2007-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը (ՈւԿԶՀ) «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացրեց «Աջակցություն հայ-թուրքական միջսահմանային երկխոսությանը եվրոինտեգրման գործընթացի համատեքստում. մտորում են տարածաշրջանի երիտասարդները» ծրագիրը:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի խաղաղության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, բխում է երկու պետությունների, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրների շահերից:

Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ: Առկա են միայն ոչ պաշտոնական շփումներ հասարակության որոշ շերտերի միջեւ: Այսպիսի շփումներն անհրաժեշտ են եւ նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջեւ հարաբերությունների ձեւավորմանը:

Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների երիտասարդ ներկայացուցիչների շարունակական երկխոսության ծավալմանը: Երկխոսությանը նպաստելու համար ծրագիրն առավել շեշտադրումներ էր կատարել երկու պետությունների ընդհանրություններին, քան հայտնի հակասություններին: Որպես երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հնարավոր ընդհանրություն ընտրվել էր եվրոպական ինտեգրացիայի թեման. Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է եւ ընդգրկված է Եվրոմիության «Նոր հարեւանության քաղաքականության» մեջ, Թուրքիան նույնպես անդամակցում է Եվրոպայի խորհրդին եւ Եվրոմիության անդամության թեկնածու երկիր է:

Սեպտեմբերին ծրագրի շրջանակներում Ստամբուլում, Անկարայում եւ Երեւանում անցկացվեցին հարցախույզներ հասարակության տարբեր շերտերի շրջանում` պարզելու նրանց վերաբերմունքը հարեւան երկրի նկատմամբ եւ կարծիքն առ այն, թե եվրոպական ինտեգրացիան որքանով կնպաստի երկու պետությունների միջեւ հարաբերությունների բարելավմանը եւ հասարակությունների մերձեցմանը: Հոկտեմբերին Ստամբուլում անցկացվեց սեմինար հայ եւ թուրք երիտասարդների, ինչպես նաեւ երկու երկրների` եվրոինտեգրման հարցերով փորձագետների մասնակցությամբ: Փորձագետները մասնակիցներին ներկայացրին եվրոինտեգրման ուղղությամբ երկու երկրների ներկա գործընթացը: Սեմինարի ընթացքում ցուցադրվեցին վերոնշյալ հարցախույզների տեսագրությունները, եւ քննարկում ծավալվեց: Մասնակիցներն այնուհետեւ համատեղ աշխատանքի արդյունքում գաղափարներ ներկայացրին մոտ ապագայում շփումները շարունակելու եւ ընդլայնելու վերաբերյալ:

Դեկտեմբերին Հայաստանում նկարահանվեց եւ հեռարձակվեց հեռուստատեսային թոք-շոու հայ եւ թուրք փորձագետների, երիտասարդների մասնակցությամբ: Հեռուստահաղորդումը կհեռարձակվի նաեւ Թուրքիայում, ինչպես նաեւ ծրագրի վերաբերյալ հոդված կտպագրվի թուրքական թերթում:

Ծրագիրն իրականացնելիս ՈւԿԶՀ-ին օժանդակում էր գործընկեր թուրքական «Մարմարա դասավանդողների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը:

Ծրագրին մասնակից երկու երկրների երիտասարդները եւ փորձագետները տպավորված էին երկխոսության արդյունքներից: Նրանց ձեռնարկած փորձն արդեն իրականություն էր, ուստի պատրաստակամություն հայտնեցին փոխադարձ շփումները դարձնելու շարունակական:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Ծրագրի իրականացման պատասխանատու
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/02/12/949/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv