Ադրբեջանական «Զերկալոն» իր վերջին համարներից մեկում դժգոհություն է հայտնում իրենց իսկ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պասսիվ դիրքորոշման առթիվ: Մտահոգության հիմքն այն է, որ ԱԳՆ-ն միջոցներ չի ձեռնարկում օտարերկրացիների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ կասեցնելու համար:

Մտահոգությունը հնչեցվել է աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի` հունիսի 4-ին վատ եղանակի պատճառով այդպես էլ Արցախ չկատարած այցելության համատեքստում: Թերթում հոդվածագիրը մի շարք փաստեր է նշում նաեւ տարբեր ժամանակներում այլազգի երգիչների ԼՂՀ կատարած այցերի մասին` վրդովմունք հայտնելով, որ նրանք համարձակվել են ելույթ ունենալ ղարաբաղցիների առաջ, չունենալով ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը: Որպես այդպիսի մի փաստ, մասնավորապես, հիշատակվում է Սոսո Պավլիաշվիլու համերգը Ստեփանակերտում: Վերջին 10-12 տարում ռուսական էստրադայի մի մեծ աստղաբույլ է հյուրախաղերով հանդես եկել Ղարաբաղում, որի մասին հոդվածի հեղինակ Ջ. Բայրամովան երեւի լիարժեք տեղյակ չէ: Ինչ մնում է Պավլիաշվիլու համերգին, ապա հոդվածագիրը պետք է իր աչքով տեսներ անվանի երգչի խանդավառությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, սեպտեմբերերկուսյան տոնական համերգի ժամանակ: Ի պատիվ վրացի երգչի` վերջինս չի քաղաքականացրել ղարաբաղյան իր ելույթը, այլ գնահատել է արցախցիների արվեստասիրական մակարդակը: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս երգիչների մասին:

Բայրամովան առաջարկում է իրենց իշխանություններին` Ստեփանակերտ «անօրեն» այցելածների հետագա մուտքը Ադրբեջան արգելել, ընդհուպ նաեւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելով: Այս առումով նա հղում է անում Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններին, հորդորելով հետեւել նրանց օրինակին, ինչպես, ասենք, ուկրաինացիների կողմից Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին քաղաքական անցանկալի անձ հայտարարելը:

Արվեստն ու սպորտը սահմաններ չեն ճանաչում, եւ իր անկախությունը դե ֆակտո հաստատած երկրի նկատմամբ սահմանափակումների նման փորձերը ընդամենը հուսահատ ջանքեր են, ինչը, թերեւս, լավ են հասկանում Ադրբեջանի արտգործնախարարությունում: Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղը միակն է հետխորհրդային հակամարտությունների երկրներից, որի հիմնախնդրի վերջնական կարգավորման բանակցություններ են ընթանում գերտերությունների լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի: Բանակցային հարթությունում դիտարկելով խնդիրը, շեշտենք, որ միջնորդների ներգրավվածության պարագայում անիմաստ է խոսել «անօրեն» այցելությունների մասին` ինչ մակարդակով, կարգավիճակով ու պատճառաբանվածությամբ էլ դրանք լինեն: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում միջազգային տարաբնույթ միջոցառումներ, որոնց հրավիրվում են օտարերկրացի հանրաճանաչ քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մարզամշակութային ոլորտի հայտնի դեմքեր, որոնց մասնակցությունը պայմանավորված է միջոցառումների հրատապությամբ ու մասնակիցների իրավասությամբ: Ադրբեջանում քաջատեղյակ են դրան, եւ եթե ոմանք առիթից առիթ աղմուկ են բարձրացնում, ապա միայն ներքին լսարանում հայրենասերի կերպար ձեւավորելու համար: Համենայն դեպս, անցած ժամանակահատվածում երբեւէ անօրեն կերպով Լեռնային Ղարաբաղ թափանցելու ամբաստանությամբ հարեւան երկրում ոչ մեկին կարծես մուտքի վիզայի խնդիր չեն առաջադրել: Լավագույն դեպքում, դիվանագիտական նեղացածության ժեստ են արել: Իսկ այսպիսի «մշակութային դեմարշները» պարզապես քաղաքական բանակցությունների տրամաբանությունից դուրս են:

Գուցե թե մեր ընդդիմախոս կոլեգան ձգտեր համոզել իրենց իշխանություններին` միջնորդելու, որպեսզի Ստեփանակերտի համերգային դահլիճներում հանդես գան նաեւ ադրբեջանական արվեստի կարկառուն դեմքերը, եթե, իհարկե, Ղարաբաղում նման ցանկություն իսկապես դրսեւորվի:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/06/10/1172/

Comments

Comments are closed.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • June 2008
      M T W T F S S
      « May   Jul »
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      30  
  • Archives

  • Links

  • Adv