Մինչ Մատենադարանի հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, կասկածի ենթարկելով ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ էր պահանջում իշխանություններից եւ արդյունքների համար պատասխանատու էր ճանաչում միջազգային դիտորդներին, որպեսզի իր կողմնակիցներին երթով առաջնորդի դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք, ընտրություններում տարած հաղթանակի առնչությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրա օրինակին հետեւում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այդ ընթացքում միջազգային դիտորդներն ընդհանրապես դրական են գնահատում ընտրությունները եւ ընդգծում, որ դրանք մեծապես համապատասխանում են եվրոպական չափանիշներին:

Ընտրությունների համար Տեր-Պետրոսյանը պատասխանատու կհամարի՞ նաեւ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի նախագահներին, թե՞ ոչ, ցույց կտան հաջորդ հանրահավաքները: Բայց որ ընտրությունների արդյունքներին հակադրվելու եւ նոր ընտրություններ պահանջելու Տեր-Պետրոսյանի նկատառումները ոչ այլ ինչ են, քան կրած պարտության համար հիասթափություն ապրող կողմնակիցներին մխիթարելու, ինչպես նաեւ քաղաքականությունից անխուսափելի հեռացումը հոխորտանքի միջոցով արժանապատիվ դարձնելու ապարդյուն փորձեր են, կասկած չի հարուցում:

Հատկանշական է, որ նախքան ընտրությունները Տեր-Պետրոսյանին աջակցող թուրքական քաղաքական շրջանակներն ընտրություններից հետո սկսել են քննարկել Թուրքիայի նկատմամբ Սերժ Սարգսյանի հնարավոր դիրքորոշման հարցը: Այլ կերպ, ընտրություններում կրած պարտությամբ Տեր-Պետրոսյանը հիասթափություն է պատճառել նաեւ Թուրքիայի քաղաքական շրջանակներին:

Հակառակ դեպքում վերջիններս ոչ կքննարկեին վերոհիշյալ հարցը, ոչ էլ թուրքական մամուլը Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ հաշտվելու մղումով չէր ընդգծի դրա անառարկելիությունը: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ «Բուգյուն» թերթը փետրվարի 20-ի համարում ընտրությունների մասին տվյալները ներկայացրել է «Տեր-Պետրոսյանի ջախջախումը» ենթավերնագրով: Ավելին, թուրքական հանրային հեռուստատեսությունն անդրադառնալով Մատենադարանի նախորդ օրվա հանրահավաքին, թեեւ նշել է, որ 15 հազար մարդ բողոքի ցույց է կազմակերպել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, բայց եւ այնպես ընդգծել է. «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայտարարեց, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են արդար, որքան էլ դրանք ունենան կատարելագործման որոշակի կարիք»:

Ինչ վերաբերում է նոր նախագահի պաշտոնավարմամբ Հայաստանի թուրքական քաղաքականության մեջ փոփոխությունների հավանականությանը, ապա վերոհիշյալ հեռուստատեսությունը կայքէջում գրում է. «Տարիներ շարունակ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարող Ռոբերտ Քոչարյանի աջակցությունն ստացած նոր նախագահ Սարգսյանից չի ակնկալվում այլ մոտեցում Անկարայի հետ հարաբերությունների առնչությամբ»:

Այդ առումով թուրքական հեռուստատեսությանը լրացնում է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Նա փետրվարի 20-ին ինստիտուտի ամենօրյա բյուլետենում մատնանշել է. «Ինչ վերաբերում է Հայաստանի նոր նախագահի հնարավոր քաղաքականությանը, ապա Սերժ Սարգսյանը հազիվ թե դրա առնչությամբ որեւէ հայտարարություն անի: Սակայն հաշվի առնելով այն, որ վերջին 10 տարիներին ինքը եղել է Քոչարյանի մերձավորագույն զինակիցը, դժվար չէ կռահել ընդհանուր գծերով վերջինի քաղաքական կուրսը շարունակելու նրա մտադրությունը:

Հետեւաբար կարճաժամկետ հեռանկարում սպասել, որ Ղարաբաղի ու Թուրքիայի հարցերում Հայաստանի քաղաքականությունը լուրջ փոփոխությունների կենթարկվի, իրատեսական չէ: Դրանով հանդերձ, այս քաղաքականությունը Հայաստանին մեկուսացման է տանում, ինչը կարող է ազդակ հանդիսանալ Սերժ Սարգսյանի համար, որ նա որոշ ժամանակ անց կարգավորման համար նոր ուղիներ որոնի: Սակայն կարգավորման ճանապարհին յուրաքանչյուր առավելագույն զիջում բախվելու է ազգայնական հոսանքների գերիշխանության տակ գտնվող սփյուռքի եւ կառավարության մաս կազմող դաշնակների հակազդեցությանը: Թերեւս հետագա բանակցություններին նպաստելու համար կարելի էր դաշնակներին չընդգրկել նոր կառավարության մեջ: Այս ընտրություններում Ռուսաստանն ակնհայտորեն աջակցել է Սերժ Սարգսյանին: Սա ենթադրում է Ռուսաստանի դերի պահպանումը, նույնիսկ ուժեղացումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչը կանդրադառնա նաեւ քաղաքականության վրա: Այսպիսով, Հայաստանն էլ ավելի կապավինի Ռուսաստանին, քան ապավինել է Քոչարյանի օրոք: Այս ամենով հանդերձ ակնհայտ է, որ Հայաստանը հետամուտ է լինելու ԵՄ-ի նոր հարեւանություն քաղաքականությանը եւ ռուսական շահերին չհակասելու պայմանով շարունակելու է գործադրել ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ջանքերը»:

Լյութեմի վերոհիշյալ խոսքերը մեկնաբանության կարիք չեն զգում: Պարզապես ընդգծում են այն փաստը, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները գիտակցելով ՀՀ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի անառարկելիությունը, հաշտվել են այդ փաստի հետ: Այդ առումով սակայն կարեւորը քաղաքական շրջանակները չեն, այլ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի շնորհավորական ուղերձը, որը երեկ նա հղել է Սերժ Սարգսյանին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/02/22/965/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv