ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐՆախագահական ընտրություններում ամեն ինչ խախտված լինելու խոսքերը` անհեթեթություն են, ըստ Պրեսկոտի
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

«Զեկուցող, արդյոք դուք գիտե՞ք եւ ընդգրկե՞լ եք զեկույցում, որ Հայաստանում 9 զոհ է եղել մարտի 1-ի իրադարձություններում, 100-ից ավելի մարդիկ դեռեւս ձերբակալված են, իսկ արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանում ընդունվել է ազատությունը սահմանափակող օրենք` ի դեմս հանրահավաքների սահմանափակման, իսկ ընդդիմությունն էլ պահանջում է նոր նախագահական ընտրություններ», ԵԽԽՎ երեկվա նստաշրջանում հայաստանյան նախագահական ընտրությունների առնչությամբ զեկույցը ներկայացնող Ջոն Պրեսկոտի` հինգշաբթի Հայաստանի կապակցությամբ արտահայտվելու խոսքերից հետո նման հարցադրում արեց Հունգարիայի պատվիրակ Զոլթ Նեմեթը:

Թե ինչն էր այդքան մտահոգել Նեմեթին` դժվար է ենթադրել, բայց Նեմեթի ներկայացրած եվրոպական ժողովրդական կուսակցությունն, ըստ նրա խոսքերի, խոսեց բանտարկյալներից, Հայաստանի իշխանություններին առաջարկելով մարտյան իրադարձությունների անկախ քննություն անցկացնել, իսկ պատրաստակամության բացակայության դեպքում, ըստ Նեմեթի, դա պարտավոր է անել ԵԽԽՎ-ն: Հունգարացի պատվիրակը ընդգծեց, որ այսօրինակ իրավիճակի պատճառներից մեկը դիտորդական առաքելությունների կառուցվածքն է, երբ դիտարկումներ են կատարվում մի քանի օր, իսկ հետեւանքները մնում են չկարգավորված:

Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, հայաստանյան նախորդ նախագահական ընտրությունների նման, այս անգամ էլ ընտրությունները մարտահրավեր էին երկրին` կազմակերպելու արդար եւ ազատ ընտրություններ: Ռուստամյանն ընդգծեց ընտրությունների առնչությամբ բարելավումների կարիքն ու անհրաժեշտությունը:

Նրա հիմնական շեշտադրումը վերաբերում էր հանրային վստահությանը՝ ընտրությունների եւ դրանց արդյուքների նկատմամբ, ինչն էլ Հայաստանի ամենաառաջնային լուծելիք խնդիրն է: Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած զարգացումները մի շարք հարցադրումներ առաջ քաշեցին, այդ թվում, ըստ Ռուստամյանի, սոցիալ-տնտեսական բարեփոխումները կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելությանը մասնակցած շվեդ պատվիրակ Կերստին Լինդգրենի ելույթը բավականին հուզական էր ու առավելապես հատուկենտ օրինակների մատուցմամբ: Ըստ տիկնոջ խոսքի, քվեարկության օրն իր այցելած տեղամասում ձայների հաշվարկը տեղի է ունեցել խախտումներով, մինչդեռ հաջորդ օրը տպավորություն է ստեղծվել, թե ամեն ինչ անցել է չափանիշներին համապատասխան: Ելույթի ավարտը հռետորական էր. «Մի՞թե այսպես ենք մենք օգնում հայ ժողովրդին»:

Ապագայի լավատեսական տեսլականի մատուցմամբ` հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ոչ մեկին տեղի ունեցածում չի մեղադրում, դրանք մեր երկրի խնդիրներն են: Ոչ էլ Հայաստանը հատուկ մոտեցում է ակնկալում, բայց ամեն դեպքում, նախագահական ընտրությունների առնչությամբ զեկույցում, ըստ Հովհաննիսյանի, անհամապատասխանություն կա եզրակացությունների եւ բովանդակության միջեւ` նկատի ունենալով հետընտրական բռնությունները:

Ադրբեջանը «մտահոգ» է հայաստանյան ընտրություններո՞վ…

Բավականին յուրօրինակ էր ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնող Սամադ Սեիդովի «բողոքի պոռթկումը», երբ նիստը նախագահողն առաջարկեց տվյալ պահին ամփոփել ելույթները, որ վերաբերում էին հինգ երկրներում, այդ թվում` Հայաստանում ընտրությունների զեկույցներին, եւ շարունակել ընդմիջումից հետո: Ադրբեջանցի պատվիրակը, թերեւս անուշադրության պատճառով ընկալեց, թե այդպես սահմանափակվում են ելույթները ընտրական զեկույցների առումով, եւ ժեստիկուլյացիոն հարուստ ուղեկցությամբ առաջարկեց «ընտրությունների` այդ կարեւոր թեմայի մասին ելույթներ էլի լսել», ու բացի այդ էլ հաշվի առնել, որ «Հայաստանում ոչ թե 8, այլ 27 զոհ է եղել»: Ցնցող «լավատեղյակություն» է, անխոս:

Ինչեւէ, ընդմիջումից հետո Սեիդովը շարունակեց իր «ելույթը», որ ուղղակի ամոթահար կարող էր անել Հայաստանի Հանրապետության իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ ադրբեջանցին ընդգծված «մտահոգությամբ» էր խոսում մարտյան իրադարձությունների զոհերի, հայաստանյան նախագահական ընտրությունների զեկույցի «ոչ օբյեկտիվ» լինելուց, եւ դա Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեղավորների թողտվությամբ:

Ադրբեջանական մեկ այլ պատվիրակ` Գանիրա Փաշաեւան նախընտրել էր իր խոսքը նվիրել ադրբեջանական ձայնապնակի բազմաթիվ կրկնությունների հիմնական թեմատիկային. «Ադրբեջանական տարածքների 20 տոկոս օկուպացիա, 1 մլն-ից ավելի տեղահանվածներ, հայաստանյան ընտրությունների անհամապատասխանություն եվրոչափանիշներին»: Տիկնոջ մնացյալ խոսքն էլ այս տրամաբանությունից դուրս չէր:

Տպավորությունն այնպիսին էր, թե ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները մոռացել են, թե որ երկիրն են ներկայացնում, թե ինչպես են Բաքվում վերաբերվում լրագրողներին, ինչ են անում ադրբեջանական իշխանությունները նույնօրինակ ընտրությունների ժամանակ եւ այլն: Ամեն դեպքում, այդուհետեւ ելույթ ունեցած ֆրանսիացի պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուան, որ նաեւ մասնակից է եղել նախագահական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությանը, ընդգծեց, որ անտեղի են տիկին Լինդգրենի իրադարձային անհասկանալի խճանկարը եւ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի ծայրահեղ գնահատականները, քանի որ, ըստ Ռոշբլուայի, դիտորդական առաքելությունը բարեխղճորեն է աշխատել եւ արտահայտվել զեկույցում:

Ընտրությունների վերաբերյալ զեկուցող Ջոն Պրեսկոտի արձագանքը տարբեր գնահատականներին առավել քան սուր էր: Պրեսկոտը նախ ընդգծեց, որ տվյալ դեպքում հայ-ադրբեջանական հարաբերությունները չէ, որ քննարկվում են: Բացի այդ, «Չի կարելի ասել, թե խախտվել են բոլոր ժողովրդավարական չափանիշները, դա անհեթեթություն է», հայտարարեց Պրեսկոտը, ավելացնելով, որ պետք չէ օգտագործել ծայրահեղ տերմիններ:

Իսկ ի՞նչ է եզրակացվել ու առաջարկվել զեկույցում

2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին մեծապես համապատասխան Եվրոպայի խորհրդի ստանդարտներին: Իշխանությունները բարեփոխումներ անցկացրեցին օրենսդրական կտրվածքով, բայց չցուցաբերեցին հաստատուն քաղաքական կամք ապահովելու դրա լիարժեք իրագործումը: ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովը հորդորում է իշխանություններին լուծել զեկույցում նշված թերություններն ու մարտահրավերները, հատկապես կապված ընտրական համակարգի եւ դրա հետեւանքների նկատմամբ հանրային վստահության բացակայության հետ:

Եզրակացությունների եւ առաջարկությունների առումով սա առաջին դրույթն է, որ նշված է ԵԽԽՎ բյուրոյի հատուկ հանձնաժողովի նախագահական ընտրությունների մասին զեկույցում, որ ներկայացրեց Ջոն Պրեսկոտը: Ընդ որում, հանրային վստահության այդ բացակայությունն էլ ընդգծվել է որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման հիմնական խնդիր: «Քարոզարշավի անհավասար պայմանները, քվեարկության օրը դիտարկված թերություններն ու խախտումները, ինչպես նաեւ քարոզարշավների անցկացման ձեւերն ու մոտեցումները չեն ավելացնում հանրային վստահությունը էլեկտորալ համակարգի հանդեպ»:

Ըստ զեկույցի, մտահոգություն է հայտնվում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բողոքների եւ դիմումների քննարկման առնչությամբ: Ավելին, ընտրական հարցեր քննարկող դատական ատյանների հանդեպ եւս առկա է նման մտահոգություն:

Ընտրությունների ընթացքում նույնիսկ կնիք դնելով, զեկույցի համաձայն, հնարավոր չի եղել խուսափել բազմակի քվեարկություններից, ուստի առաջարկվում է ընդունել մատների վրա նշման տարբերակը, որ իր արդյունավետությունը ապացուցել է տարբեր երկրներում:

«Քանի որ մարտի 1-ին արտակարգ դրության պատճառ դարձած իրադարձությունների վերլուծությունը դուրս է այս զեկույցից, պարզ է, որ ամենահիմնական պատճառը ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության ամբողջական եւ ընտրական արդյունքների լեգիտիմության բացակայությունն է»: Այդ խնդրի լուծման համար պետք են բարեփոխումներ, իսկ դրա համար պետք է ակտիվ երկխոսություն իշխանության եւ ընդդիմության (խորհրդարանական եւ արտախորհրդարանական) միջեւ:

Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/04/15/987/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • April 2008
      M T W T F S S
      « Mar   May »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      282930  
  • Archives

  • Links

  • Adv