Oct
2
Բացակա ու ներկա նոր մարդը
Filed Under Hetq Online
Նախագահական առաջիկա ընտրությունների մասին խոսելիս շատերն են ասում, թե նոր մարդ է հարկավոր, թե եղած բոլոր ուժերը՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ հին, ե՛ւ նոր, սպառել են իրենց։ Այս դատողությունը կարող էր ճիշտ լինել, եթե չլիներ սխալ։ Իսկ սխալ է ոչ այն պատճառով, որ նոր մարդ պետք չէ, այլ որովհետեւ այդ նոր մարդը չկա ու չէր կարող լինել մի քանի պատճառով։
Մեր պետության կառուցվածքը քաղաքական կայացման հնարավորություն չի տալիս, որովհետեւ, ասենք, մայրաքաղաքի կամ մարզերի ղեկավարներն ընտրովի չեն, Ազգային ժողովն ընտրովի է խիստ ձեւականորեն եւ այլն։ Այսինքն՝ ասպարեզում հայտնված նոր մեկին կարելի է ասել՝ դու ո՞վ ես, ի՞նչ փորձառություն ունես, ինչի՞ ես հասել քո կյանքում։
Հայաստանում տեղեկատվական շրջափակում է։ Հանրությանը մատչելի բոլոր ԶԼՄ-ները գտնվում են իշխանության վերահսկողության տակ, եւ գլխացավանքից խուսափելու համար բոլորն էլ աշխատում են շրջանցել քաղաքական, հասարակական, սոցիալական հրատապ թեմաները՝ տեղ տալով շոուներին, սերիալներին, լոտոներին ու նմանատիպ բաներին։ Այսինքն՝ նոր կայանալիք քաղաքական գործչի եւ հանրության շփման դաշտը փակ է։ Փակ են նաեւ ֆինանսավորման աղբյուրները։ Որեւէ գործարար չի հանդգնում ֆինանսավորել քաղաքական նախագծեր՝ վախենալով իշխանությունների հետ ունենալիք խնդիրներից։
Եւ, վերջապես, կա ղարաբաղյան չկարգավորված հակամարտություն, որի մանրամասները գաղտնի են։ Ցանկացած մեկին, ով կհավակնի լինել նոր մարդ, կարելի է որակազրկել՝ ասելով, թե նա տեղյակ չէ ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքից։
Այս ամենից բացի, տասնվեց տարին բավական կարճ ժամանակահատված է քաղաքական գործիչների նոր սերունդ ունենալու համար։
Նոր մարդ փնտրողները գիտակցում են իշխանափոխության անհրաժեշտությունը՝ դրանով արդեն իսկ հերքելով ներկա իշխանությունից որեւէ մեկի հայտնությունը։ Մնում է ընտրություն կատարել ընդդիմադիրների միջեւ, բայց մինչ այդ դիտարկենք իշխանական ճամբարի այն ուժերը, որոնց մասնակցությունն ընտրություններին չի բացառվում։
ՀՅԴ-ն, որ վերջին տասը տարում մշտապես եղել է իշխանության մեջ, ցանկանում է սահուն կերպով տարանջատվել, բայց Ռոբերտ Քոչարյանի եւ Հանրապետական կուսակցության հետ ունեցած նրա համագործակցությունը վստահություն չի ներշնչում, թե այս ուժը կարող է շտկել իրավիճակը։ ՀՅԴ-ն Հայաստանում հաստատվելուց հետո երբեք մեծ ժողովրդականություն չի վայելել, ունի սեփական սահմանափակ ընտրազանգված՝ հավաքված ոչ թե համակրանքի, այլ համոզմունքի առանցքի շուրջ։
Ոչ մեծ, բայց կայուն ընտրազանգված ունի նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն 1998-2005 թվականներին եղել է իշխանության մեջ։ Կուսակցության փլուզումից եւ Արթուր Բաղդասարյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ՕԵԿ-ը հայտնվել է խաղից դուրս վիճակում՝ ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն։ Կարծում եմ` ՕԵԿ-ն այս ընտրություններում էական դերակատարում ունենալ չի կարող, որովհետեւ ժամանակ է հարկավոր վերակազմավորվելու եւ կողմնորոշվելու համար։
Ոչ մեծ, բայց կայուն ընտրազանգված ունի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը։ Ազգային ժողովում ներկայություն ապահոված «Ժառանգության» առաջնորդը նոր մարդ լինելու շանսեր ունի, բայց չունի ժողովրդին հուզող հարցերի հստակ պատասխանները։ Ճշմարտությունն ասելուն խանգարում է պոպուլիզմը, իսկ հաջողակ պոպուլիստ լինելուն՝ ճշմարտություններից խուսափելը։
Ավանդական ընդդիմությունը, որ մինչեւ վերջերս հայտնի էր որպես «Արդարություն» դաշինք, այլեւս լուծարվել է։ «Արդարության» հիմնական դերակատարներ Ստեփան Դեմիրճյանը (ՀԺԿ) եւ Արամ Զ. Սարգսյանը («Հանրապետություն») հասկացել են, որ առաջիկա ընտրությունների հերոսն իրենք չեն եւ պատրաստ են լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եթե նա առաջադրվի։ Դժվար է գուշակել` ի՞նչ կանեն նրանք առաջին նախագահի չառաջադրվելու դեպքում։
Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանն ու Արամ Գ. Սարգսյանը միասին զրոյամերձ վարկանիշ ունեն եւ, դա հասկանալով, սկսել են խաղալ Սերժ Սարգսյանի դաշտում։ Նրանց խաղը հիմնականում ուղղված է դեռեւս իր առաջադրման մասին հստակ չհայտարարած Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Ի՞նչ են անելու նրանք Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում, նույնպես պարզ չէ։ Գուցե պաշտպանեն Վազգեն Մանուկյանին՝ դա եւս տեղավորելով Սերժ Սարգսյանին մատուցվելիք ծառայությունների ցանկում։
Վազգեն Մանուկյանը հայտնել է միայնակ մրցակցելու իր մտադրության մասին, բայց ընտրազանգվածի առումով ՕԵԿ-ից եւ «Ժառանգությունից» բավական հետ մնացող ԱԺՄ-ն կարող է միայն բազմազանություն ապահովել, ինչը, եթե անգամ ձեռնտու չէ իշխանության թեկնածուին, վտանգավոր էլ չէ։
Մնաց Արտաշես Գեղամյանը, ում կերպարն ընտրազանգվածը սկսեց չընկալել 2003-ի ընտրություններից հետո, երբ «Ազգային միաբանության» ղեկավարը, անմիաբանություն դրսեւորելով, ընտրությունների գնաց մենակ։ Այն ժամանակ բոլորն էին կարծում, հիմա էլ կարծում են, որ միաբանվելու դեպքում ընդդիմության հաղթանակն անխուսափելի էր լինելու։
Այս իրավիճակում ո՞վ կարող է լինել ՆՈՐ ՄԱՐԴԸ։ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը։ Եթե առաջնորդվենք «Նորը լավ մոռացված հինն է» ասույթով, գուցե։ Բայց չշտապենք, քանի որ Հայաստանի հիմնադիր նախագահը դեռ միայն ելույթ է ունեցել եւ ոչինչ չի ասել առաջադրվել-չառաջադրվելու մասին։
Նոր մարդ չկա ու չի լինելու։ Սա ակնհայտ է։ Ուրեմն, երեւի պետք է փոխել մոտեցումը՝ փնտրելով ոչ թե նոր մարդուն, այլ հին հարցերի նոր պատասխանները։
շարունակելի
Տիգրան Պասկեւիչյան
Source: http://www.hetq.am/
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
