«Կարող են ձերբակալել նաեւ ինձ»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը«Ամեն ինչ շատ ավելի բարեհաջող է ընթանում, քան ես ծրագրել էի»,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով` Ազատության հրապարակում ժողովրդի գերմոբիլիզացիան գահավիժման տեմպ է հաղորդում պետական մեքենային:

«Մինչ այս պահն իշխանութունների սցենարը հակառակ իրենց է գործել: «Հայլուր»-ով որքան հայհոյում են, այնքան հանրահավաքի մասնակիցների թիվն ավելանում է: Սուտ ինֆորմացիա են տարածում, որ գիշերը հարձակվելու են Ազատության հրապարակի վրա, բայց վրանաբնակների քանակն աճում է: Երեկ 5-7 հազար մարդ է գիշերել այս հրապարակում»,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը` շեշտելով, թե իշխանությունները չեն համարձակվի ժողովրդի դեմ զանգվածային բռնություն կիրառել, քանի որ, նախ` այդ ուժը չունեն, հետո` «նրանք խելագարներ չեն, եւ դա կլինի իրենց վերջը»:

Առաջին նախագահի գնահատականով` հակառակ ազդեցությունն են թողնում նաեւ իշխանությունների սանձազերծած զանգվածային ձերբակալությունները:

«Այսօր նույնիսկ իմ թիկնազորի պետին են տարել վարչություն եւ պահանջել, որ զինաթափի թիկնազորը: Իհարկե, նա այդ պահանջին չի ենթարկվել, որովհետեւ ենթարկվում է օրենքին: Թող փոխեն օրենքը, հետո նոր նման պահանջ ներկայացնեն,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը:- Կարող են ձերբակալել նաեւ ինձ. այդպիսի բան էլ է մտքներով անցնում: Ի՞նչ է եղել, թող ձերբակալեն»:

Առաջին նախագահը հիշեց, որ երբ 1988 թ. Գորբաչովը ձերբակալել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, 10 ամիս հետո ինքը դարձել է նախագահ. «Իսկ եթե Սերժիկն ինձ ձերբակալի, հաջորդ օրն եմ դառնալու նախագահ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր եւս ընդգծեց, որ Ազատության հրապարակից գնալու է միայն նախագահի նստավայր:

Source: http://www.hetq.am

Permanent link:  http://www.armpress.com/hetq/2008/02/25/979/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: