Dec
18
Վահան Հովհաննեսյանի ելույթը ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 11-րդ Գերագույն Ժողովում
Filed Under Hetq Online
ՀՅ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության` նոյեմբերի 30-ին գումարված Գերագույն ժողովում հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը, որի ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորեւ:
Սիրելի ընկերներ, հարգելի՛ հյուրեր
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք
Նրանց, ովքեր ծանոթ են իմ հրապարակային ելույթների ոճին, այս մեկը կարող է մի քիչ անսովոր թվալ։
Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ եւ պետք է կատարի այդ ընտրությունը։ Այս ընտրությանը մենք սպասել ենք տարիներ, անգամ տասնամյակներ, պայքարել ենք այն օրվա համար, երբ մենք՝ որպես ազգ եւ հասարակություն, պատրաստ կլինենք այն կատարելու։
Խոսքս նախագահ ընտրելու մասին չէ։ Ներեցեք, պետք է մի քիչ հեռվից սկսեմ։
Բոլոր պետությունների ներքին հասարակական եւ քաղաքական կյանքի պատմությունը, ի վերջո, իշխանության եւ իրավունքի բախման պատմություն է։ Եվ հաճախ՝ ողբերգական պատմության, քանի որ այդ բախման արդյունքում կարող է ծնվել ե՛ւ անարխիա, ե՛ւ իրավական պետություն, ե՛ւ բռնապետություն։ Քաղաքական փիլիսոփայությանը վաղուց է հայտնի. իրավունքը միշտ ըմբոստանում է իշխանության կողմից անհատի ազատության սահմանափակման դեմ, փորձում է ազատվել իշխանության կապանքներից եւ իր ծայրահեղության մեջ ժխտում իշխանությունը՝ որպես ազատ կամքին պարտադրված երեւույթ։
Իշխանությունն իր կողմից ձգտում է ազատվել իրավունքի ուժով իրեն սահմանափակելու եւ վերահսկելու փորձերից՝ իր ծայրահեղության մեջ ձգտելով ամբողջատիրության։
Իրավունքը եւ իշխանությունը մշտական պայքարի մեջ են, բայց առանց իրար գոյություն չունեն։ Իրավունքը ստիպված հենվում է իշխանության վրա, այլապես ո՞վ կկազմակերպի իրավունքի իրականացումը բոլորի համար։
Իշխանությունն էլ պարտադրված է հենվել իրավունքի վրա, քանի որ առանց իր իսկ կողմից հաստատված օրենքի՝ կքայքայվի եւ կոչնչանա քաոսի մեջ։
Այս վիճակը փիլիսոփայության մեջ կոչվում է անտինոմիա, որի լուծումը իրավունքի եւ իշխանության մեջ ճիշտ հավասարակշռություն գտնելն է։ Այդ հավասարակշռությունը՝ բալանսը, կոչվում է շատ պարզ մի բառով, որն այսօր բոլորի բառապաշարում է։ Այդ հավասարակշռությունը ժողովրդավարությունն է։ Եվ այդ հավասարակշռությունը Հայաստանում խախտված է։ Այսօր չի խախտված։ Երբեք էլ գոյություն չի ունեցել։ Ո՛չ օտարների լծակի տակ, ո՛չ սովետական, ո՛չ էլ ՀՀՇ-ական տարիներին։ Այսօր էլ չկա։ Որովհետեւ մեր երկրում իշխանությունը գերակայում է իրավունքի նկատմամբ, իսկ իրավունքը ենթակա է եւ բոլորինը չէ։
Մեր երկրում օրենքն ու իրական կյանքը չեն համընկնում։ Եվ ուրեմն՝ մեր երկրում ընտրություն է՝ ապրել տիրապետողի՞ օրենքի տակ, թե՞ օրենքի տիրապետության տակ։ Դաշնակցությունը ընտրում է երկրորդը։ Վերջապես, իշխանությունը պետք է կազմակերպի իրավունքի, օրենքի իրականացումը, եւ ինքն էլ իր հերթին պետք է ստեղծվի որպես իրավունքի իրականացման արդյունք։
Իշխանությունը պետք է հեղինակություն ունենա։ Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ «հեղինակություն» բառը շատ է հեռացել իր բուն իմաստից։ Կեղծ հեղինակություններով լեցուն է վերջին տասնամյակների մեր պատմությունը։ Իսկ այսօր այդ բառն այնպես է կապվել հանցագործ աշխարհի ու վարվելակերպի հետ, որ սկսել է ասոցիացվել միայն դժվարարտասանելի մականունների եւ մտազուրկ դեմքերի հետ, որոնց կրողներն իրենք իրենց հռչակելով մեր ժողովրդի հեղինակություններ՝ ամրապնդում եւ օրինականացնում են իրենց դիրքերը պետության հովանավորության ներքո։
Ինչո՞ւ է այդպես։ Պատասխանը շատ պարզ է. մեր հասարակությունն ընտելացել է այն մտքին, որ հեղինակությունը կարող է հենվել միայն ուժի եւ նյութական կարողության վրա։ Ո՛չ խելքի, ո՛չ գիտելիքների, ո՛չ տաղանդի։ Միայն ուժի եւ փողի։ Ասածս չի նշանակում, որ ուժի կամ փողի տերերը անպայման զուրկ են խելքից, տաղանդից կամ գիտելիքներից։ Բայց դա չէ, որ գնահատվում է նրանց մեջ եւ «հեղինակություն» դարձնում։ Ուժն ու փողը։ Եվ բացարձակապես մոռացվել է, որ բիրտ ուժն ու պարտադրանքը հեղինակության հաստատման ամենավերջին եւ ամենաթույլ միջոցներն են։ Առաջինը եւ հիմնականը բարոյական ուժի վրա հենվելու կարողությունն է։ Եվ, իհարկե, կոմպետենտությունը, ստանձնած կամ վստահված գործին մասնագիտորեն տիրապետելը։
Լիարժեք հեղինակությունը, իհարկե, պետք է ուժեղ եւ կամային լինի, բայց իր կամքը պարտադրի ոչ թե վախի եւ բռնության միջոցով, այլ իշխանությունն ու ժողովուրդը ազգային շահերի շուրջ միաձուլող համերաշխություն ստեղծելու ճանապարհով։ Իրական հեղինակությունն է տալիս իշխելու իրավունքը, բայց այն ոչ թե բիրտ ուժի կարիք ունի, այլ ծառայելու, ոչ թե փողի կարիք ունի, այլ անձնազոհության, ոչ թե լկտիություն է պահանջում, այլ վճռականություն։ Կոպիտ ուժի՞, թե՞ բարոյական ուժի վրա հիմնված հեղինակություն. սա է, ուրեմն, նաեւ մեր ընտրության իմաստը։ Դաշնակցությունը ընտրում է երկրորդը։
Բարեկամներ, պայքարը զարգացում է։
Քաղաքական պայքարը քաղաքական զարգացում է։ Բայց կեղծ հեղինակությունը զարգացման եւ ուրեմն՝ նաեւ քաղաքական պայքարի հարց չունի, նա միայն իշխանությանը տիրանալու կամ այն պահելու խնդիր ունի։ Եվ, ուրեմն, ահա՛ նաեւ մեր ընտրության իմաստը՝ իշխանությա՞ն պայքար, թե՞ գաղափարական, քաղաքական պայքար։ Դաշնակցությունը ընտրում է երկրորդը։
Միայն քաղաքական պայքարի արդյունքում է ձեւավորվում բարոյական հեղինակությամբ օժտված եւ իրավունքի վրա հիմնված իշխանություն եւ հաղթում քաղաքացիական հասարակությունը։ Իշխանության պայքարի արդյունքում պարտություն են կրում բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում եւ առաջին հերթին՝ թվացյալ հաղթանակ գրանցածները։ Որովհետեւ իրական հաղթանակն այդ դեպքում միշտ մնում է բյուրոկրատական ապարատին։
Բյուրոկրատական ապարատն իշխանության հենց այն մասն է, որը բնազդաբար ձգտում է բացարձակ անվերահսկելիության։ Սա համաշխարհային ֆենոմեն է, միայն Հայաստանին բնորոշ երեւույթ չէ։ Բյուրոկրատիայի վերահսկելիությունը հնարավոր է միայն փոքրամասնության տեսակետն ու իրավունքը հարգող, բազմակարծության վրա հիմնված իշխանության պարագայում։
Քաղաքական մոնոպոլիայի ձգտող ցանկացած ուժ անմիջապես դառնում է բյուրոկրատիայի զոհը։ Նրան թվում է, թե նա իր մեջ ձուլեց բյուրոկրատական ապարատը եւ հզորացավ, այնինչ կատարվում է ճիշտ հակառակը՝ բյուրոկրատական ապարատը կլանում եւ ձուլում իր մեջ միահեծանության ամբիցիաներից կուրացած քաղաքական ուժին, ուղղորդում նրան, հզորանում եւ ապահովում սեփական վերարտադրման շարունակականությունը՝ դառնալով բոլորովին անվերահսկելի հասարակության կողմից։ Դրա օրինակները մեր եւ ուրիշների պատմության մեջ շատ են, արդյունքներն էլ՝ հայտնի։ Այսօրվա Հայաստանում այդ վտանգն ավելի ու ավելի նկատելի է դառնում։
Եվ ուրեմն՝ ահա՛ նաեւ մեր ընտրության իմաստը. բյուրոկրատական ապարատի կողմից վերահսկվող իշխանությո՞ւն, թե՞ ազատ քաղաքացիների կամքով ձեւավորված քաղաքական իշխանություն։ Ավելի պարզ ասած, գործադիր իշխանության գերակայություն քաղաքական ուժերի նկատմա՞մբ, թե՞ քաղաքական ղեկավարության տակ իր գործառույթները կատարող գործադիր իշխանություն։ Դաշնակցությունը ընտրում է երկրորդը։
Սա հեշտ պայքար չէ։ Մենք մեր փորձից գիտենք։ Արդեն 9 տարի է, ինչ ՀՅԴ-ն համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ։ Տարբեր կառավարությունների նկատմամբ մեր վերաբերմունքն ու համագործակցության աստիճանը տարբեր են եղել. զուսպ չեզոքությունից մինչեւ կոալիցիոն գործընկեր՝ կախված տվյալ կառավարության առաջացման ձեւից եւ քաղաքական ուղեգծից։ Մենք վաստակել ենք վստահելի գործընկերոջ մեր համբավը՝ երբեք տեղի չտալով դժվար պահերին, իսկ դրանք շատ են եղել։ Բայց, միեւնույն ժամանակ, մենք երբեք չենք դավաճանել մեր սկզբունքներին եւ վերոհիշյալ բոլոր սկզբունքներն ու լուծումներ առաջարկել նաեւ իշխանություններին, որպես հասունացած անհրաժեշտություն:
Մեր մոտեցումները, վերլուծությունները, դրանցից բխող լուծումները առաջարկել ենք ե՛ւ հանրապետության նախագահին, ե՛ւ Կառավարությանը, եւ քաղաքական գործընկերներին որպես ուղեգիծ՝ առաջնորդվելով Հայաստանի եւ հայության կայուն զարգացման եւ անվտանգության ապահովման ճանապարհին եղած խոչընդոտները վերացնելու ցանկությամբ։
Եվ արդեն 9 տարի է՝ մենք մեր նախաձեռնություններով, քաղաքական ակտիվությամբ փորձում ենք կյանքի բոլոր ոլորտներում շրջադարձային, որակական փոփոխություններ մտցնել, անշեղելի դարձնել երկրի առաջընթացը, շտկել երկրի զարգացման ուղին, նոր հույս տալ մեր ժողովրդին, հաղորդ դարձնել նրան սեփական ճակատագրին, համերաշխության կամուրջներ ստեղծել հասարակության եւ իշխանության միջեւ։
Հաջողել ե՞նք, թե՞ ոչ՝ դատեցե՛ք ինքներդ։
Ես հակիրճ կթվեմ մի շարք կարեւորագույն բարեփոխումներում մեր դերակատարությունը եւ արդյունքների մեր գնահատականը։
1. 1998 թ. ի վեր պահանջել ենք Սահմանադրության բարեփուխում, ինչը որպես նպատակ ընդգրկվել է նախագահի նախընտրական պլատֆորմում։ Այսօր ունենք բերփոխված Սահմանադրություն, սակայն մեր նպատակին հասանք միայն 2005-ին։ Եվ չնայած անկնհայտ առաջադիմությանը՝ նոր Սահմանադրության մեջ էլ շատ հարցեր իրենց ճշգրիտ լուծումը չգտան։ Չընդունվեց Անվտանգության խորհրդի գործունեությունն օրենքով սահմանելու մեր առաջարկը, ինչպես նաեւ որոշ այլ առաջարկներ։ Արդյունքում՝ իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռություն ապահովող զսպման մեխանիզմները մնացին անկատար։
2. Տարիներ շարունակ պայքար ենք մղում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման համար։ Նպատակը՝ բացառել խախտումները, կեղծիքները, ապահովել թափանցիկություն եւ արդարություն։ Հաջողո՞ւմ ենք։ Այո, որոշ չափով, բայց դիմադրությունը մեծ է, այնպես որ, բարեփոխումներն առաջ են շարժվում շատ ավելի դանդաղ, քան ընտրակեղծիքների կատարելագործումը եւ նոր հնարքների ի հայտ գալը։
Եվ մինչ օրս պատի են բախվում այն բոլոր առաջարկները, որոնք ընտրական համակարգի բարելավումը կապում են մեծամասնական ընտրությունների վարկաբեկված համակարգը վերացնելու հետ։
3. «Երկքաղաքացիության մասին օրենքի» համար պայքարել ենք դեռ 90-ականների սկզբից։ Վերջապես օրենքն ընդունվեց, բայց մինչ օրս չի գործում։ Կառավարությունը չի մշակել կիրառման կարգը։ Գործողության մեջ է դրվել միայն նրա մեկ կանոնը, որն արգելում է քվեարկել Հայաստանից դուրս ապրող, աշխատող կամ պարզապես գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Ինձ ճիշտ հասկացեք՝ ես այս դրույթին դեմ չեմ, բայց այն ճիշտ կլիներ կիրառել՝ սկսած ողջ օրենքի կիրառման պահից։ Թե չէ՝ ակամայից սկսում ես հիշել՝ գուցե այս կիսահապաղման, կիսաշտապողականության պատճառն այն է, որ 2003 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում շատ տեղերում, օրինակ՝ Ռուսաստանում, ամենաբարձր վարկանիշը նվաճել էր Դաշնակցությունը։
4.Քանի անգամ ենք բարձրացրել խորհրդարանական փոքրամասնության իրավունքների հարցը։ Արդար լինելու համար պետք է այստեղ հիշեմ, որ նախորդ գումարման խորհրդարանում, սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ մենք մոտ էինք հաջողությանը, սակայն հենց այն օրերի ընդդիմության կեցվածքի պատճառով հարցը մնաց չլուծված։ Բայց ի՞նչն է խանգարում լուծել այն այսօր։
5. Սոցիալական եւ հասարակական բնույթի բազմաթիվ հարցերի լուծում ենք պահանջել խորհրդարանում։ Հիշեցնեմ «Կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին» օրենքը, որը մեր ջանքերով ընդունվեց տարիներ առաջ, եւ որը կարեւորագույն նշանակություն ունի սոցիալապես անապահով տարրերի համար։ Մինչ օրս չի կիրառվում։ Ինչո՞ւ։ Կառավարությունը դեմ է եւ չի մշակել կիրառման կարգը։
Հիշեցնեմ, «Թիկնազորային ծառայության մասին» օրենքը, որն առաջին ընթերցմամբ արժանացավ խորհրդարանի հավանությանը, իսկ հետո խորտակվեց մեծամասնության ջանքերով։
Այս թվարկումը կարելի է երկար շարունակել, բայց ես կսահմանափակվեմ եւս մեկ օրինակով միայն։
Հակակոռուպցիոն պայքար։ Երբ տարիներ առաջ մեր կուսակցությունը բարձրացրեց այդ պայքարի դրոշը, շատ բարձրաստիճան անձինք հայտարարում էին, որ Հայաստանում նման երեւույթ չկա։ Կոալիցիոն գործընկերների հետ բանակցություններում մեր կողմից ցուցաբերած համառության ու հետեւողականության արդյունքում վերաբերմունքը հարցի նկատմամբ սկսեց փոխվել թե՛ հասարակության, թե՛ իշխանության մեջ։ Հայաստանն անդամակցեց ԳՐԵԿՈ-ին, վերջապես որդեգրվեց հակակոռուպցիոն ռազմավարություն, եւ ստեղծվեց Հակակոռուպցիոն խորհուրդ։ Բայց ինչպե՞ս ստեղծվեց։ Կառավարության կազմում, այսինքն՝ այն մարմնի կազմում, որն էլ պետք է խորհրդի վերահսկման հիմնական օբյեկտը լիներ։ Մինչդեռ մենք պահանջում էինք անկախ խորհրդի ստեղծում։ Եվ կռտած լիազորություններով մոնիտորինգային խումբը չէր կարող փրկել վիճակը։
Ես մի քանի օրինակ բերեցի միայն, բայց սա էլ բավական է՝ հանուն բարեփոխումների մեր պայքարի արդյունքները տեսնելու եւ գնահատելու համար։ Կարո՞ղ ենք մենք բավարարված լինել արդյունքներով։
Կարո՞ղ ենք համարել, որ հաջողում ենք։ Ո՛չ, քանի որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման տեմպերը եւ ուղղվածությունը ամբողջությամբ չեն ստեղծում մեր հասարակության կայունության եւ անվտանգության անհրաժեշտ երաշխիքները։
Մեր պետության առջեւ կանգնած արտաքին հնարավոր սպառնալիքները եւ հասարակության առաջընթացի անհրաժեշտությամբ թելադրված ներքին մարտահրավերները պահանջում են համակարգային փոփոխություն, որը պետք է ընդգրկի բոլոր ոլորտն եւ ուղղությունները։
1990-ականների սկզբից մինչ օրս իշխանությունից իշխանություն, կառավարությունից կառավարություն ժառանգաբար փոխանցվող ազատական գաղափարների ծայրահեղական ընկալումների կիրառումը, ազատ շուկայի կարգավորման գործում պետության դերի խեղաթյուրումը հանգեցրել են ներկա տնտեսական կարգին, երբ երկիրը կառավարվում է իշխանություն ունեցող տնտեսական խմբավորումների միջոցով։ Այդ խմբավորումները մենաշնորհել են տնտեսության առավել շահութաբեր ճյուղերը՝ ձեւավորելով ազատ մրցակցությունից գրեթե զուրկ միջավայր։
Արմատ առնելով տնտեսությունից եւ սերտաճելով իշխանության հետ՝ մենաշնորհները վաղուց դադարել են միայն տնտեսական երեւույթ լինելուց։ Դրանք որոշիչ ազդեցություն ունեն հասարակության կենսագործունեության բոլոր կողմերի վրա՝ սկսած պետական-սահմանադրական կարգից մինչեւ հասարակության արժեքային համակարգը, մշակույթը եւ բարոյական ոլորտը։
Ծախսելով զգալի միջոցներ եւ գործի դնելով իր տրամադրության տակ եղած վարչական հսկայական ռեսուրսը՝ այդ խավը պարբերաբար վերարտադրում է ինքն իրեն՝ արգելակելով քաղաքական համակարգի կայացման գործընթացը։
Իշխանություն ունեցող դրամատերերի խմբավորումները հաճախ իրենց վեր են դասում օրինականությունից եւ երկրի պետական կարգից, արհամարհում են մարդկային ազատությունների ընդունված նորմերը, արգելակում են ժողովրդավարական մշակույթի ձեւավորումը՝ ընտրությունների ժամանակ գնելով տնտեսապես անազատ ընտրողների քվեները։ Շահագրգռված չլինելով տնտեսավարման արդյունավետ մեթոդների ներդրմամբ՝ իրենց անվերահսկելի տնտեսական գործունեությամբ վտանգավոր չափերի են հասցնում սոցիալական բեւեռացումը՝ բացառելով հասարակական համերաշխության հասնելու որեւէ հնարավորություն։
Ումի՞ց սպասենք, ումի՞ց պահանջենք անհրաժեշտ համակարգային փոփոխությունները։ Այսօր նորից ակտիվացած երեկվա իշխանությունների՞ց։ Բացառված է։ Նրանց հիշում ենք, դեռ չենք մոռացել։ Այսօրվա իշխանությունների՞ց։ Փորձել ենք։ Քիչ առաջ շարադրեցի։ Եվ ինչո՞ւ պետք է ընտրենք անպայման անցյալի եւ ներկայի միջեւ։ Բավական է։ Մենք ընտրում ենք ապագան։
Բավական է։ Մենք ընդունակ ենք եւ պատրաստ ենք ինքներս իրականացնել համակարգային փոփոխություններ։ Հենց այդ պատճաով Դաշնակցությունը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով։ Մենք միայնակ չենք մեր վճականության մեջ։ Հայաստանում քիչ չեն քաղաքական ուժերը եւ անհատները, որոնց հոգեհարազատ են նույն այն սկզբունքները, որոնց վրա է կանգնած մեր կուսակցությունը։
Միասնության մեջ մենք կարող ենք իրականացնել մեր նպատակները։ Իսկ թե ինչպես դա անել եւ ում հետ՝ Դաշնակցությունը եւ այն թեկնածուն, որին Դուք կընտրեք, կներկայացնեն մեր ժողովրդին շատ շուտով։ Ամենակարեւոր դատավորը ժողովուրդն է, իսկ շատ կարեւոր է այդ դատավորին չկաշառելը:
Source: http://www.hetq.am
Permanent link: http://www.armpress.com/hetq/2007/12/18/729/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
