ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄԻնչպես գիտեք, այսօր մեր հանդիպման առիթը պարոն Էդվարդ Նալբանդյանին որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար ներկայացնելն է:

Ստացվեց այնպես, որ ապրիլի 13-ին իմ երկու հրամանագրերով նշանակվեցին երկու նախարարներ` պաշտպանության եւ արտաքին գործերի: Սա, իհարկե, զուգադիպություն էր, սակայն կարծում եմ, որ այդ զուգադիպությունը նաեւ խորհուրդ ունի: Յուրաքանչյուր երկրի դիվանագետ, հատկապես` բարդագույն տարածաշրջանում գտնվող Հայաստանը ներկայացնող դիվանագետը, անկասկած, իր երկրի առաջամարտիկն է` ոչ պակաս ուղիղ պատասխանատվության բեռով, քան հայկական բանակի յուրաքանչյուր զինվոր, որ հսկում է մեր երկրի սահմանը: Կոչ եմ անում մեր դիվանագետներին մշտապես հիշել այս զուգահեռի մասին: Ձեր ուղիղ պատասխանատվության առարկան Հայաստանի անվտանգությունն ու բարեկեցությունն է:

Վստահ եմ, որ այստեղ ներկա մեր դիվանագետներին, ինչու ոչ` նաեւ մեր հանրության մի զգալի հատվածին հարկ չկա պատմելու նորանշանակ նախարարի կենսագրությունը: Այն քաջ հայտնի է շատերին: Եվ ոչ պակաս հայտնի է պարոն Նալբանդյանի աշխատանքի բարձր արդյունավետությունը, ըստ իս` իր ամենակարեւոր ձեռքբերումը: Հայրենիքին ծառայելու նրա օրինակը նախանձելի է ոչ միայն հայաստանցի, այլեւ աշխարհի ցանկացած երկրի դիվանագետի համար: Կասկած չունեմ, որ փորձառու Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հաջողությունները երկար սպասել չեն տա այս նոր ու պատասխանատու պաշտոնում:

Այսօր ես պետք է հատուկ շնորհակալության խոսք ասեմ Վարդան Օսկանյանին: Մարդու, որը ղեկավարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ուղիղ 10 տարի: Մարդու, որի բարձր որակներով է նաեւ ներկայացել Հայաստանը աշխարհին` ՄԱԿ-ի ամբիոնից, միջազգային կառույցներում, երկկողմ հարաբերություններում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Պարոն Օսկանյանի ավանդը մեր պետության կառուցման գործում անուրանալի է: Հուսով եմ սակայն, որ նախարար Օսկանյանի անձն ու անցած տասը տարիների գործունեությունն այսուհետեւ չեն դառնա լոկ պատմական «ուսումնասիրությունների» առարկա: Վարդան Օսկանյանն իր հարուստ փորձով, ակտիվ եւ ճշմարիտ քաղաքացիական կեցվածքով ուղղակի պարտավոր է շարունակել իր հայրենանվեր գործունեությունը` նպաստելով մեր երկրի հետագա զարգացման գործին:

Օգտվելով առիթից` այսօր կուզենայի խոսել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջ դրված խնդիրների մասին:

Առաջիկա տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը, պահպանելով փոխլրացման բովանդակությունը, պետք է լինի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող` կենտրոնացած շոշափելի արդյունքների վրա: Մենք պետք է ջանքեր գործադրենք միջազգային կյանքում Հայաստանի ներգրավվածության մակարդակի բարձրացման համար:

Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետության գոյության փաստն անդառնալի է: Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ ԼՂՀ-ն ենթակայության որեւէ ձեւով կարող է առնչվել Ադրբեջանին: Արցախի ազատատենչ ժողովուրդը արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ հաջողությամբ ժողովրդավարական պետություն է կառուցում: Ինքնորոշման բնական իրավունքն արհամարհող Ադրբեջանն էլ Ղարաբաղում բռնապետության համարում ունի: Բաքվում թյուրիմացաբար կարծում են, թե նավթադոլարներով կարող են անգերազանցելի տնտեսական առավելության հասնել մեր նկատմամբ եւ մի օր ռազմական հաջողություն արձանագրել: Սակայն փողի ուժով չէ միայն, որ երկիր են պահում ու հաղթանակների հասնում: Փաստն այն է, որ հեղինակավոր «Հերիթեյջ» հիմնադրամի եւ «Ուոլ սթրիթ ջոռնըլի» գնահատականով տնտեսական ազատությունների վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ, իսկ Ադրբեջանը` 107-րդ տեղը: Փաստն այն է, որ մասնագետների գնահատմամբ հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Ադրբեջանի ղեկավարները պետք է վերջապես հասկանան, որ բնական պաշարների վաճառքից ստացվող մեծ եկամուտները դեռ չեն ենթադրում երկրի ինքնըստինքյան բարգավաճում եւ տնտեսական զարգացում, ինչպես ամպագոռգոռ ռազմատենչ հայտարարությունների առատությունը չի ենթադրում մարտունակ բանակի գոյությունը: Այսպես թե այնպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը նվաճել է ազատ եւ անկախ ապրելու իր իրավունքը: Եվ մեր ջանքերով այդ իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից:

Որպես երկրի ղեկավար` արտաքին քաղաքականության լրջագույն խնդիրներ եմ համարում բարեկամ երկրների հետ տնտեսական կապերի ակտիվացումը, հումանիտար համագործակցության զարգացումը, ակտիվ աշխատանքը դրսի տեղեկատվական ու քարոզչական դաշտում, Հայաստանի մշակութային ժառանգության արժանի ներկայացումը արտերկրում: Մեր դիվանագետներն իրենց ակտիվ աշխատանքով պետք է նպաստեն Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, աշխարհում նոր բարեկամների ձեռքբերմանը:

Կարեւորագույն նշանակություն ունի աշխատանքը սփյուռքի հետ: Նույնիսկ համապատասխան առանձին կառույց ունենալու պարագայում, աշխարհասփյուռ մեր ազգակիցները հայրենիքի հոգատարությունը զգալու են նաեւ ձեր միջոցով եւ օգնությամբ: Հայապահպանության խնդիրն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության գործն է, եւ մենք պետք է լինենք այդ քաղաքականության նախաձեռնողներն ու պատասխանատուները:

Մեր օրակարգում է շարունակում մնալ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը:

Վստահեցնում եմ ձեզ, որ դիվանագիտական ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչության բոլոր խնդիրները լինելու են ՀՀ նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Մենք պետք է լծվենք ամենօրյա տքնաջան աշխատանքի եւ այդ պարագայում վստահ եմ, որ շոշափելի արդյունքները շատ շուտով տեսանելի կդառնան: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նորանշանակ նախարարին եւ ավարտելով այսօրվա իմ ելույթը ասում` ի գործ, հանուն մեր երկրի բարօրության:

Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/04/17/1008/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • April 2008
      M T W T F S S
      « Mar   May »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      282930  
  • Archives

  • Links

  • Adv