ՄԱԴՐԻԴՈՒՄ ԵԱՀԿ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՓՈԽԱՆՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՎԵԼՄադրիդում նոյեմբերի 29-30-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը քննարկումները քիչ ավելի բարդ էին, քան նախորդ տարի: «Ազգը» մանրամասն ներկայացրել է մադրիդյան քննարկումները, միայն նշենք, որ երեկ հրավիրած ասուլիսում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ հերթական անգամ չընդունվեց քաղաքական հայտարարություն: Մասնակիցներն ընդհանուր հայտարարի չեկան ԵԱՀԿ բարեփոխման, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորման, սպառազինությունների վերահսկման պարբերությունների շուրջը:

Օսկանյանը, ի թիվս անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի, Աֆղանստանում ԵԱՀԿ ներգրավվածության, մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի, բնապահպանության առնչությամբ որոշումների կարեւորության, ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին առնչվող մադրիդյան հանդիպումները: «Ազգն» այդ կապակցությամբ ներկայացրել է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անդրադարձները հանդիպումներին:

Դեկտեմբերի 4-5-ին նախարար Օսկանյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր` հագեցած օրակարգով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը լավ մթնոլորտում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների (ԵՍԶՈՒ պայմանագիր, Կոսովոյի հիմնահարց, ԵԱՀԿ բարեփոխումներ, ռուս-վրացական հարաբերություններ եւ դրանց ազդեցությունը Հայաստանի վրա) շուրջը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:

Մոսկվայում Օսկանյանը հանդիպել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, քննարկել կազմակերպության շրջանակներում հետագա համագործակցությունը, ինչպես նաեւ հաջորդ տարի այդ կազմակերպությունում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր:

Հայաստանում հավատարմագրված, բայց Մոսկվայում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանն էլ Օսկանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը:

Օսկանյանի խոսքերով, հատուկ շեշտադրում է արվել ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) գործունեությանը` նկատի ունենալով ՄԱԿ-ի շրջանակներում մեր տարածաշրջանի «սառեցված հակամարտությունների» առնչությամբ ընդհանրական մոտեցումներով նախաձեռնությունները:

Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում արտգործնախարարը հանդիպել է ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամներին: Ագոյի խմբի ղարաբաղյան հարցում ներգրավվածությունն էլ, ըստ Օսկանյանի, այնքանով է, որքանով խաղաղ կարգավորումը Հայաստանի պարտավորությունն է:

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ էլ քննարկվել են Նախիջեւանում մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով փաստահավաք առաքելության այցին առնչվող հարցեր, ղարաբաղյան ու նախընտրական հարցեր: Ընդ որում, այդ առաքելությունն ամենայն հավանականությամբ կարող է իրականություն դառնալ հաջորդ տարվա առաջին քառորդում: Օսկանյանի ներկայացմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ համաձայնել են իրենց տարածքում դիտարկումներին:

Ամեն դեպքում, Վարդան Օսկանյանը լավատես է ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում, եւ այն, որ վարչապետ Սերժ Սարգսյանը եւս լավատես է, միայն դրական է: Ավելին, վարչապետը տեղեկացված է բանակցությունների ընթացքից, բայց չէր կարող հայտարարել, թե արդեն իսկ Հայաստանը համաձայնություն է տվել Մադրիդում ներկայացված թարմացված առաջարկներին:

«Ցանկություն կա հնարավորինս շուտ կարգավորման սկզբունքների շուրջը համաձայնության գալու, քանի որ դրանից հետո խաղաղության պայմանագիրն է, որ շատ բարդ ու երկարատեւ աշխատանք է պահանջելու», գտնում է Օսկանյանը: Ինչ վերաբերում է նույն բանակցային գործընթացի առնչությամբ, լրագրողների ձեւակերպմամբ, նախագահ Քոչարյանի հոռետեսությանը, ապա, Օսկանյանի խոսքերով, հոռետեսը տեղեկացված լավատեսն է, եւ երեւի նախագահն այլ կերպ է նայում հարցին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/12/19/733/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv