May
4
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
Filed Under AZG Armenian Daily
Այլապես ակցիան վերածվում է սովորական անիմաստ սանձարձակության
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ինչպես ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորմանն ու արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակմանը միանգամայն դրական էր արձագանքել թուրքական մամուլը: Թերեւս դա պայմանավորված էր հայաստանյան պաշտոնակիցներին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ալի Բաբաջանի շնորհավորական ջերմ ուղերձներով: Հայկական կողմի համարժեք արձագանքը դրանց առիթ տվեց թուրքական մամուլին գրելու, որ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումը դրական զարգացում է եւ հույսեր է ներշնչում հայ-թուրքական միջպետական երկխոսության սկզբնավորման համար:
Հայ-թուրքական հնարավոր երկխոսությանը դրական արձագանքը, սակայն, չի խանգարել թուրքական մամուլին, որ երկրում ավելորդ կրքեր բորբոքի Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումների Թուրքիայի դրոշը տրորելու եւ այրելու միջադեպերի առնչությամբ, խեղաթյուրելով միաժամանակ իրականությունը:
Ի դեպ, ապրիլի 24-ին այդ միջադեպերին արձագանքեց թուրքական հանրային հեռուստատեսությունը եւ դատապարտելով Հայաստանին, այնուամենայնիվ, հարկ համարեց նշելու. «Չի բացառվում, որ Երեւանում Թուրքիայի դրոշը ոտնատակ տալու դեպքերը լինեն սադրանք»: Հակառակ դրան, թուրքական որոշ թերթեր, անխնա շահարկելով դրոշի տրորման փաստերը, տրորումը վերագրեցին նաեւ ՀՀ նորընտիր նախագահին, կառավարության անդամներին եւ Ծիծեռնակաբերդի բոլոր այցելուներին, թե ապրիլի 24-ին անխտիր բոլորը Ցեղասպանության հուշարձան են մտել, տրորելով Թուրքիայի դրոշը, որն իբր փռված է եղել հուշարձանի շեմին:
Որքան էլ այդ դեպքերը տեղի ունենան ապրիլի 23-ին ջահերի երթի ժամանակ, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը Եղեռնի հուշարձան այցելի ապրիլի 24-ին, դրանց ցուցաբերվող հակազդեցությունը մամուլով չի սահմանափակվում: Դեպքերին նույն հակազդեցությամբ արձագանքել է նաեւ Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, հրապարակելով ամենօրյա տեղեկագրի ապրիլի 28-ի եւ 29-ի համարներում փորձագետ Օյա Էրենի եւ տնօրեն Օմեր Էնգին Լյութեմի հոդվածները:
Տվյալ դեպքում խնդիրը թուրքական մամուլի կամ հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի հակազդեցությունը չէ, այլ այդ հակազդեցությանը Թուրքիայի ղեկավարներին եւս մասնակից դարձնելու փորձերն են, ինչպես նաեւ այդ հարցի բարձրացումը Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Թուրք լրագրողները «ինչպե՞ս եք գնահատում Երեւանում Թուրքիայի դրոշը ոտնատակ տալու դեպքերը» հարցով նախ դիմեցին նախագահ Գյուլին, ընդ որում երկու անգամ՝ ապրիլի 25-ին եւ 27-ին: Երկու դեպքում էլ նա առանց Հայաստանի անունը տալու, ասաց. «Մենք նման բաներ չէինք անի: Դա նրանց ամոթն է: Ամոթ է այդ բանն անողների, ինչպես նաեւ տվյալ երկրի համար: Մինչդեռ մենք այդ երկրին հրավիրել ենք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն: Ընտրություններից հետո, շնորհավորելով հաջողություն ենք մաղթել Իրենց (Սերժ Սարգսյանին): Թուրքիան անուղղակի նպաստել է տարածաշրջանի կայունությանը: Եթե ոմանք բոլորի աչքի առջեւ տրորում են որեւէ երկրի դրոշը եւ դա նկատվում է, ապա դրա համար պետք է ամաչի տվյալ երկիրը: Համաշխարհային հասարակական կարծիքը անտարբեր չի մնա»:
Ապրիլի 25-ին թուրքական դրոշը ոտնատակ անելու, ապա այրելու դեպքերը պաշտոնական հայտարարությամբ, ի դեմս խոսնակի, դատապարտեց Թուրքիայի արտգործնախարարությունը, ընդ որում տուրք տալով տրորումը Հայաստանի պաշտոնական շրջանակներում վերագրելու մամուլի նկրտումներին: Հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիայի դրոշը խորհրդանշում է վսեմ թուրք ազգի գլխավոր արժեքները, հավատքն ու ազատությունը: Դրա պատճառով էլ դա նույնացվում է մեր ազգի գոյության հետ: Բոլորին է հայտնի ազգային արժեքներին եւ այդ արժեքներն արտահայտող դրոշին թուրք ազգի տված նշանակությունը: Այդ իսկ պատճառով դրոշի տրորման մասին մամուլի հրապարակումները վշտացրել, ցավ են պատճառել մեր հասարակությանը, առաջ բերելով բուռն հակազդեցություն»:
Դրան հետեւեց «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Հասան Չալըշի նույն օրվա հարցումը վարչապետին, որը նա գրավոր ներկայացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահությանը: CNN-Turk-ի տվյալներով, պատգամավորը վարչապետ Էրդողանին հարցրել է, թե կառավարությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Հայաստանի դեմ թուրքական դրոշի տրորման առնչությամբ եւ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները այդ ոտնձգության ֆոնին:
Ապրիլի 26-ի համարում «Ազգը» անդրադարձել էր Երեւանում Թուրքիայի դրոշը ոտնատակ անելու դեպքերին, ընդգծելով, որ դրանք ոչ թե նպաստում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլ խրախուսում են ճանաչման հայկական ջանքերը Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ Հայաստանում տիրող թշնամանքով պայմանավորող թուրք ազգայնամոլներին, միաժամանակ վերջիններիս հակահայկական դրսեւորումների արդարացման նախապայմաններ են ստեղծում երկրում:
Արդարացման պայմաններում, ինչ խոսք, ընդլայնվում են դրոշի տրորման փաստերը նաեւ թուրքական իրականության մեջ «հայերի ցեղասպանության» մասին հրապարակավ արտահայտվող թուրք մտավորականների դեմ շահարկելու ազգայնամոլների հնարավորությունները: Այս հանգամանքը, անկասկած, կկաշկանդի մտավորականներին եւ նրանք Ցեղասպանության թեմայով գիրք հրատարակելիս կամ միջոցառում կազմակերպելիս կբախվեն ավելի քան բուռն հակազդեցության: Չի բացառվում, որ «թուրք հայամետի» այն պիտակը, որը մտավորականներին կպցրել են ազգայնամոլները, ավելի ընդունելի կդառնա թուրքական հասարակության համար:
Քանի որ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավորը դեպքերի առնչությամբ հարցապնդում է արել վարչապետ Էրդողանին, ուստի շահարկումներում կներգրավվի Թուրքիայի ազգային մեծ ժողովը, այնտեղ կհնչեն հակահայաստանյան ելույթներ, իսկ կառավարությունը ստիպված կլինի բացատրություն տալ ընդդիմությանը, թե ի՞նչ հանգամանքներում են երկրի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը շնորհավորական ուղերձ հղել Հայաստանի ղեկավարներին:
Դրոշ այրելը բողոքի քաղաքական ակցիա է, եթե դա կատարվում է տվյալ երկրի ներկայացուցչի կամ ներկայացուցչության առջեւ: Հակառակ պարագայում, ակցիան վերածվում է սովորական սանձարձակության եւ հանգեցնում ավելորդ շահարկումների: Ապրիլի 23-ին Երեւանում ոչ միայն այրել են Թուրքիայի դրոշը, այլեւ ոտնատակ են արել, ընդ որում նաեւ Մեծ եղեռնի հուշարձանի ներսում: Մինչդեռ այդ հուշարձանը խորհրդանշում է Ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերին: Այնտեղ են այցելում զոհերի հիշատակը հարգելու, այլ ոչ թե Թուրքիայի դրոշը տրորելու միջոցով Մեծ եղեռնի հուշարձանը սանձարձակության վայր դարձնելու համար:
Source: http://www.azg.am
Permanent link: http://www.armpress.com/azg/2008/05/04/1057/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
