Jan
29
«Ազգային Համաձայնություն» կուսակցությունն առաջինն է հայաստանյան կուսակցություններից, որ դաշինք է կնքել հայրենիքի նվիրյալ պաշտպանների եւ գիտության հետ:
Այդ դաշինքի արդյունքում են ծնվել կուսակցության եւ նրա կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանի սկզբունքային դիրքորոշումները:
Ներքին քաղաքականություն
Նախընտրական ծրագիրը կոչված է նպաստելու ժողովրդավարական արժեքների ձեւավորմանն ու իրականացմանը: Հենվելով ազգային համաձայնության հասարակության` որպես առաջնային ժողովրդավարական արժեքի վրա, այն նպատակ ունի աջակցելու հասարակական համագործակցության գործընթացներին:
Ազգային համաձայնության հասարակության ստեղծումը ենթադրում է համապատասխան պետաիրավական բարեփոխումներ:
Մեր տեղը տարածաշրջանում ու աշխարհում
Աշխարհագրական մեր դիրքը բացառիկ է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ակտիվ դիրքորոշման համար: Միջազգային կառույցներում ընդգրկվելը պետք է ուղեկցվի այնպիսի նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան իրացնել մեր դիրքի ու մշակույթի առավելությունները:
Ղարաբաղյան հիմնահարց
Մեր իսկ օգնությամբ ձեւավորվել է մի տեսակետ, համաձայն որի մենք զավթիչ ենք, իսկ Ադրբեջանը ագրեսիայի զոհ: Ունենալով հաղթական փաստարկներ, բայց չունենալով ազգային հայեցակարգ, որը պետք է դրվեր արտաքին քաղաքականության հիմքում, մենք տանուլ ենք տալիս քարոզչական եւ դիվանագիտական պատերազմը: Նույն այդ պատճառով էլ մենք շատ անգամ ենք ջուր լցրել Բաքվի ջրաղացին:
Բաքվին ձեռնտու էր Լեռնային Ղարաբաղը նույնացնել ինքնավար մարզի հետ. մենք չառարկեցինք դրան` ընդունելով, թե իբր Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավել ենք տարածքներ` որպես անվտանգության գոտի:
Բաքվին ձեռնտու էր ադրբեջանահայության խնդիրը լռության մատնելը, իսկ մենք չտվեցինք հակամարտության իրական զոհի անունը:
Բաքվին ձեռնտու էր Ստեփանակերտին դուրս մղել բանակցային գործընթացից, մենք չդիմադրեցինք դրան:
Գոնե մեկ անգամ չասացինք, որ մինչ Ադրբեջանական Հանրապետության միջազգային ճանաչումը ԼՂՀ-ն կայացել է Բաքվին չպատկանող տարածքներում:
Գոնե մեկ անգամ չասացինք, որ խնդրի իրավական հիմքերի տեսակետից կենտրոնական եւ հյուսիսային Արցախը Բաքվի կողմից օկուպացված տարածք է:
Մենք տանուլ ենք տալիս քարոզչական ու դիվանագիտական պատերազմը:
Հատկապես անմխիթար է խորհդարանական դիվանագիտության վիճակը, որտեղ մեր անճարակության պատճառով անընդհատ հետընթաց է արձանագրվում:
Ղարաբաղի հարցում ճշմարտությունը եւ իրավունքը մեր կողմն են, մնում է, մենք լինենք նրանց կրողը:
ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Նորովի նայենք սփյուռքի հետ համագործակցության ձեւերին: Մեզ պետք են կուսակցական թեքումներից զերծ համազգային կառույցներ, որոնք աշխարհասփյուռ հայությանը կբերեն ազգային համաձայնության, կդարձնեն մեկ միասնական ընտանիք` ընդհանուր նպատակներով ու հույսերով, քրիստոնեական արժեքներով ու կենսակերպով:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ: ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՎ ԴԵՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հայաստանում քաղաքական եւ տնտեսական իշխանությունները հայտնվել են նույն ձեռքում: Այստեղ է բոլոր չարիքների արմատը` քաղաքական կյանքի քրեականացում, կոռուպցիա, սոցիալական բեւեռացում, արտագաղթ…: Իշխանափոխությունը խնդրի լուծում չէ. նորերը նույնն են անելու, եթե համակարգը մնա նույնը: Օրվա հրամայականը քաղաքական եւ տնտեսական իշխանությունների անցավ բաժանումն է: Ինչպես անել դա.
Առաջարկում ենք օրենքով հիմնել ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏ եւ նրան հանձնել տնտեսության մասնավոր հատվածի փաթեթը: ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ գործերին Ազգային Ժողովը կմիջամտի միայն երկրի անվտանգության հարցերի առնչությամբ: ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ անդամների ընտրությունը կատարվում է ըստ գործարարների մուծած հարկերի, սոցիալական հատկացումների եւ ներդրումների ցուցանիշների: Գործարարն այլեւս չի ցանկանա հայտնվել Ազգային Ժողովում, քանի որ այնտեղ նա անելիք չի ունենա:
Փոքր ու միջին բիզնեսի գործարարները միավորվելով` կարող են ձեռք բերել ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ մանդատ: Ոչ մեկին ձեռնտու չի լինի մնալ ստվերում, եւ մրցակցությունը կդառնա իրապես ազատ, ինչը կհանգեցնի ներդաշնակության. մենք կունենաք քաղաքական ու տնտեսական նոր մշակույթ` ազգային համաձայնության մշակույթ:
Հայաստանը` սոցիալական արդարության երկիր
Առաջարկվող տնտեսական քաղաքականության արդյունքում իսկապես բովանդակություն կստանան հետեւյալ կարգախոսերը.
Հայաստան` հավասար հնարավորությունների երկիր:
Հայաստան` առանց արտոնյալների:
Հայաստան` առանց մերժվածների ու լքվածների:
Կկազմվեն հատուկ ծրագրեր սոցիալական խոցելի խմբերի, մասնավորապես ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամների համար:
Գիտություն, կրթություն եւ մշակույթ
Գիտությունը եւ կրթությունը մնում են մեր ներուժի գլխավոր բաղադրիչներն ու մեր հարատեւության երաշխիքը: Ազգի ու պետության առջեւ ծառացած բոլոր հարցերը պահանջում են գիտական մոտեցում: Վարելով լուրջ ներդրումային քաղաքականություն, համագործակցելով այլ երկրների գիտական կառույցների հետ, կարեւորել գիտության դերը սոցիալական, տնտեսական, մշակույթային ու արտաքին քաղաքական ծրագրերի իրականացման գործում` տալով գիտությանը համապատասխան պատվերներ:
Կրթության ոլորտում ապահովել իրական դասապրոցեսի առկայությունը` այն համարելով մատաղ սերնդի ապագա ձեռքբերումների գրավական:
Լրջորեն մշակված ծրագրերի միջոցով պետական հովանավորություն ապահովել մշակույթի ոլորտում: Մշակույթային արժեքների իրական կրողներին խրախուսել` օգնելով նրանց առանց մտահոգություննեի զարգացնել դրանք:
Արտաքին քաղաքականության հիմնադրույթները
Անհրաժեշտ է վարել ճկուն, բազմավեկտորային արտաքին քաղաքականություն, որը ներառում է քաղաքական երկխոսության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների ամրապնդում բոլորի` նախեւառաջ հարեւան պետությունների հետ, կառուցողական մասնակցություն տարածաշրջանային գործընթացներին, փոխշահավետ համագործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
ԱՊՀ - Տնտեսական համագործակցության արդյունավետ զարգացում, շարունակել գործունեությունը ընդհանուր անվտանգության համակարգում:
ՀԱԴԿ (NATO)- Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ` շարունակել ընդլայնել ներգրավվածությունը ՆԱՏՕ-Ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Առաջնորդվել գործակցության եւ համագործակցության սկզբունքներով` առանց վնասելու այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները:
Եվրամիություն- Եվրամիությունում ընդգրկվելու մեր նպատակը չպետք է լինի ազգային արժեքների հաշվին:
Տարածաշրջանային ինտեգրացում- Կուսակցությունը կարեւորում է կառուցողական մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին.
Առաջնորդվելով Հայաստանի շահերով` աշխատել համադրել գերտերությունների շահերը տարածաշրջանում:
1 - Անհրաժեշտ է համադրել ԱՄՆ-Ի եւ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում:
2 - Կուսակցությունը Ռուսաստանին դիտում է որպես ռազմավարական գործընկեր եւ կարեւորում է փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացումն ու զարգացումը:
Գլոբալիզացիա - Հայաստան - Հայաստանի հզորացման, հասարակության ազգային մոդելի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի մեր երկիրը գլոբալացման կրավորական հարմարվողական օբյեկտից վերածվի ակտիվ ազգաշինարար սուբյեկտի:
Ներքին քաղաքականության հիմնադրույթները
Հենվելով ազգային համաձայնության հասարակության` որպես առաջնային, ժողովրդավարական արժեքների ձեւավորմանն ու կյանքի կոչմանը, աջակցել հասարակական համագործակցության գործընթացներին:
Ժողովրդավարության արմատավորում - Անհրաժեշտ է նպաստել ժողովրդի քաղաքական մշակույթի բարձրացմանը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, բարեփոխել ընտրական համակարգը (ընտրությունը պետք է կատարվի ըստ նախապատվությունների հանրագումարի):
Սահմանադրական բարեփոխումների միջոցով հասնել իշխանության թեւերի իրական տարանջատմանը, հավասարակշռությանը եւ փոխադարձ զսպումների գործուն մեխանիզմների ապահովմանը:
Ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է կանխել արտագաղթը, ապահովել ազգային տնտեսության պաշտպանվածությունը եւ տեղեկատվական անվտանգությունը, Ազգային գաղափարախոսությունը եւ բարոյականությունը, երկրի բնական հարստությունները, ռազմական հզորությունը, արդյունաբերական եւ ագրարային պոտենցիալը, ինչպես նաեւ աշխատանքային եւ ինտելեկտուալ ներուժը:
Լավ երկրում ընդդիմությունն էլ է իր տեղում - Անհրաժեշտ է ընդունել օրենք ընդդիմության մասին, որով կամրագրվեն նրա իրավունքները` այսինքն, կընդունվի նրա պետական համակարգի մաս լինելը եւ ընդդիմությունը պաշտպանված կլինի օրենքով: Իշխանության եւ ընդդիմության համագործակցությունը կլինի փոխշահավետ եւ կնպաստի երկրի զարգացմանը:
Հարկային քաղաքականություն - Անհրաժեշտ է վարել մեղմ հարկային քաղաքականություն` նվազեցնելով հարկատեսակների թիվը, ինչպես նաեւ շահութահարկի տոկոսադրույքը: Առաջնորդվել հարկային կադաստրի սկզբունքով: Օրենսդրորեն կարգավորելով պետության եւ հարկատուի փոխհարաբերությունները (ապահովել հարկատուի պաշտպանվածությունը կամայականություններից):
Բյուջետային քաղաքականություն - Բարեփոխելով օրենսդրական եւ նորմատիվային դաշտը` ապահովել պետական ծախսումների առավել արդյունավետությունը, ինչպես նաեւ վերահսկելի դարձնել պետական բյուջեի կատարումը:
Դրամավարկային քաղաքականություն - Պահպանելով դրամական շուկայի հավասարակշռությունը եւ խուսափելով տատանումներից ու ցնցումներից` վարել հրապարակային, թափանցիկ դրամավարկային քաղաքականություն:
Ներդրումային մթնոլորտի բարելավում - Անհրաժեշտ է այնպիսի օրենսդրական դաշտի ապահովում, որը հնարավորություն կտա խթանելու ներդրումները: Բարեփոխել բանկային համակարգը (դիտարկելով բանկերը որպես գործընկերներ):
Հակամենաշնորհային քաղաքականություն - Կուսակցությունը կարեւորում է հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը` բացառությամբ ԱԺ-ի կողմից օրենքով ամրագրված այն ոլորտների, որտեղ, ելնելով երկրի անվտանգությունից. պետությունը պետք է ունենա մենաշնորհ:
Գործազրկության նվազեցում - Ակտիվ ներդրունային քաղաքականության շնորհիվ ստեղծել նոր աշխատատեղեր` նվազեցնելով գործազրկությունը:
Փոքր եւ միջին բիզնեսի զարգացում - Ընդունելով պետության կարգավորիչ դերը` կարեւ որում ենք այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք
կձեւավորեն ամբողջական համակարգ պետության, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների եւ աշխատողների միջեւ` դարձնելով այս ընկերության հնարավորությունների օգտագործումը ազգային համաձայնության հասարակության սոցիալական հիմք:
Տնտեսական քաղաքականության անկատարությունը, չհամակարգված լինելը, պետական կառույցներում տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի հիմք են ծնում: Տնտեսական, իրավական բարեփոխումների շնորհիվ կստեղծվի մի իրավիճակ, որը կապահովի հասարակությունը ամուր հակակոռուպցիոն նորմատիվային բազայով` դարձնելով կաշառակերությունը հասարակության բոլոր խավերի բարոյական խնդիր:
Աղքատության հաղթահարում - Մենք աղքատության հաղթահարումը դիտում ենք որպես ճիշտ տնտեսական եւ սոցիալական քաղաքականության հետեւանք:
Տարածքային քաղաքականություն - Տարածքային քաղաքականության հիմնադրույթները պետք է ամրագրված լինեն Սահմանադրությունում: Տարածքային քաղաքականությունը պետք է նպաստի բնակչության կենսաապահովման խնդիրների լուծմանը եւ տարածքների համաչափ զարգացմանը: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել սահմանային շրջաններին:
Աղետի գոտու զարգացում - Հատկապես անհրաժեշտ է արագացնել աղետի գոտու զարգացման գործընթացը:
Սահմանամերձ եւ հեռավոր շրջաններ - Սահմանելով հարկային եւ վարկային արտոնություններ` զարգացնել տնտեսությունը սահմանամերձ եւ հեռավոր շրջաններում: Ստեղծել պետական ԲՈւՀ-երի մասնաճյուղեր` աստիճանաբար ապահովելով տեղական կադրերով;
Ագրարային քաղաքականություն - Պետությունը, որպես գյուղացու հուսալի գործընկեր, պետք է օժանդակի նրան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման (վարկերի տրամադրում, սերմացուի, թունաքիմիկատների եւ պարարտանյութերի ձեռքբերման հարցերում աջակցություն) եւ գյուղմթերքների վերամշակման գործում:
Սոցիալական քաղաքականություն
Սոցիալական ոլորտում պետք է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որն էապես կթուլացնի հասարակության մեջ առկա բեւեռացումը` նպաստելով հասարակության բոլոր անդամների կենսամակարդակի բարձրացմանը:
Առողջապահություն
Իրականացնել նպատակային սոցիալական եւ ներդրումային քաղաքականություն, որը կնպաստի առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը եւ մատչելիությանը:
Հասարակության բոլոր խավերում, հատկապես երիտասարդների մոտ կարեւորել առողջ ապրելակերպի, ապորտի զարգացման անհրաժեշտությունը:
Կրթություն
Պետք է բարձրացնել դպրոցի դերը եւ ապահովել դպրոցից ԲՈւՀ սահուն անցումը: Անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներով ապահովել ներբուհական ժողովրդավարությունը, որը կնպաստի ԲՈւՀ - երում ֆինանսական միջոցների ծախսման թափանցիկությանը եւ ԲՈւՀ- ի աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավմանը:
Գիտություն եւ մշակույթ
Կուսակցությունը կարեւորում է գիտության հիմնարար ճյուղերի եւ նոր տեխնոլոգիաների զարգացումը` ապահովելով այդ ոլորտների հենակետային եւ թեմատիկ ֆինանսավորման թափանցիկությունն ու արդյունավետությունը: Անհրաժեշտ է վարել այնպիսի մշակույթային քաղաքականություն, որը կնպաստի անհատի եւ հասարակության ստեղծագործական ներուժի դրսեւորմանը, պահպանելով ազգի հոգեւոր ժառանգությունը:
Ծրագրային նպատակների իրագործումը կնպաստի ժողովրդի արժանապատիվ, բարեկեցիկ եւ անվտանգ ապրելու իրավունքը ապահովող պետության կառուցմանը:
Source: http://www.hetq.am
Permanent link: http://www.armpress.com/hetq/2008/01/29/851/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
