Մեդվեդեւն ու Օբաման ինտենսիվություն են խոստանում, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն գալիս է տարածաշրջան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (Միացյալ Նահանգներ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հերթական տարածաշրջանային այցով արդեն վաղը կլինեն Երեւանում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, արդեն իսկ կա պայմանավորվածություն ապրիլի 22-ին Մինսկի խմբի համանախագահների եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման առնչությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ ապրիլի 23-24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջ կազմով եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ուղեկցությամբ կլինեն Բաքվում:

Համանախագահների այցելության նպատակ որպես գրեթե միշտ նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Այս անգամ եւս դա չի կարող բացառվել, քանի որ, ամենայն հավանականությամբ, մայիսի 7-ին Պրահայում նախատեսված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի կունենա:

Ու այդ տրամաբանությամբ էլ համանախագահները ամենայն հավանականությամբ գալիս են տարածաշրջան ոչ միայն այդ հանդիպման կայացման հավաստիության մեջ վստահանալու, այլեւ հանդիպման օրակարգի ճշգրտման ու համաձայնեցման հարցը կարգավորելու նպատակով:

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ մայիսի 7-ին Պրահայում տեղի կունենա նախկին խորհրդային երկրներից 6-ի` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ղեկավարների հավաքը` Եվրոմիության Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկի առնչությամբ: Պրահյան այդ գագաթաժողովի շրջանակներում էլ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Սակայն մինչ այդ դեռ տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Մոսկվա, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն այցելել է Մոսկվա ու քննարկել ղարաբաղյան հարցով գագաթաժողով անցկացնելու հարցը: Միեւնույն ժամանակ, ավելի հավանական է, որ Ադրբեջանի նախագահը, ինչպես նաեւ ավելի ուշ Հայաստանի նախագահը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկելիք թեմաներում չեն մոռացել ու մոռանա մայիսի 7-ին կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման օրակարգին առնչվող հարցերի դիտարկումը:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հեռախոսազրույցում նախագահների հանդիպման պայմանավորվածություն ձեռք է բերվել, սակայն դեռեւս հայտնի չեն մանրամասները: Ամեն դեպքում, բացառել, թե մայիսի 7-ի Ալիեւ կրտսերի հետ հանդիպումը դուրս կմնա Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման օրակարգային հարցերի շարքից, տրամաբանական չէ:

Մյուս կողմից, պաշտոնական Բաքվի դիրքորոշումների առնչությամբ արտահայտությունները թույլ են տալիս ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությունն ու նախագահների մակարդակով կազմակերպվող հանդիպումների ինտենսիվությունը կարող են բերել որոշակի տեղաշարժի, թեկուզ այն նման լինի անցյալ տարի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հռչակագրին:

Մասնավորապես, «Թրենդ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահի գրասենյակի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է. «Պաշտոնական Բաքուն չի բացառում մոտակա ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը»:

«Ինչ-որ փաստաթղթի ստորագրումը, սկզբունքորեն, հնարավոր է, սակայն որեւէ կոնկրետ բան ասելու համար անհրաժեշտ է մանրազնին վերլուծել բոլոր կողմերի դիրքորոշումները», նշել է Մամեդովը, չմոռանալով ադրբեջանական քարոզչության ոգով ավելացնել նաեւ, թե Հայաստանը այնքան «երկերեսանի, ստահոդ, երեսպաշտ քայլեր է ձեռնարկում, որ հստակ կանխատեսումն անհնար է»:

Բնավ էլ զարմանալի չէ, որ ադրբեջանական կողմն այսպիսի որակումներ է տալիս, այն էլ կարեւոր համարվող մի հանդիպումից առաջ: Այնուամենայնիվ, հետաքրքրական է, որ ադրբեջանական կողմը չի հաստատում Պրահայում նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպման կայանալու հանգամանքը, սակայն նշում է, թե հենց այդ օրն էլ հավանական է փաստաթղթի ստորագրումը, զուտ ադրբեջանական տրամաբանությամբ ու մատուցմամբ ներկայացվող վերապահմամբՙ «եթե Հայաստանը կոնկրետանա իր դիրքորոշմամբ»:

Ամեն դեպքում, թերեւս այդքան էլ կարեւոր չեն Մամեդովի խոսքերն այն պարագայում, երբ թեկուզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանը ցանկանում է «առավելագույն առաջընթացի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում»:

Առավել հետաքրքրական է, որ Հայաստանի նախագահի այցելությունից առաջ Մեդվեդեւը հայտարարել է. «Հավանական է, որ Հայաստանի նախագահի` մոտ օրերս Ռուսաստան այցելության ընթացքում քննարկման թեմա կլինի հակամարտության լուծումը: Ռուսաստանը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի այդ հարցում ավելի ակտիվ լինի: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հայտարարել է այս հակամարտության լուծման հարցում ավելի մեծ ակտիվություն ցուցաբերելու մասին»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Source: http://www.azg.am/AM/2009042101

Permanent link:  http://www.armpress.com/azg/2009/04/21/1479/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • April 2009
      M T W T F S S
      « Dec    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      27282930  
  • Archives

  • Links

  • International newspers: