May
8
Միջազգային լրատվությունից քաղված փաստերի հիման վրա «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ սողոսկելու Թուրքիայի գործադրած ջանքերին:
Թուրքիայի կառավարությունն աշխարհը տակնուվրա է անում, փորձելով տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Անկարան ամեն տեսակի անպարկեշտությունների դիմում է (օրինակ` կաշառում է երրորդ աշխարհի երկրներին), որպեսզի ապահովի իր թեկնածության պաշտպանությունը:
Թուրքական այս կեղտոտ խաղերը բացահայտել է «Յուրեյժը դեյլի մոնիտոր» «Եվրասիա դեյլի մոնիտոր» պարբերականը, որը Ջեյմսթաուն հաստատության հրատարակություն է:
Այս տարվա հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ը հինգ նոր երկիր է ընտրելու Անվտանգության խորհրդի 5 ռոտացիոն տեղերն (աթոռներն) զբաղեցնելու համար: «Արեւմտյան Եվրոպա եւ այլ խմբավորումներ» անունը կրող տարածաշրջանի 2 տեղերի համար դիմել են Ավստրիան, Թուրքիան եւ Իսլանդիան:
Թուրքիան վերջին անգամ Անվտանգության խորհրդում տեղ է գրավել 1961-ին: Իսկ այս տարվա ընտրությունների համար Թուրքիան սկսել է պայքարել 2004 թվից: Եթե նրան հաջողվի համապատասխան քանակի քվեներ ձեռք բերել, 2009 թվի հունվարի 1-ից երկու տարի ժամկետով Անվտանգության խորհրդի անդամ է համարվելու:
Իր երկրի համար քվեներ ապահովելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը արդեն բավական ժամանակ «հանդիպումներ է ունենում աշխարհի ամենահեռավոր վայրերում ծվարած փոքրիկ, ոչ այնքան հայտնի երկրների հեղինակավոր անձնավորությունների հետ», գրում է Գարեթ Ջենկինսը «Յուրեյժը դեյլի մոնիտորի» ապրիլի 17-ի համարում:
Ապրիլ ամսվա ընթացքում Նաուրուի, Վանուատու Հանրապետության, Սողոմոնյան, Կուկի եւ Մարշալի կղզեախմբերի, Տուվալուի, Պապուա Նոր Գվիենայի, Պալաու Հանրապետության, Ֆիջիի, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Սամոայի եւ Տոնգոյի ղեկավարները Ստամբուլ են ժամանել մասնակցելու մի համագումարի, որը քննարկում է այդ երկրների հետ Թուրքիայի գոյություն չունեցող հարաբերությունները բարելավելու խնդիրները:
Ապրիլի վերջերին, ըստ Ջենկինսի, Մալդիվների արտգործնախարար Աբդուլլահ Շահիդն էր հրավիրված Թուրքիա` իր գործընկերոջ հետ հանդիպելու:
Այս հնարավոր անդամակցությունից Թուրքիան, դարձյալ ըստ Ջենկինսի, շատ բան է շահում ինչպես քաղաքական, այնպես էլ դիվանագիտական ասպարեզներում: Դա միանգամայն բարձրացնելու է Թուրքիայի վարկը համաշխարհային առումով, որը դառնալու է ազգային հպարտության առիթ:
Անդամակցության հարցը Թուրքիան քննարկել է նաեւ «Իսլամական համաժողովի կազմակերպության» (ԻՀԿ) 2004 թվի գագաթաժողովի ընթացքում: 2006-ի առաջին 6 ամսում Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաները 30 երկրներ են այցելել պաշտպանություն հայցելու: 2006-ի սեպտեմբերին փոխվարչապետ Աբդուլլաթիֆ Շեները Կուբա էր մեկնել մասնակցելու չմիացած երկրների գագաթաժողովին: Հավանայում թուրքական դեսպանատանը կարիբյան պետությունների ղեկավարների պատվին տված ճաշկերույթի ավարտին Շեները թուրք լրագրողներին հայտնել է. «Նրանցից ոմանց անունները չէի էլ լսել, բայց նրանք ՄԱԿ-ում ձայնի իրավունք ունեն»: Քարոզարշավի ջանքերը շարունակվեցին 2007-ին, որի ընթացքում թուրք պաշտոնյաները այցելեցին եւս 27 երկրներ:
Թուրքիան 2006-ին 700 մլն դոլար է հատկացրել զարգացող երկրներին օգնելու համար: Նաեւ փոքր պետություններին 20 մլն դոլարով օգնել է, որպեսզի նրանք իրենց պարտքը ՄԱԿ-ին վճարեն եւ չզրկվեն (հօգուտ Թուրքիայի) քվեարկելու իրավունքից: 2007-ին Թուրքիան 15 մլն դոլարի մի ֆոնդ հիմնեց` նեցուկ կանգնելու փոքր թերզարգացած կղզի-պետություններին: Ավելին, առաջին անգամ պատմության մեջ Թուրքիան հարաբերություններ հաստատեց Մարշալի եւ Կուկի կղզիների հետ: Որպեսզի աֆրիկյան պետությունների պաշտպանությունը ստանա, Թուրքիան 10 նոր դեսպանատներ է բացում Անգոլայում, Չադում, Ղանայում, Կամերունում, Մադագասկարում, Փղոսկրի Ափում, Մալիում, Մոզամբիկում, Նիգերում եւ Տանզանիայում: 2005-ին Թուրքիան դարձավ Աֆրիկյան միություն կազմակերպության դիտորդ անդամ: 2008-ի մարտին նա հայտարարեց, որ 50 մլն դոլար է հատկացնում աֆրիկյան որոշ երկրների զարգացման ծրագրերին: 2008-ի օգոստոսին, ՄԱԿ-ի քվեարկությունից 2 ամիս առաջ, Թուրքիան պատրաստվում է Ստամբուլում անցկացնել թուրք-աֆրիկյան համագործակցությանը նվիրված համագումար:
Գլոբալ տաքացման հետեւանքով այդ փոքր կղզիների ջրասույզ լինելու վտանգը ստիպել է Թուրքիային զբաղվել բնապահպանական խնդիրներով: Անցյալ ամիս Ստամբուլում այդ երկրների ղեկավարների հետ կայացած հանդիպումից հետո արտգործնախարար Բաբաջանը հայտարարել էր, որ կառավարությունը պարտավորվում է պայքարել գլոբալ տաքացման դեմ: Նշենք, որ Թուրքիան այն հազվադեպ երկրներից է, որ դեռ չեն ստորագրել կլիմայական փոփոխությունների վերաբերյալ 1997-ին ձեւակերպված Կիոտոյի արձանագրությունը:
Թուրքիան պատրաստ չէ անդամակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, քանի որ մարդու իրավունքների գլխավոր խախտողն է, հետեւաբար նաեւ հարեւան երկրների անվտանգությանն ու խաղաղությանը սպառնացող մշտական վտանգը:
Բոլոր նրանք, ովքեր ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարների հետ հաղորդակցվելու հնարավորություն ունեն, պետք է երեւան հանեն Թուրքիայի քվեներ գտնելու ջանքերը եւ այդ երկրների պատվիրակներին բացատրել, որ իրենց քվեները պետք է կենտրոնացնեն Ավստրիայի եւ Իսլանդիայի թեկնածությունների վրա, որոնք իսկական ժողովրդավարական երկրներ են:
Թարգմ. Հ. Ծ.
Source: http://www.azg.am
