Dec
4
«Իմեդիին» ջարդող կառավարությունը միջնորդո՞ւմ է վերականգնել եթերը
Վրաց իրականությունը շատ յուրօրինակություններ ունի, բայց որ որոշ առումներով մնացել է դարասկզբյան ժամանակաշրջանի որոշ հատկություններին հավատարիմ` դժվար էր պատկերացնել «վարդյա» հեղափոխությունից հետո: Ամեն դեպքում, այն, ինչ մատուցում են վրացական լրատվամիջոցները, բնավ էլ վստահության տեղ չի թողնում, թե սպասվող արտահերթ նախագահական ընտրությունները կանցնեն նույն ոգեւորությամբ եւ թափանցիկությամբ, ինչ 2004-ին, երբ Ժվանիա-Սաակաշվիլի-Բուրջանաձե եռյակը վարդյա հեղափոխությունից հետո հաղթեց ընտրություններում:
Ընտրական գործընթացներն ուղեկցվում են սոցիոլոգիական հարցումներով, որոնց ճշգրտությունն ավելի շատ կախված է պատվիրատուի ով լինելուց, քան իսկապես նախընտրական իրավիճակի ներկայացման անհրաժեշտությունից: Նույն այդ հարցումներին ծանոթանալիս ակամա հիշվում է վրաց ժողովրդի` ողջ Սովետական Միությունը տոտալ լծով «սեփականած» Իոսիֆ Ստալինի երկու հայտնի արտահայտություններից մեկը հենց ընտրությունների մասին, թե կարեւոր է ոչ թե քվեարկության ինչպիսին լինելը, այլ թե ով կհաշվի ձայները:
Նախագահական քարոզարշավի «մրցապայքարում» «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը շարունակում է գործել Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «ճամբարում»: Մասնավորապես, հունվարի 5-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվածների վարկանիշների առնչությամբ «Ռուսթավի-2»-ը ներկայացրել է «BCG» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի` իշխանական «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատվերով իրականացված հարցման արդյունքները, որոնց համաձայն, դժվար չէ գլխի ընկնել, առաջատարը Սաակաշվիլին է:
Նոյեմբերի 16-29 անցկացված հետազոտության համաձայն, ընտրությունների գնալու պատրաստ հարցվածների 54,5 տոկոսը քվեարկելու է Սաակաշվիլու օգտին, 15,5-ը` ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի: Քիչ ավելի պակաս ձայներ կարող է ստանալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին` 14,5 տոկոս:
«Քվիրիս պալիտրա» շաբաթաթերթի հարցումների համաձայն էլ, առաջատարը ընդդիմության միասնական թեկնածուն է` Լեւան Գաչեչիլաձեն, որին ներկա օրերի կտրվածքով նախընտրել է հարցման 401 մասնակիցների 39,9 տոկոսը` բալային 6,46 արտահայտությամբ: Երկրորդ տեղում Միխեիլ Սաակաշվիլին է` 6,01 բալով, երրորդ տեղում՝ «Նոր աջերի» առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն:
Միեւնույն ժամանակ, չնայած արտաքուստ թվացող իրավիճակին, վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, դեռեւս շարունակվում են բռնություններն ու ձերբակալությունները ընդդիմության համախոհների նկատմամբ, մասնավորապես Բաթումում երեկ տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում: Ընդդիմության առաջնային պահանջներից մեկը` «Իմեդի» հեռուստաընկերութան աշխատանքի վերականգնումը ներկայացնող ցուցարարներից մոտ տասին ձերբակալել են, իսկ նույն օրը ներկայումս նախագահական պարտականություններն իրականացնող Նինո Բուրջանաձեն հայտարարում է, թե վրաց կառավարությունը միջնորդում է դատախազության առջեւ նույն «Իմեդի» հեռուստաընկերության վրա դրված կալանքը հանելու առնչությամբ:
Թերեւս դժվար է հասկանալ նման տրամաբանությունը այն պարզ պատճառաբանությամբ, որ թեկուզ Վրաստանի պարագայում ոչ ոք չի կարող վստահեցնել, առավել եւս համոզել, թե իշխանական մի թեւը` գործադիրը անտեղյակ է դատական իշխանության քայլերից, ավելին, չի թելադրում դրանք: Իսկ եթե այդպես է, ուրեմն «Իմեդի» հեռուստաընկերության համար միջնորդող վրաց կառավարությունը տիպիկ վրացական քայլ է կատարում` շոուի շարունակությունը «ժողովրդավարական» արժեքների ֆոնին ավարտելու մտադրությամբ: Այլապես ինչպես հասկանալ վրաց իշխանությունների քայլերը, երբ ոստիկանությունը ջարդում է «Իմեդիի» ունեցվածքը, համապատասխան մարմինն էլ հեռուստաընկերությանը զրկում է լիցենզիայից, իսկ վրաց կառավարությունը միջնորդում եթերը վերականգնելու համար:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Source: http://www.azg.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
