Ճանաչելու գայթակղությունից զերծ չեն նաեւ Օբաման ու Քլինթոնը

Այս տարի լրանում է նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Քանի որ ամերիկացիները սովորաբար նախագահի պաշտոնում չեն ընտրում միեւնույն կուսակցության, տվյալ դեպքում հանրապետականների առաջադրած թեկնածուին, այդ իսկ պատճառով միջազգային հանրությունն ուշադրության կենտրոնում է պահում Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ Հիլարի Քլինթոնին եւ Բարաք Օբամային: Նրա օրինակին են հետեւում Ամերիկայի հայկական կազմակերպություններն ու թուրքական քաղաքական շրջանակները այն տարբերությամբ, որ միջազգային հանրությունն այս թեկնածուներին մոտենում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական դիրքորոշումների տեսանկյունից, իսկ վերոհիշյալ կազմակերպությունների ու քաղաքական շրջանակների համար առաջնային է դառնում նրանց մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցին:

Թեեւ ընտրությունների նախօրյակին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատրաստակամությամբ հանդես եկած թեկնածուներն, ընտրվելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, հետեւողականորեն հրաժարվել են այդ պատրաստակամությունից, սակայն անկախ դրա պատճառած հիասթափությունից, ցեղասպանությունը ճանաչելու խոստումը չի դադարել թեկնածուների գնահատականի չափանիշը դառնալ Ամերիկայի հայկական կազմակերպությունների համար, ոչ էլ թեկնածուները հրաժարվել են ամերիկահայությանը ճանաչման խոստում տալու գայթակղությունից:

Հատկանշական է, որ թեկնածուի կարգավիճակով ամերիկահայերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տված թեկնածուն, որքան էլ նախագահ դառնալուն պես դրժի խոստումը, հիասթափություն է պատճառում նաեւ Թուրքիայի քաղաքական շրջանակներին: Դա հատկապես ակնառու դարձավ Ջորջ Բուշի պարագայում: Ամերիկահայ շրջանակները նախագահ Բուշից դժգոհում էին, որ նա ապրիլքսանչորսյան ելույթում չի գործածում «ցեղասպանություն» բառը, իսկ թուրքերը քննադատում էին նրան՝ առանց ցեղասպանություն բառի օգտագործման, «էթնիկ պատկանելության համար 1,5 միլիոն հայերին զանգվածաբար կոտորելու» կամ «հայ ժողովրդին իսպառ բնաջնջելու» արտահայտություններով ցեղասպանության ՄԱԿ-ի 1948-ի կոնվենցիայից բխող սահմանումը տալու համար: Թուրքիային, ինչ խոսք, մտահոգել եւ մտահոգում է նաեւ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին հայ ժողովրդին հասցեագրած ամենամյա պաշտոնական ուղերձը:

Ինչ վերաբերում է ցեղասպանության խոստումի դրժմանը, ապա պետք է ասել, որ դա ունի մի քանի պատճառներ: Սակայն նախքան պատճառներին անդրադառնալը նշենք, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատրաստակամությամբ հանդես է եկել նաեւ դեմոկրատ-սենատոր Բարաք Օբաման:

Նախորդ համարում «Ազգը» տեղեկացրել էր նրա պատրաստակամության մասին: Հունվարի 21-ի հաղորդագրությամբ դրան մանրամասնորեն անդրադարձել է «Անատոլու» գործակալությունը, որի հաղորդագրությունը հրապարակել են թուրքական թերթերը:

Ահա թե ինչ է գրել «Անատոլու. գործակալությունը. «ԱՄՆ նախագահի թեկնածուներից դեմոկրատական Բարաք Օբաման խոստացավ, որ կճանաչի 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումները, եթե նոյեմբերին նախատեսվող ընտրություններում հասնի հաղթանակի: Համանման հայտարարություններով Օբաման արդեն պաշտպանել էր հայկական թեզերը: Դեմոկրատական կուսակցության սեւամորթ թեկնածուի այս հայտարարությունը գոհունակությամբ է ընդունել հայկական սփյուռքը կազմակերպող Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Բարաք Օբաման «Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը» վերնագրով հաղորդագրության մեջ հպարտության աղբյուր համարեց, որ ինքն արտահայտում է հայկական ծագում ունեցող 1,5 միլիոն ամերիկացիների մտահոգությունը եւ աջակցում Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը: Այնուհետեւ նա ասաց. «Եթե ես դառնամ նախագահ, ապա կշարունակվի ամերիկյան օգնությունն ահաբեկչության եւ ծայրահեղականների դեմ պայքարում մեր վստահելի գործընկեր Հայաստանին: Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար ինքս հետամուտ կլինեմ թուրք-ադրբեջանական շրջափակումը վերացնելու համար անհրաժեշտ ուղիների որոնմանը եւ կաշխատեմ բոլոր կողմերի համար ընդունելի եւ մնայուն լուծում գտնել Լեռնային Ղարաբաղում, որը հիմնված կլինի ԱՄՆ-ի կազմավորման առաջին իսկ օրից աջակցություն վայելող ժողովրդավարության սկզբունքների ու ինքնորոշման իրավունքի վրա»:

Ապա նա միաժամանակ խոսք տվեց, որ հզորացնելու է ԱՄՆ-ի հետ Հայաստանի առեւտրական, քաղաքական, ռազմական եւ մշակութային հարաբերությունները: Սենատոր Բարաք Օբաման հայկական պնդումներին ընդառաջելու պահանջով նախագահ Ջորջ Բուշին ԱՄՆ Կոնգրեսի հղած նամակն ստորագրողներից է: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը նշեց, որ Օբամայի հաղորդագրությունը պատասխանն էր այն նամակ-հարցապնդմանը, որը գրասենյակը հասցեագրել է նախագահի բոլոր թեկնածուներին: ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հայկական թեզերի պաշտպանությամբ հանդես էր եկել ավելի շուտ»:

«Անատոլու» գործակալության հաղորդագրությունը ցույց է տալիս, որ Իլինոյսի սենատոր Բարաք Օբաման ամերիկահայությանը սոսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում չի տալիս: Նա միաժամանակ խոստանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծել՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այս լուծումը համարում է մնայուն եւ ընդունելի նաեւ ադրբեջանական կողմի համար, ընդգծելով, որ հենց այդ իրավունքով է պայմանավորվել Միացյալ Նահանգների ստեղծումը:

Սրանք կարեւոր հանգամանքներ են, հուշում են ամերիկահայերին, առավել եւս Ամերիկայի հայկական կազմակերպություններին, որ նորընտիր նախագահին խոստումների մասին հիշեցնելիս չպետք է բավարարվել ցեղասպանությունը ճանաչելու պահանջով միայն եւ զերծ մնալ հիասթափության կտրուկ արտահայտություններից: Ակնհայտ է, որ ցեղասպանություն բառը չարտասանելու համար հիասթափություն արտահայտելու դեպքում, որը հաճախ հանգում է ԱՄՆ նախագահի դատապարտմանը, հայկական կազմակերպություններն ինքնաբերաբար կզրկվեն ղարաբաղյան հիմնահարցը ինքնորոշման սկզբունքով լուծելու, մեր հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը վերացնելու, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում հզորացնելու վերաբերյալ խոստումների ընդառաջումն ապահովելու հնարավորությունից:

Ի վերջո, նախագահի որեւէ թեկնածու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումով նախքան ընտրությունները պարտավորվում է ամերիկահայության առջեւ: Սակայն նախագահ ընտրվելու դեպքում նրա խոստումը պարտավորեցնող է դառնում պաշտոնական Վաշինգտոնի համար: Նախագահի կարգավիճակով նա հարկադրված հաշվի է նստում տարածաշրջանում տիրող միջազգային իրավիճակի առանձնահատկությունների, քաղաքական զարգացումների ընթացքի եւ թուրք-ամերիկյան բազմակողմանի կապերի հետ:

Այս ամենը կաշկանդում է նորընտիր նախագահին: Այս իրավիճակում նա փոխանակ թեկնածուի կարգավիճակով տված խոստումին համապատասխան «ցեղասպանություն» բառն արտասանի, նախընտրում է անուղղակիորեն ցեղասպանություն բնութագրել 1915-ի իրադարձությունները:

Չպետք է նաեւ մոռանալ ցեղասպանության հետեւանքների վերացման մասին, որի պատասխանատվությունը որպես աշխարհի միակ լիարժեք գերտերությունը ճանաչելու դեպքում, ի տարբերություն մյուս պետությունների, կամա թե ակամա ստանձնում է ԱՄՆ-ը: Այլ կերպ, կան խնդիրներ, որոնք ԱՄՆ նախագահի միանձնյա որոշմամբ չեն լուծվում: Սա, իհարկե, չի նշանակում հրաժարվել ցեղասպանության ճանաչումից, սակայն ճանաչման մասին խոստումներն ԱՄՆ նախագահին հիշեցնելիս պետք է հիշել կաշկանդող հանգամանքների մասին եւ նրան դատապարտելու փոխարեն պայքարել, որ նա գոնե հետամուտ լինի մյուս խոստումների կատարմանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/01/23/827/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: