաբար մեկուսացավ: Ապա սեմական, հելլենական, հռոմեական ժողովուրդների հետ շփումներն աղավաղեցին արիական արժեքային համակարգը: Նրանք իրենց հետ բերին նյութապաշտություն, պոռնկություն, վաշխառուություն՝ երեւույթներ, որոնք մինչ այդ խորթ էին հայերին:
Քրիստոնեության հաստատումով գլխատվեց հին արժեհամակարգը` իր հետեւորդներով հանդերձ: Հետո եղավ ներկրոնական յոթ հարյուրամյա քաղաքացիական պատերազմ, որին մեկ անգամ էլ զոհ գնաց հայության ընտրանին: Այս իրավիճակից օգտվեցին օտար նվաճողներն ու ոչնչացրին հայրենասիրությունն արյան մեջ կրող ազնվականությանը: Դրանից հետո արդեն հայ ժողովուրդը դադարեց լիարժեք պատմություն ունենալ, եւ սկսվեց ստրկության հազարամյակը, որը հայ էթնոսի ուղեղից ջնջեց հայրենիք, ազգ զգացողությունները, ճակատագրորեն միմյանց հետ կապվածության զգացումը, բարոյական, մտավոր եւ տնտեսական դարավոր ճնշման հետեւանքով ժողովուրդը դարձավ կրավորական, կորցրեց հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Հանրապետություններ
Բացասական այդ հատկանիշները պարզ երեւացին Առաջին հանրապետության տարիներին: Այդ շրջանի պատմությունը մի տեսակ լուսապսակով է պատված, բայց իրականում երկիրը քաոսի է մատնված եղել: Ու դա հասկանալի է` նշածս ծանր ուղին անցած հանրությունը չէր կարողանա կարգավորել երկրի ներքին կյանքը: Հանցավորությունն ընդունել է վիթխարի չափեր, զինված բազմություններ էին ցրված հանրապետության բոլոր անկյուններում եւ տրված էին ասպետական արշավների: Կողոպուտը հանցանք չէր: Բարոյական ըմբռնումը ոչնչացել էր: Սա են փաստում արխիվային նյութերը: Այդտեղ կարելի է գտնել նաեւ կառավարության նախագահին ուղղված Կարսի նահանգապետի զեկուցագիրը, ուր ներկայացնելով դառն իրականությունը` ասվում է, թե ոճիրն ունի քաղաքական, տնտեսական, իրավական բացատրություններ, բայց գլխավորն այն է, որ ժողովուրդը պետական հայացք, պետական աշխարհայեցողություն չունի…
Խորհրդային շրջանը հայտնի է ընթերցողին եւ դրան առանձնակի չեմ անդրադառնա: Ասեմ միայն, որ բռնապետության յոթանասուն տարում ձեւավորվեց հլու-հնազանդ մարդու մի տեսակ, ով գտնում էր, որ իրենից ոչինչ կախված չէ:
Անցումային փուլ
Խանդավառ կերպով ընկնելով կապիտալիզմի գիրկը` մենք քիչ բան գիտեինք այդ հասարակարգի մանկության փուլի մասին: Չգիտեինք, որ կապիտալիզմի սկզբնավորումը հնարավոր է ուղեկցվի դաժանություններով, սոցիալական աղետով:
Կապիտալիզմի կայացումը սովորական քաղաքական հեղափոխություն չէ. այս դեպքում արմատապես փոխվում են ունեցվածքային հարաբերությունները, եւ փոխվել ասելով` հասկացվում է փոքրամասնության կողմից հասարակության մեծամասնության թալանը: Ի հայտ է գալիս «նոր մարդը»` զգայական կապերով չսահմանափակված, հարստանալը կյանքի նպատակ դարձրած, եւ այդ նպատակին հասնելու համար դիակների վրայով անցնելուն պատրաստ մարդկանց հավաքականությունը, որի մոտ խիղճն ու բարոյականությունը ծիծաղ են առաջացնում, «հին» բարքերը խորթ են եւ հիմարություն, իսկ դրանք կրողները` մարդանման արարածներ, որոնց հետ կարելի է վարվել որպես անասունի:
Եթե ավանդույթներն ու օրենքները բավականին խորն են արմատացած լինում, ունեցվածքի կապիտալիստական վերաբաժանումը նվազ աղետներ է բերում, քանի որ «նոր մարդու» գործողությունները ենթարկվում են սահմանափակումների: Մեր հանրությունը, պարզ է, որ չպիտի կարողանար «նոր մարդու» դեմն առնել, եւ ունեցանք սոցիալական աղետ: Անգամ Շարժման տարիներին առաջացած ազգային գաղափարը չկարողացավ դիմագրավել այս երեւույթներին:
Անցումային փուլում գտնվող երկրներում տեղի է ունենում պետական ունեցվածքի բաժանում, եւ իշխանության մոտ կանգնած մարդիկ ամեն գնով ձգտում են հնարավորինս երկար օգտվել հարստություն ձեռք գցելու եզակի այդ հնարավորությունից: Եվ անցկացնել ընտրություն այդպիսի իրավիճակում, նշանակում է ԽԼԵԼ նրանցից այդ հնարավորությունը: Այս առումով առավել քան ծիծաղելի է արդար ընտրություն անցկացնելու` իշխանություններին ուղղվող աղերսը:
Ժողովրդավարության հաստատման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ տեղի չի ունեցել պետական ունեցվածքի վերջնական վերաբաշխում, եւ օրենքներով չի ապահովվել արդեն բաժանված ունեցվածքի անձեռնմխելիությունը: Բայց քանի որ մեր երկրում չեն գործում օրենքները, ապա այդ անձեռնմխելիությունն ապահովելը եւս դառնում է անհնար, եւ իշխողները հարկադրված են ամեն գնով պահել իշխանությունը` որքան հնարավոր է երկար ժամանակ:
Անցումային փուլի մեր ներկա շրջանը հայտնի է բյուրոկրատա-օլիգարխիական կապիտալիզմ անվանումով (օլիգարխ ասելով` նկատի ունեմ «գործարար», առանց բացասական երանգի): Այն այնքան էլ արդյունավետ համակարգ չէ, քանի որ բյուրոկրատիան, իր ձեռքում պահելով տնտեսության կառավարման հիմնական լծակները, կաշկանդում է մրցակցության կայացումը, մինչդեռ դա շուկայական հարաբերությունների գլխավոր գործոններից է:
Դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհի հաջորդ քայլը պիտի լինի նոմենկլատուրայից իշխանության հնարավոր մեծ մասնաբաժնի անցումը գործարար շրջանակներին: Որպեսզի այս գործընթացը տեղի ունենա, հարկավոր է ունենալ այս նրբությունը գիտակցող քաղաքական էլիտա, որը հաշվի կառնի, որ տնտեսական վերնախավը, որոշակի արտոնություններ ունենալով, միեւնույն է, սահմանափակումների մեջ է գտնվում, ունի ներքին դժգոհություն եւ դեմ չէ իրեն ազատություն եւ ինքնուրույնություն բերող փոփոխություներին: Նման էլիտան, հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի հետ միասին համապատասխան պայքարի մեջ մտնելով, իր քայլերով կնպաստի իշխանության վարչահրամայական համակարգի աստիճանական փլուզմանը:
Բայց այդ էլիտան մենք չունենք, եւ մեր ընդդիմադիր գործիչները, անցումային փուլի տրամաբանությունից բխող քաղաքական պայքար տանելու փոխարեն, ամեն անգամ պատերազմ հայտարարելով եւ՛ բյուրոկրատիային, եւ՛ գործարարներին` վերջիններիս հարկադրում են մոռանալ բյուրոկրատիայի հետ ունեցած ներքին հակադրությունները եւ փրկվելու համար մերձենալ նրան:
Բայցեւայնպես, եթե անգամ մեր ընդդիմությունը վաղվանից սկսի պահանջվող քաղաքականությունը վարել, ապա նկարագրված ազգային-պատմական կաշկանդիչ գործոնները, գործարար շրջանակների որակական տվյալները, միեւնույն է, էականորեն կդանդաղեցնեն մեր ընթացքը դեպի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծում: Իսկ ժամանակ մենք շատ քիչ ունենք: Այլ, առավել արդյունավետ միջոց է հարկավոր գտնել:
Ի՞նչ անել
Մեր ժողովուրդը ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը խանգարում է իր արդյունավետ զարգացմանը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում է սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, որ հնչել եւ հնչում են, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը: Պիտի կարողանանք գտնել իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ, որը ոչ միայն կչեզոքացնի նշածս բացասական երեւույթների ազդեցությունը, այլեւ էականորեն կփոխի հանրային մտածողությունն ու հանրային կյանքը: Գրեթե անհնարին թվացող այդ խնդիրը լուծել կարողանալու համար նոր համակարգը պիտի ունենա շոկային թերապիայի տարրեր, որպեսզի նվազեցվեն առկա, ձեւախեղված հանրային մտածողության կողմից արվելիք կաշկանդումները: Հիմնական շեշտը պիտի դրվի մարդու ենթագիտակցության վրա ազդելուն:
Նման «զորություն» ունի, իմ համոզմամբ, հանրային գիտակցության արմատական փոփոխման կոնսերվատիվ հեղափոխություն կոչվող, ոչ ստանդարտ համակարգը: Համաձայն այդ համակարգի` որեւէ հանրության գիտակցության արմատական եւ արտառոց վերափոխում ապահովելու համար հարկավոր է`
- պարզել հանրության զարգացումը կաշկանդող պատճառները եւ ձեւակերպել լուծման կարիք զգացող, հասարակության առջեւ ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,
- այդ հանրության պատմության էջերի վրայով ետ գնալ` մինչեւ նրա կյանքի հերոսական մի դրվագը (ցանկալի է` ամենահերոսականը) եւ պարզել, թե արժեքային ի՞նչ համակարգի շնորհիվ է ապահովվել հերոսական այդ շրջանի գոյությունը,
- մշակել եւ կիրառել հանրային գիտակցության վրա ազդելու յուրահատուկ համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի վերակենդանացնել արժեքային հին համակարգը եւ այն կրող մարդուն:
Ճշտենք` խոսքն անցյալին վերադառնալու մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է համարվում ոչ թե կոնկրետ պատմական կացութաձեւը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը: Այս հեղափոխության նպատակը ոչ թե տնտեսական, այլ հոգեւոր թռիչքային փոփոխություն իրականացնելն է:
Ամենադժվարինը երրորդ կետի պահանջների բավարարումն է: Այստեղ է, որ գործ ենք ունենալու ոչ ստանդարտ քայլերի հետ: Սովորական խոսքը, օրինակը, քաղաքական դասական գործընթացները բավարար չեն հանրային առկա գիտակցության մեջ պահանջվող փոփոխություններն ապահովելու համար, եւ հարկավոր է դիմել էզոթերիկ գիտելիքների ծնունդ արտառոց քայլերի: Դա անչափ բարդ, որոշակի պատրաստվածություն ունեցող լսարանին հասու համակարգ է, ուստի կբավարարվեմ ընդհանուր գծերի ներկայացմամբ:
Հանրային գիտակցության պահանջվող վերափոխումն իրականացնելու համար անհրաժեշտ է ժողովրդի առջեւ դնել շատ ավելի մեծ, ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ ներդաշնակ, համամոլորակային (կամ գուցե` տարածաշրջանային) չափանիշների մի Գերխնդիր եւ այդ Գերխնդրից բխող մեսիականության հավատ ներարկել ժողովրդին. դա օգնում է գերկոնսոլիդացնել ուժերը, եւ հեշտանում է ներքին պրոբլեմը լուծելը: Մեսիականության կամ ազգի համար համամարդկային առաքելության սահմանման դեպքում արմատապես փոխվում է անհատի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ, եւ մեծ իդեալին հասնելու ճանապարհին վերջինս բնազդային «թշնամուց» վերածվում է գաղափարակրի ու զինակցի: Այս դեպքում հնարավոր է լինում խուսափել քաղաքացիական պատերազմից կամ դրան գրեթե համարժեք ներքին լարվածությունից:
Մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը, եւ ազդման ոչ ստանդարտ համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ «գրգռել» նրա պատմության այս կամ այն շրջանի «գենային կոդը»: Իմ որոնումներում առայժմ երկու առաջարկի եմ հանդիպել` Մամիկոնյանների շրջանի Հայաստանը եւ հին-արիական շրջանը:
Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է ունենալ Նվիրյալների խումբ, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկված կլինեն եւ խմբի հիմքը կկազմեն ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ: Այդ խմբի խնդիրն է լինելու մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգի մշակումը, որի նպատակը նրա գենային հիշողության արթնացումն է: Ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ Առաքելակիր-առաջնորդի(ների) կայացումը, հանրության մոտ հերոսական հին շրջանը վերադարձնելու ունակ Առաքելակիր-առաջնորդի սպասման ձեւավորումը, հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ, վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը, հասարակության ոգեւորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ, ժողովրդական զանգվածներին վերանձնային գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոցի ստեղծումը, ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցության ունեցող երաժշտության (համակարգի) ստեղծումը, հանրային գիտակցության վրա ազդող կարգախոսների, խորհրդանիշների, ծեսերի, տոների ստեղծումը, դեպի հայի սիրտ տանող «ճանապարհի» հայտնաբերումը եւ այլն:
…Տիեզերական շրջափուլի փոփոխություն է տեղի ունեցել, եւ որոշ ժողովուրդների ակտիվ դերակատարություն է սպասվում: Հատկապես այն ժողովուրդների, որոնք ժամանակին սերտ առնչություններ ունենալով Վերին Ուժերի հետ` որոշակի դերակատարություն են ունեցել մոլորակի կյանքում: Այդ ցուցակում, վստահ եմ, մենք էլ կանք: Եվ ոչ` վերջին տեղերում: Ու վա~յ մեզ, եթե ստորին կրքերին տրվելը շարունակելով` անընդունակ գտնվենք ըմբռնելու եւ իրագործելու հրահանգ-հորդորը: Ով-ով, բայց մենք լավ գիտենք, թե ինչպիսի պատիժ է լինում նման դեպքերում…
Իմ այս խոսքերը շատերի մոտ ուտոպիայի տպավորություն կթողնեն, սակայն «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքում հանգամանալից ներկայացրել եմ այս եղանակով հանրային գիտակցության արմատական փոփոխություն իրականացրած երկու ժողովրդի օրինակ:
Հ.Գ. Հեղինակը պատրաստ է հետաքրքրվողներին տրամադրել «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքի էլեկտրոնային տարբերակը:
Արծրուն Պեպանյան
Source: http://www.hetq.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.