Feb
5
Այս եզրակացությանն է հանգում «Զամանը», պաշտպանելով Տեր-Պետրոսյանին նախագահ Քոչարյանի քննադատությունից
Փետրվարի 1-ի համարում, անդրադառնալով Հայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ թուրքական կենտրոնական թերթերի ցուցաբերած սեւեռուն ուշադրությանը, առանձնացրել էինք «Զամանը», նշելով, որ այս թերթը լույս է տեսնում նաեւ Ադրբեջանում: Պետք է նշել նաեւ, որ «Զամանի» հետաքրքրությունը պայմանավորվում է եթե ոչ իշխանության՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի, գոնե նրա առաջադրմամբ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրման հավանականությամբ:
Այլապես թուրքական այս թերթը փետրվարի 3-ի համարում, փոխանակ վերլուծելու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին հասցեագրած քննադատությունները, դրանք չէր վերագրի ընդդիմության մեջ վերջինի, այսպես կոչված, ամենաուժեղ թեկնածու լինելու հանգամանքին: Ինչպես հայտնի է, ամբողջ քարոզարշավի ընթացքում Ադրբեջանի հետ սահմանների բացման կարեւորությունը մատնանշող Տեր-Պետրոսյանն օրերս դրա անհրաժեշտությունը Հայաստանի համար փորձել է հիմնավորել հայատյաց այս պետության աշխարհագրական դիրքով: Նա, իհարկե, ողջամտորեն շրջանցել է սահմանների բացման համար առաջադրվող բոլոր նախապայմանները:
Դրան ի պատասխան նախագահ Քոչարյանն ասել էր. «Լեւոն Տեր-Պետրոսյանի սերն Ադրբեջանի նկատմամբ հիվանդության է վերածվել, որն էլ մի շարք հարցերի եւ կասկածների տեղիք է տալիս: Այսպիսի հիվանդությունից վատ հոտ է գալիս: Այսպիսի հայտարարություններ անող անձի աշխարհագրական գիտելիքները պետք է կասկածի տակ դնել: Բավական է միայն բացել եւ նայել քարտեզը՝ տեսնելու համար, որ Ադրբեջանն այդքան էլ կարեւոր չէ մեզ համար»:
«Զամանը» մեջբերում է վերոհիշյալ խոսքերը, ապա ավելացնում. «Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի զավթած տարածքներին, Քոչարյանը նշեց, որ այդ հարցով բանակցությունները շարունակվում են եւ խոսքն այսպես շարունակեց. «Բաքուն, օգտագործելով այդ գործընթացում նավթից ստացած եկամուտները, կոշտացնում է իր դիրքորոշումը: Եթե ադրբեջանցի ներկայացուցիչներն էլ աշխարհագրական տվյալները Լեւոն Տեր-Պետրոսյանի նման գնահատեն, ապա կարելի է սպասել, որ էլ ավելի կկոշտացնեն իրենց դիրքորոշումը»:
«Զամանը», պաշտպանելով Տեր-Պետրոսյանին նախագահ Քոչարյանի քննադատություններից, արտահայտում է թուրքական քաղաքական շրջանակների շահագրգռությունները: Դրանք պատահական չեն, թերեւս պայմանավորված են Տեր-Պետրոսյանի ադրբեջանականին համահունչ տեսակետներով, որոնք էլ համահունչ են թուրքական տեսակետներին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Source: http://www.azg.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
