«Ազգը» երեկվա համարում անդրադարձել է ԱՄՆ-ի հետախուզության զեկույցին իրանական միջուկային ծրագրի մասին: Հիշեցնենք, որ համաձայն այդ զեկույցի, իսլամական հանրապետությունը դեռ 2003-ին դադարեցրել էր միջուկային զենքի ստեղծման ծրագիրը: Այս զեկույցի հրապարակումը առիթ դարձավ, որ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատները պահանջեն, որ Սպիտակ տունը վերանայի իր հարաբերությունները Իրանի հետ: Թեեւ հասկանալի է, որ Ջորջ Բուշի վարչակազմը երբեք չի փոխի իր քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ, սակայն կարող ենք պնդել, որ այդ զեկույցով իրանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար նոր հնարավորություն է բացվում: Ըստ ամերիկյան մամուլի, ամերիկյան հետախուզությունն առաջին անգամ ներկայացնում է մի զեկույց, որտեղ ցույց է տրվում ստեղծված իրավիճակը եւ փորձ չի արվել զեկույցը հարմարեցնելու Սպիտակ տան ներկա վարչակազմի քաղաքական շահերին: Ժամանակին հենց նմանատիպ, Բուշի վարչակազմին ձեռնտու զեկույցի հրապարակումն էր պատճառը, որ Կոնգրեսը համաձայնություն տվեց Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուն: Հետագայում միայն պարզվեց, որ Սադդամ Հուսեյնի երկրում քիմիական եւ կենսաբանական զենքի առկայության մասին պնդումները բլեֆ էին եւ նախատեսված էին հասարակության լայն շերտերի ու կոնգրեսականների համապատասխան տրամադրությունների եւ հասարակական կարծիքի ձեւավորման համար: Ինչեւէ, ամերիկյան նոր զեկույցում հետախուզությունը հնարավորինս փորձել է օբյեկտիվ լինել, թեեւ պնդում է, որ Իրանը մնում է վտանգավոր երկիր: Անդրադարձն այս զեկույցին պայմանավորված է այն փաստով, որ թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար կարեւոր, կարելի է ասել, ռազմավարական նշանակության երկրներ են, որոնց հետ քաղաքական հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրի շահերից: Այս երկու երկրների հարաբերությունների բարելավումը նույնպես մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է, հետեւաբար կարող ենք պնդել, որ Հայաստանը տարածաշրջանի այն հազվագյուտ երկրներից է, որն ուղղակիորեն շահագրգռված է Վաշինգտոնի եւ Թեհրանի քաղաքական երկխոսությամբ եւ հարաբերությունների բարելավմամբ: Սակայն նաեւ հասկանալի է, որ այդ բարելավումն անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ում իշխում է Հանրապետական կուսակցության նոր պահպանողականների թեւի ներկա վարչակազմը Ջորջ Բուշի գլխավորությամբ:

Ի տարբերություն նրանց, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կողմ են Միջին Արեւելքում լայն երկխոսություն սկսելու գործընթացին, ինչը ոչ միայն կամրապնդի ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում, այլեւ կբարելավի հարաբերությունները Իրանի եւ Սիրիայի հետ: Հիշենք, որ անցած տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Մերձավոր Արեւելք կատարած իր այցի ժամանակ եղավ նաեւ Դամասկոսում եւ հանդիպեց այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Իսկ Բուշի վարչակազմը դեմ է թե՛ Իրանի եւ թե՛ Սիրիայի հետ հարաբերությունների բարելավմանը, այդ երկրներին մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: Հասկանալի է, որ Նենսի Փելոսիի աննախադեպ քայլը` հանդիպումը Սիրիայի նախագահի հետ, առաջացրեց Սպիտակ տան վրդովմունքը, սակայն նաեւ ցույց տվեց, որ Ջորջ Բուշի միջինարեւելյան քաղաքականությունը արժանանում է դեմոկրատների լուրջ քննադատությանը, եւ վերջիններս պատրաստ են հարաբերությունները բարելավել Սիրիայի եւ Իրանի հետ: Սպիտակ տունը ներկա իր քաղաքականության հետեւանքով ոչ միայն նեղացրել է իր հնարավորությունները տարածաշրջանում, այլեւ դարձել է մի քանի երկրների «գերին»: Օրինակ, 106-րդ բանաձեւի հետ կապված լարվածությունը, որ ստեղծվեց ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ, ցույց տվեց աշխարհի գերհզոր տերության խոցելիությունը եւ կախվածությունը Անկարայից եւ նրա քմահաճույքներից: Իսկ նման կախվածության Վաշինգտոնը հասել է իր անհեռատես, եւ Իրանի ու Սիրայի դեմ վարած քաղաքականության հետեւանքով: Հետեւաբար, տարածաշրջանի նկատմամբ արմատական կերպով քաղաքական կուրսի փոփոխության եւ այլ երկրներից կախվածության թուլացման համար Սպիտակ տանը հարկավոր է փոխել իր հարաբերությունները թե՛ Իրանի եւ թե՛ Սիրիայի հետ: Իսկ քաղաքական նոր կուրսի ձեւավորումը հնարավոր է միայն Սպիտակ տան վարչակազմի փոփոխության դեպքում: Ակնկալել, թե Բուշի վարչակազմը եւ պետքարտուղարությունը կկարողանան ճկունություն դրսեւորել եւ բարելավել հարաբերությունները Իրանի եւ Սիրիայի հետ, հետեւաբար նաեւ ընդլայնել իրենց քաղաքական հնարավորությունները տարածաշրջանում, անիմաստ է: Նման փոփոխության հնարավոր է հասնել միայն Սպիտակ տան ներկա վարչակազմի փոփոխության եւ 2008-ի նոյեմբերին նախագահական ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում: ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կառույցները պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն 2008-ին դեմոկրատ թեկնածուի հաղթանակի համար, ինչը կբերի տարածաշրջանի նկատմամբ նոր քաղաքական կուրսի ձեւավորմանը եւ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխմանը թե՛ Սիրիայի եւ թե՛ Իրանի նկատմամբ: Եվ արդեն նշեցինք, որ Հայաստանի քաղաքական շահերից է բխում ամերիկա-իրանական հարաբերությունների բարելավումը, ինչը կարող է նպաստել ոչ միայն երկկողմ կապերի ամրապնդմանը, այլեւ մեր երկրի քաղաքական ազդեցության ուժեղացմանը տարածաշրջանում:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/12/06/682/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv