Բաքվում այս մասին չգիտեն, չգիտեն անգամ երկրի սահմանադրությունը

Ադրբեջանական արտգործնախարարությունը եւ, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հարեւան երկրի այս գերատեսչությունը, հերթական ապատեղեկատվական քարոզարշավն են սկսել, թերեւս մեր նախագահական ընտրությունների ֆոնին նախապատրաստական թրեյնինգ են անցկացնում ադրբեջանական նախագահական ընտրություններից առաջ:

Ինչեւէ, ադրբեջանական քաղաքական միտքը, ամենայն վստահությամբ, ճգնաժամ է ապրում, քանի որ պարզունակ դատողություններ են արվում այնպիսի հարցերի շուրջը, որոնք հենց ադրբեջանական իրականությունում բացատրելի ու ընդունելի պիտի լինեին: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը հայտարարել է, թե Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրությունների գործընթացը «Ադրբեջանի օրենսդրության եւ միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումների է բերել` կապված Լեռնային Ղարաբաղի հետ»:

Ըստ բազմիցս ապատեղեկատվության հեղինակ դարձած Իբրահիմի, պարզվում է, թե «Հայաստանի օկուպացրած տարածքներում ապրող Ադրբեջանի քաղաքացիները չեն կարող մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին»: Օրենսդրական եւս մեկ խախտում էլ, ըստ Իբրահիմի, «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից մարդկանց մասնակցությունն է ընտրություններին եւ Հայաստանում անցկացվող ընտրություններին ԼՂ ժողովրդի մասնակցությունը»:

«Լեռնային Ղարաբաղում ընտրատեղամասեր են ձեւավորվում` կապված Հայաստանի ընտրությունների հետ: Մենք չունենք դրա վերահսկողության մեխանիզմներ», ամենայն հավանականությամբ ողբն առ միջազգային կառույցներ է ուղղում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Ամենից առաջ ընդգծենք, որ Հայաստանում ընտրությունների են մասնակցում Հայաստանի քաղաքացիները, եւ Ադրբեջանի քաղաքացիները, մեծագույն ցանկության եւ անգամ միջազգային կառույցների «հորդորների» դեպքում չեն կարող մասնակից դառնալ հայաստանյան ընտրական գործընթացներին: Նույն հաջողությամբ նրանք չեն կարող մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրություններին, որոնց մասնակցում են միայն ԼՂՀ քաղաքացիները:

Արդեն սովորական է դարձել, որ ադրբեջանցիները ոչ մի կերպ չեն հասկանում տարրական մի իրողություն. Ղարաբաղը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի Հանրապետության հետ: Ավելին, Ղարաբաղի բնակիչներից ոմանք ունեն Հայաստանի քաղաքացիություն, ոմանք անգամ Միացյալ Նահանգների, եւ ուղղակի զավեշտալի է ադրբեջանական մոտեցումը, ասենք, ԱՄՆ քաղաքացուն Իլհամ Ալիեւի վերընտրության անայլընտրանք գործընթացին մասնակից դարձնելու հույսերի առնչությամբ:

Բացի այդ, եթե նույն Խազար Իբրահիմը իսկապես կարող է, ցանկությունների տիրույթում, ԼՂՀ քաղաքացիներին ադրբեջանցի համարել, ապա պետք է գոնե մտահոգվի այն հանգամանքով, որ բնակչության մի մասի ընտրություններին մասնակից չլինելն ուղղակի անօրինական կարող է դարձնել ուզածդ քվեարկություն:

Եվ սա դեռ ադրբեջանական մոտեցման սնանկության մեկ դրվագ է: Հատուկ ադրբեջանական գերատեսչական աշխատակիցների համար մեջբերենք Ադրբեջանի գերագույն օրենքի սահմանադրության մի քանի հոդվածներ քաղաքացիության խնդրի վերաբերյալ: Ըստ այդմ, Ադրբեջանի սահմանադրությունը ամրագրում է, որ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են ծննդյան վկայականը, անձը հաստատող Ադրբեջանի Հանրապետության վկայականը կամ էլ այդ երկրի անձնագիրը: Եվ քանի որ դրանցից ոչ մեկը չունի ղարաբաղցին, ուրեմն սնանկ են խոսակցությունները ղարաբաղցիների ադրբեջանահպատակ լինելու մասին:

Ավելին, սահմանադրության 52-րդ հոդվածը սահմանում է, թե ով է Ադրբեջանի քաղաքացի: Ըստ այդմ, Ադրբեջանի քաղաքացի է այն անձը, ով ենթակա է Ադրբեջանի պետությանը, ունի նրա հետ քաղաքական եւ իրավական կապ, նաեւ փոխադարձ իրավունքներ եւ պարտավորություններ: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել այս սահմանման մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահական ընտրություններին Լեռնային Ղարաբաղի բնակչության ենթադրյալ մասնակցությանը, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց ընտրական իր գործընթացներն ունի, այնտեղ ընտրություններ են անցկացվում անկախ հայաստանյան կամ ադրբեջանական ընտրություններից: Եվ չնայած Ադրբեջանը չի ընդունում այդ ընտրությունները, այնուամենայնիվ, դրանք դե ֆակտո գործընթացներ են, որ կարգավորում են Լեռնային Ղարաբաղի կյանքն ու զարգացումը:

Հայաստանյան ընտրություններում էլ ղարաբաղյան ծագմամբ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Բոլոր նրանք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ընտրելու կամ ընտրվելու իրավունք, այդ գործընթացի մաս են կազմում` կցանկանա դա Ադրբեջանը, թե ոչ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/02/06/919/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv