Սակայն դա ընդամենը ֆոն է Հարավային Կովկասում Թուրքիայի նոր դերակատարության ամրապնդման համար
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, թուրքական հանրային հեռուստատեսության արտահայտությամբ, կեսօրյա աշխատանքային այցով եղավ Բաքվում եւ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Նախապես հայտարարվել էր, որ նա Ալիեւի հետ կքննարկի «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմին», էներգակիրների անվտանգությանն առնչվող խնդիրներ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա դա, նախնական տվյալներով, Գյուլ-Ալիեւ հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրն էր լինելու: Միաժամանակ Աբդուլլահ Գյուլը Ալիեւին իրազեկելու էր Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին:

Ինչպես հայտնի է, նախագահ Գյուլի այցը Երեւան բուռն հակազդեցություն էր առաջ բերել Ադրբեջանում: Ադրբեջանական որոշ կուսակցություններ այցի առնչությամբ Թուրքիային մեղադրել էին «սեփական շահերի մասին մտածելու» մեջ: Թեեւ պաշտոնական Բաքուն որեւէ բողոք չէր ներկայացրել Անկարային, սակայն իշխանամետ թերթերում հրապարակվել էին հակաթուրքական բազմաթիվ մեկնաբանություններ:

Ըստ երեւույթին Ադրբեջանի հակազդեցությունը մեղմելու հրամայականով Աբդուլլահ Գյուլը այցի նախօրյակին Անկարայում ընդունել էր ադրբեջանցի լրագրողներին եւ նրանց, «Զամանի» վկայությամբ, բացատրել էր, որ ՀՀ նախագահի հրավերին արձագանքելու համար ինքը ելակետ է ընդունել Կովկասում ռուս-վրացական պատերազմով առաջացած լարվածությունը, քաղաքական զարգացումներում մեծ տերությունների ներգրավվածությունը եւ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը, ինչը անձամբ Ադրբեջանի ղեկավարների հետ Բաքվում քննարկել է Թուրքիայի վարչապետը:

Այնուհետեւ նախագահ Գյուլն ասել էր. «Հրավերն ընդունեցի, որովհետեւ համոզված էի, որ դա տարածաշրջանային խնդիրները քննարկելու առիթ է տալու: Այդ իսկ պատճառով օգտագործեցի առիթը, որպեսզի քննարկեմ ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Թուրքիա-Հայաստան հիմնախնդիրները: Ակնհայտ է, որ հիմնախնդիրների սառեցումը ոչ մի լավ բան չի խոստանում: Ընդհակառակը, սրում է իրավիճակը: ՀՀ նախագահին հաղորդեցի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման անհրաժեշտությունը, ասացի, որ պետք է իրատես լինենք: Ինքը բարյացակամ եւ անկեղծ էր: Ե՛վ Թուրքիայում, ե՛ւ Ադրբեջանում կլինեն այցի պատճառով նեղացողներ, վիրավորվողներ: Սակայն համոզված եմ, որ մեր այս նախաձեռնությունները կհանգեցնեն դրական արդյունքների եւ կուրախանան նրանք, ովքեր նեղացել, վիրավորվել են ինձնից»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի խնդիրը տվյալ դեպքում ոչ այնքան Թուրքիայի նախագահի ֆուտբոլային հանդիպման համար Երեւան կատարած խորհրդանշական այցն է, այլ հայ-թուրքական սահմանի այդ այցից բխող հնարավոր բացումը: Ադրբեջանը Թուրքիայից հետեւողականորեն պահանջում է առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման չբացել հայ-թուրքական սահմանը, իսկ Անկարան բացման նախանշաններ է ցույց տալիս:

Հարցը, սակայն սոսկ Անկարան չէ, այլ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, որը նախքան Գյուլի Բաքու ուղեւորվելը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայտարարում է. «Գոհունակություն էինք զգացել, երբ Հայաստանի նախագահը Երեւան հրավիրեց նախագահ Գյուլին: Ընդունելով հրավերը, Գյուլը նույն գոհունակությունը պատճառեց մեզ: Շուտով Երեւանում Մարի Յովանովիչը կստանձնի դեսպանի պարտականությունները: Վաշինգտոնի նպատակը Հայաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային սահմանների բացումն է, ուզում ենք, որ զարգանան այդ երկրների հարաբերությունները: Աշխատելու ենք այդ ուղղությամբ»:

Հայաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների, այսպես կոչված, զարգացման նախապայմանը, ինչ խոսք, եռակողմ հանդիպումներն են, որոնց մասին երեկ հեռուստատեսությամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա նշել է, որ Երեւան կատարած այցի ընթացքում ինքը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մանրամասն քննարկել է այդ հարցը, առաջարկելով կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում, եւ ընդգծել, որ հայկական կողմը ընդունել է առաջարկը:

Այնուհետեւ, ինչպես նշում է CNN-Turk-ը, Ալի Բաբաջանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, նրան տեղեկացրել է, որ ինքը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպելու հարցում համաձայնության է եկել ՀՀ արտգործնախարարի հետ, Ադրբեջանի արտգործնախարարին առաջարկել է երկկողմ այս հանդիպումը վերածել եռակողմի, իսկ Մամեդյարովը առաջարկին դրական մոտեցում է ցուցաբերել եւ ընդգծել է, որ եռակողմ հանդիպման հարցը քննարկվում է:

Ի դեպ, Ալի Բաբաջանը մեկ օրով հետաձգել է նախօրոք ծրագրված այցը Շվեյցարիա, որ ի վիճակի լինի Բաքու ուղեւորվելիս ուղեկցել Գյուլին: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրիդի` սահմանների բացման մասին հայտարարությունն ու Բաբաջանի եռակողմ հանդիպման առաջարկը հիմք են տալիս ենթադրելու, որ Բաքվում Թուրքիայի նախագահը կքննարկի նաեւ սահմանների բացման եւ եռակողմ հանդիպման խնդիրները:

Հոդվածը գրելու պահին նոր էր սկսվել Գյուլի եւ Ալիեւի առանձնազրույցը: Հետեւաբար այցի արդյունքների մասին չենք կարող որեւէ հետեւություն անել: Բայց որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրիդի հայտարարության եւ Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանի վերոհիշյալ առաջարկի ֆոնին ավելի ծանրակշիռ բնույթ են ստանում Ալիեւ-Գյուլ հանդիպման օրակարգում դրված խնդիրները, կասկած չի հարուցում:

Ինչ խոսք, Բաքվում Աբդուլլահ Գյուլը կփորձի մխիթարել ադրբեջանցիներին կամ նրանց սիրտը շահել, արդարացնելու համար իր` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին համապատասխան Երեւան կատարած ուղեւորությունը: Սակայն «սիրտ շահելը» նրա համար ընդամենը ֆոն է լինելու այն առանցքային խնդիրների համար, որոնք ընդգծում են Հարավային Կովկասում նոր դերակատարության Թուրքիայի հավակնություններն ու ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը վայելող թուրքական նախաձեռնությունները:

Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/09/11/1341/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • September 2008
      M T W T F S S
      « Aug   Dec »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930  
  • Archives

  • Links

  • International newspers: